Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործը կարճվել է. գիշերամիզությամբ տառապողը ազատվել է բանակից

Դեկտեմբեր 26,2012 13:21

Դեկտեմբերի 21-ին «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեց «Բժշկական ծառայության հետ կապված զորակոչիկների եւ զինծառայողների մարդու իրավունքների վիճակը» զեկույցը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստված այս զեկույցի մի հատվածն ենք կարողացել ներկայացնել, քանի որ այն ծավալուն էր:

Ըստ այս զեկույցի, տեղեկանում ենք, որ 2010-2012թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 32 զինակոչիկների ծնողներ՝ կապված առողջական խնդիրների հետ:

2012թ. կազմակերպությանը դիմած 5 զորակոչիկից 1 հոգի եւ 6 զինծառայողներից 1-ը ազատվել են զինծառայությունից:

Գրքույկի «Զորակոչի ընթացքում առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկների դեպքերի նկարագրություն» հավելվածում բազմաթիվ օրինակներ են բերված:

Գիշերամիզությամբ տառապող Ա. Խ.-ն նախազորակոչային հետազոտություն է անցել Հանրապետական հիվանդանոցում: Նա պիտանի է ճանաչվել շարային պարտադիր ծառայության համար: Մինչ այդ, Ա. Խ.-ն բուժհետազոտություն էր անցել եւ ազատվել ծառայությունից 3 տարով: Նա դիմում է ՀՀ պաշտպանության նախարարին՝ կրկնակի հետազոտության անցնելու խնդրանքով: Լրացուցիչ հետազոտության անցնելուց հետո Ա.Խ.-ն ճանաչվել է պիտանի ծառայության համար: Նա հրաժարվում է ստորագրել զորակոչելու մասին ծանուցագիրը, պահանջում է դարձյալ փորձաքննություն: Այդ ժամանակ հաստատվում է, որ նա տառապում է գիշերամիզությամբ եւ ազատվում է ծառայությունից: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործն էլ կարճվում է:

Ա. Մ.-ն տառապել է երկկողմանի քրոնիկ մեզոտիմպանիտով: Հիվանդությունը, ըստ զեկույցի, առաջացել է մանկուց՝ ձիուց վայր ընկնելու պատճառով. հարվածի հետեւանքով պատռվել էին նրա ականջների թմբկաթաղանթները:

Զորակոչվել է բանակ: Ծառայության ընթացքում վատացել է Ա. Մ.-ի լսողությունը, ականջներից էլ թարախ է հոսել:

Զինվորի ծնողները խնդրել են, որպեսզի հետազոտվի որդին: Հետազոտվել է եւ բժիշկները խորհուրդ են տվել ընդամենը… զերծ մնալ երկարատեւ ցրտից:

Զինծառայության ժամանակ, առողջական խնդիրների հետ կապված, մահացել են Նարեկ Նիկողոսյանը, Դերենիկ Մանուկյանը, Վարուժան Դավթյանը, Հակոբ Բաբուչյանը, Արթուր Ղազարյանը, Հայկ Խաչատրյանը, Արմեն Մողրովյանը, Մհեր Հակոբյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Հայկ Ղազարյանը, Գոռ Մարտիրոսյանը:

Վերջինիս մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է: Գ. Մարտիրոսյանը մահացել է այս տարվա մայիսի 8-ին:

Զինվորը հանկարծամահ էր եղել առավոտյան զինվարժության ժամանակ:

Մահացած զինծառայողի համագյուղացիները ասել էին, թե Գոռը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել դեռ դպրոցական տարիներին:

Նա ազատված է եղել ֆիզկուլտուրայի ժամերից:

Ըստ զեկույցի, Բ. Մ.-ն էլ ունեցել է 40 կգ քաշ:

Եվ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ժամանակ վերջինիս քաշը եղել է նախատեսված նվազագույն շեմից պակաս: Չնայած դրան, Բ. Մ.-ն պիտանի է ճանաչվել բանակի համար:

Առողջական խնդիրների հետ կապված՝ նա առաջին իսկ օրվանից գտնվել է զորամասի բուժկետում:

Բուժկետից տղային տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ: Այնտեղ տղայի դեմքը եղել է թարախակալած եւ վերքերով ծածկված:

Մայրն ասել է, թե իր տղայի մոտ տարօրինակություններ է նկատում, բժիշկն ասել է, թե ամեն ինչ նորմալ է:

Բ. Մ.-ն ազատվել է ծառայությունից, քանի որ նրան ուղարկել են Կանազի հոգեբուժարան…

Փաստորեն, ըստ իրավապաշտպան կառույցի, նրան խաղաղ ժամանակ զորակոչելը եղել է ոչ իրավաչափ:

Ի դեպ, այս զեկույցի հիմք դարձած դեպքերի մասին բարձրաձայնել են լրատվամիջոցները, այդ թվում՝ «Առավոտը»:

Եվ վերստին անդրադառնալով՝ նպատակ ունենք մեկ անգամ եւս համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել դրանց կանխարգելմանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31