Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ ծննդյան երեկոներ մեծերի համար չկան

Դեկտեմբեր 26,2012 13:25

Ամանորի օրերին երեխաները գնում են «տոնածառի», մեծերը՝ քանի որ նրանց համար հատուկ տոնական միջոցառումներ չեն կազմակերպվում, լավագույն դեպքում՝ «շնորհավորական» այցեր են կազմակերպում բար, ռեստորան կամ պարզապես այդ նպատակով փոխայցելություններ տնից տուն:

Մինչդեռ աշխարհում Ամանորը տոն է բոլորի համար՝ անկախ տարիքից: Ռուսաստանում եւ Արեւմուտքում կազմակերպվում են Սուրբ ծննդյան երեկոներ եւ այդ համերգաշարերի ընթացքում գոնե տարին մեկ անգամ համերգի ընթացքում միավորվում են մի քանի կոլեկտիվներ: Մեզանում Ամանորը կոնկրետ՝ պետական կոլեկտիվները նշում են առանձին-առանձին, լավագույն դեպքում հրավիրելով մի քանի ճանաչված երաժիշտների ու հանդես գալիս համապատասխան տոնական ծրագրով:

Այսպես՝ օրերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հանդես եկավ Չայկովսկու «Շչելկունչիկով» (գրական-երաժշտական կոմպոզիցիա), Ազգային օպերային թատրոնը «Համերգ ճեմասրահում» շարքի ամանորյա միջոցառմանը հրավիրել էր ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանին, օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանին, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցին, դուդուկահար Նորայր Քարտաշյանին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն էլ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրյալ երաժիշտներ Վահագն Հայրապետյանի եւ Արմեն Հյուսնունցի հետ իսկապես հիանալի երեկո պարգեւեց երաժշտասերներին:

«Առավոտը» դիմեց որոշ երաժշտական պետական կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին հետեւյալ հարցով. ինչո՞ւ մեզանում էլ չանցկացնել Սուրբ ծննդյան երեկոներ, որպեսզի արվեստասերը իր քաղցը բավարարելու նպատակով չկառչի հեռուստացույցից, ինչը, թերեւս, ամանորի օրերին միակ «կապող օղակն» է մշակույթի հետ:

Հայաստանի կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանն ասաց. «Սա լուրջ հարց է: Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանում էլ, քաղաքակիրթ երկրների օրինակով, անցկացվեին տոնական երեկոներ կամ, ուղիղ ասած՝ երեխաները երեխաներ, բայց մշակութային մասով հոգ տարվեր ժողովրդի համար: Մշակույթի նախարարն ու նախագահը հրավիրում են մեզ՝ մշակույթի գործիչներիս, իսկ ժողովո՞ւրդը… Կարելի է այնպես անել, որ սովորական ժողովուրդն էլ հետաքրքիր միջոցառումների մասնակից լինի: Բայց կրկնում եմ, սա լուրջ հարց է եւ անհրաժեշտ է այդ երեկոներն այնպես կազմակերպել, որ դրանք չլինեն «գալոչկայի» համար: Ճիշտն ասած, ես մի քանի անգամ երգչախմբիս հետ մի քանի հանդեսներ իրականացրել եմ, բայց… դա պետք է լինի մշակութային, լրջորեն մշակված ծրագիր»:

«Հովեր» կամերային երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը հետեւյալ կարծիքի է. «Դեկտեմբերի 29-ին «Հովերը», «Շելլ» դաշնամուրային տրիոն, Երիտասարդական նվագախումբը եւ այլ կոլեկտիվներ ու մենակատարներ հրավիրված ենք նախագահական նստավայր: Բնականաբար, բացի շնորհավորանքներից, պետք է հանդես գանք կատարումներով: Անձամբ ես ռեալ չեմ համարում հունվարի 1-ից կազմակերպել համերգներ, որովհետեւ Ամանորը ընտանեկան տոն է»:

Երեւանի կամերային երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը նշեց. «Մասնավոր այցով ԱՄՆ-ում էի: Վերադառնալուն պես, մեր մշտական հանդիսականներից տեղեկացա, որ ղեկավարածս երգչախումբը, խմբավար Լիլիթ Եդիգարյանի ղեկավարությամբ, ամանորյա հիանալի համերգ է ունեցել, ծրագրում էլ՝ հայկական, եվրոպական, ամերիկյան հեղինակների հանրաճանաչ ստեղծագործություններ: Երբ ասվում է տոնական համերգ, հանդիսատեսը եւ նույնիսկ մենք՝ պրոֆեսիոնալներս հասկանում ենք համերգ էստրադային աստղերի մասնակցությամբ: Իհարկե, առաջինը կողջունեի, որ մեզանում էլ սկիզբ դրվեր Սուրբ ծննդյան երեկոների. չէ՞ որ մենք ունենք պրոֆեսիոնալ ունկնդրի մի շերտ, որը անհամբեր սպասում է դասական արվեստի հետ շփվելուն»:

Մենակատարների անսամբլի ղեկավար Զավեն Վարդանյանը կողմնակից է Սուրբ ծննդյան երեկոների, սակայն չէր ցանկանա, որ դրանք ուղղված լինեն զուտ երեխաներին կամ մեծերին. «Չէ՞ որ Ամանորը ընդհանուր տոն է եւ ընդհանուր ուրախություն: Կցանկանայի, որ այդ միջոցառումներին ներկա լինեն թե մեծերը եւ թե փոքրերը եւ, որ ամենակարեւորն է, ծրագիրն ընտրվեր այնպես, որ հանդիսատեսն էլ մասնակից լիներ այս կամ այն երաժշտական նյութին»:

Ըստ «Տաղարան» անսամբլի ղեկավար Սեդրակ Երկանյանի. «Իհարկե, կարելի է, նույնիսկ անհրաժեշտ, որ մեզ մոտ էլ լինեն Սուրբ ծննդյան երեկոներ: Բայց դրա համար հրահանգ պետք է ստանալ «վերեւից»: Պատկերացնո՞ւմ եք, համերգաշարը ի՜նչ աշխատատար ընթացք է ու շոշափելի ֆինանսական միջոցներ պահանջող: Եվ միայն բարի ցանկությունը բավարար չէ…»

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31