Խարբերդի մանկատան հաշմանդամ երեխաների կյանքը միանգամայն փոխվել է ներառական դպրոց հաճախելուց հետո:
Խարբերդի թիվ 2 հանրակրթական դպրոցի աշակերտներն ամեն առավոտ դպրոցի դարպասների մոտ իրար հերթ չեն տալիս, որ հաշմանդամության սայլակով դպրոց հաճախող Տիգրանուհուն, Դավիթին, Վերոնիկային ու Լյուդային օգնեն դպրոց մտնել: Խարբերդի մանկատանն ապրող հենաշարժողական եւ մտավոր խնդիրներ ունեցող այս երեխաներն արդեն 5 ամիս է՝ ներառական կրթության ծրագրով հաճախում են հանրակրթական դպրոց: Չնայած նրան, որ Խարբերդի միջնակարգ դպրոցի շենքը հաշմանդամ երեխաների համար բոլորովին հարմարեցված չէ, կրթօջախում ցուրտ է, պատուհանները հին են, հատակը՝ մաշված, սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանն է վստահեցնում, իրենց սաները մեծ ուրախությամբ են դպրոց հաճախում ու շփվում մյուս երեխաների հետ: Մանկատան դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Իրինա Յաղուբյանի խոսքերով էլ՝ հանրակրթական դպրոց հաճախելու արդյունքում հաշմանդամ երեխաների «ինքնագնահատականը բարձրացել է, մանկատնից դուրս գալը նրանց դրական լիցքեր է տալիս, ներառական կրթությունը նպաստել է երեխաների մտավոր զարգացմանը, կողմնորոշմանը»: Տիկին Յաղուբյանը նկատել էր, թե սեպտեմբերից առ այսօր ինչպես է փոխվել նաեւ դպրոցի երեխաների եւ ուսուցչական կոլեկտիվի վերաբերմունքը. «Դպրոցի երեխաները ժամը գիտեն, կանգնում են դարպասների մոտ ու իրար հերթ չեն տալիս, թե ով պետք է օգնի, որ սայլակը ներս տանի: Դասամիջոցներին օգնում են սայլակավոր երեխաներին իջեցնել դուրս, ման տալ, մանկատան սոցիալական մանկավարժը եւ հոգեբանը մշտապես դպրոցում են եւ այդ երեխաների կողքին են, որպեսզի դասի ժամանակ նրանց հատուկ մոտեցմամբ նյութը մատուցվի:
Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր երեխա պետք է գտնվի իրենից մի փոքր ավելի բարձր մակարդակում: Եվ եթե այդպիսի երեխան գտնվում է նորմալ, զարգացած երեխաների շրջապատում, անկախ իրենից՝ ինքը ձգտում է ավելի վեր: Բացի այդ, ներառական դպրոցում ինֆորմացիան ավելի շատ է լինում»:
Մանկատան տնօրենի խոսքերով. «Տնօրենից սկսած՝ մինչեւ դպրոցի պահակը դեռեւս պատրաստ չէին սայլակավոր երեխա ընդունելու, բայց ընթացքում փոխվեց նրանց վերաբերմունքը, գյուղապետն օգնեց, որ դպրոցի ներսում եւ դրսում թեքահարթակներ տեղադրվեն: Հիմա դպրոցի երեխաների վերաբերմունքը մեր երեխաների հանդեպ հրաշալի է: Երեխաները չեն սիրում կեղծել եւ ինչ զգում են այն էլ արտահայտում են»:
Նշենք, որ վերջերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հրապարակել էր իր կատարած հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ մեր երկրում հատուկ կարիքներ ունեցող երեխաները մինչ օրս մեկուսացված են իրենց ընտանիքներից, ընկերներից եւ համայնքներից ու բնակվում են մանկատներում եւ գիշերօթիկ դպրոցներում:
ՄԱԿ-ը նաեւ փաստել էր, որ մանկատներում խնամվող հաշմանդամ յուրաքանչյուր 4 երեխայից 1-ը մանկատան տարածքից երբեք դուրս չի գալիս, յուրաքանչյուր 20 երեխայից միայն 1-ն է հաճախում հանրակրթական դպրոց, եւ այդպիսով հաշմանդամ երեխաները դուրս են մնում ընդհանուր հիմնական կրթությունից:
Այս առնչությամբ Հ. Բալասանյանը որոշ անհամաձայնություն ունի: Նրա համոզմամբ՝ այդպիսի բարդ հենաշարժողական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների պարագայում բավականին բարդ է նրանց ներառական կրթությունը կազմակերպելը, հատկապես, որ դեռեւս դպրոցներն էլ հարմարեցված չեն: Պարոն Բալասանյանն այդ դժվարություններով էլ պայմանավորում է Խարբերդի մանկատան երեխաների ցածր մասնակցությունը ներառական կրթությունում. «Մի կողմից՝ այդ երեխաները ունեն կրթություն ստանալու իրավունք, մյուս կողմից՝ իրավունք ունեն առողջական խնդիրները բարելավելու, ինչը մենք պարտավոր ենք ապահովել, իսկ այդ հաստատություններում երկուսը համատեղելը շատ բարդ գործընթաց է: Մեր երեխաների մոտ 45%-ը, բացի մտավորից, ունի նաեւ հենաշարժողական բարդագույն խնդիրներ»:
Տնօրենի խոսքերով՝ այս տարի մանկատան 5 երեխա հաճախել է Խարբերդի հանրակրթական դպրոց: Մանկատան եւս 4 երեխա, որոնք հաճախում են հատուկ դպրոց, եկող տարվա հունվարից նույնպես կհաճախեն Խարբերդի ներառական դպրոց: 20 երեխա էլ, տնօրենի հավաստմամբ, ադապտացիոն խմբի մեջ է ընդգրկվելու, որպեսզի նրանց հետ որոշակի աշխատանքներ տանելուց հետո նախապատրաստեն ներառական կրթության. «Սայլակավոր երեխաներին շատ դժվար է երկար նստել դասերին, սկզբում քիչ ժամանակով էին նստում՝ օրվա մեջ 40-45 րոպե, ապա ադապտացիոն շրջանն անցնելուց հետո երկարացրինք ժամանակը: Այդ երեխաներին ամբարձիչով ավտոմեքենան է տանում դասի ու բերում: Նրանց բոլորի մոտ էլ զուգակցված պաթոլոգիաներ են, եւ դա բարդացնում է կրթությունը կազմակերպելը: Եթե ուզում ես կրթությանն առաջնահերթություն տալ, նրա առողջական, սոցիալական, հիգիենայի խնդիրներն են տուժում»:
Ըստ պարոն Բալասանյանի՝ հաշմանդամ երեխաների՝ կրթություն չստանալու պատճառներից մեկն էլ այն է, որ հատուկ դպրոցները ֆիզիկական դժվարություններ ունեցող երեխաներին, որպես կանոն, չեն վերցնում, որովհետեւ շենքային պայմանները հարմարեցված չեն եւ համապատասխան մասնագետներ չունեն. «Բայց ես այն կարծիքին եմ, որ ցանկացած պրոցես պետք է սկսել, եւ հետագայում ավելի կկոնկրետանա այն խնդիրների շրջանակը, որոնք անհրաժեշտ են այդ պրոցեսը առաջ տանելու համար: Անհրաժեշտ է դպրոցները բերել այն վիճակին, որ նախ ուսուցիչները պատրաստ լինեն ընդունել այդ երեխաներին»:
Մասնագետների հետազոտություններից հետո պարզվել է, որ մանկատան 295 երեխաներից միայն 140-ը ներառական կրթության կարիք ունեն: Տնօրենի խոսքերով՝ հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող մասնագիտական խումբը դիմել է Արարատի մարզպետարան՝ Խարբերդի մյուս դպրոցն էլ ներառական դարձնելու խնդրանքով. «Մեկ դպրոցը պատրաստ չէ ներառականով այդքան երեխա ընդունելու, հետեւաբար անհրաժեշտություն կա երկրորդ դպրոցի»:
Իսկ մանկատան այն երեխաները, որոնց ծանր ֆիզիկական եւ մտավոր արատներ ունենալու պատճառով հակացուցված է դպրոց տանել, պարոն Բալասանյանի խոսքերով, պետք է տնային ուսուցմամբ կրթվեն. «Այս պահին տնային ուսուցման մեխանիզմը դեռեւս որոշված չէ: Դրանք այն երեխաներն են, որոնք նստել չեն կարող եւ հարյուր տոկոսանոց խնամք են պահանջում»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ