Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը գիտակցված հայտնվեց ռուսական «խաղում»

Դեկտեմբեր 26,2012 13:09

Նա անհնարին էր համարում ժողովրդով իշխանափոխություն իրականացնելը

2008թ. փետրվարյան նախագահական ընտրություններից հետո տեւական ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում Արեւմուտքին եւ ՌԴ-ին ուղղված մեսիջներ էին՝ հստակ նպատակներով եւ ակնկալիքներով: Նախ ինտենսիվ հանրահավաքները, ապա արդեն հանրահավաքային դադարները՝ տարբեր պատճառներով, մտորելու տեղիք էին տալիս: Արտաքին աշխարհը, ի հակառակ Տեր-Պետրոսյանի սպասումների, մտադրություն չուներ աջակցել հայաստանյան ընդդիմությանը: Թե ինչու՝ սա այլ քննարկման թեմա է, բայց այստեղ է, որ արժե մեկ այլ հարց բարձրացնել՝ իսկ արժե՞ր սպասել արտաքին աշխարհի աջակցությանը… Չէ՞ որ երբ երկրիդ ներսում հզոր ուժ ես, կայացած առաջնորդ ես, ապավինելով ոտքի ելած հասարակությանը՝ պետք է այնպես վարվես, որ քեզ հետ հաշվի նստեն գերտերությունները…

2008թ. մարտի սկզբին ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու L. Տեր-Պետրոսյանը «Վաշինգտոն փոստ»-ում հրապարակած հոդվածում անդրադառնալով նախընտրական շրջանում իշխանությունների կողմից ընդդիմության ներկայացուցիչներին ճնշելու, կաշառելու դեպքերին, ընտրությունների օրը ընտրողներին վախեցնելու, քվեատուփերը լցոնելու եւ այլ ընտրակեղծիքների փաստերին՝ գրել էր, որ տարակուսանք է առաջացնում Արեւմուտքի քար լռությունը: «Դրանից առավել մեզ տարակուսանք պատճառեց ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը, որը վավերացրեց Սարգսյանի հաղթանակի մասին կեղծ պնդումները: Մենք Հայաստանում փորձում ենք հասկանալ՝ որո՞նք են Քոչարյանի եւ Սարգսյանի վարչախմբի կողմից մեր ժողովրդավարության բռնաբարման նկատմամբ Արեւմուտքի նման անտարբերության արմատները»,- նշել էր Տեր-Պետրոսյանը։ Նա կարծիք էր հայտնել, որ Քոչարյանն ու Սարգսյանը չեն կարող կառավարել այստեղ այն ամենից հետո, ինչ արեցին Մարտի 1-ին, եւ հավելել էր. «Այժմ Հայաստանի ժողովուրդը Արեւմուտքից ու ԱՄՆ-ից ակնկալում է առնվազն մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների կոշտ եւ հստակ դատապարտում եւ արձանագրում, որ կառավարությունը, ոչ թե ընդդիմությունն է մեղավոր տեղի ունեցածի համար: Մենք նաեւ ակնկալում ենք ընտրությունների արդյունքների վերանայում: Եթե այս քայլերը չձեռնարկվեն, ապա հայերը երկու անցանկալի եզրակացություն կանեն. նախ՝ որ քաղաքական պայքարի խաղաղ եւ օրինական միջոցները անարդյունավետ եւ անիմաստ են, եւ երկրորդ՝ որ Արեւմուտքը հոգ է տանում ժողովրդավարության մասին միայն այն ժամանակ, երբ դա քաղաքականապես նպատակահարմար է գտնում»:

2008թ. օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո դրսեւորվեց Տեր-Պետրոսյանի՝ Արեւմուտքի եւ Կրեմլի նկատմամբ ամենահստակ դիրքորոշումը: «Ա1+»-ին տված բացառիկ հարցազրույցում օգոստոսի 20-ին Տեր-Պետրոսյանը ամրագրեց. «Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի Հանրապետությունը։ Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն, իր վճռական միջամտությամբ, հարավ-օսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից։ Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա»։

Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի արձագանք կարող էր առաջացնել այս հայտարարությունը Արեւմուտքում: Միայն մեկ փաստ արժե այս առիթով նկատի ունենալ: Անցյալ տարի նոյեմբերի 21-ին ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անդրադառնալով 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմին՝ ուշագրավ խոստովանություն էր արել, որն այսօր արժե հիշատակել: «Եթե ՌԴ-ն 2008թ. Կովկասում վճռական գործողությունների չդիմեր, դա կհանգեցներ ՆԱՏՕ-ի սահմանների էական ընդլայնման: Եթե մենք 2008թ. անվճռական լինեինք, ապա այժմ աշխարհաքաղաքական այլ դասավորվածություն կլիներ, եւ մի շարք երկրներ, որոնց արհեստականորեն ուզում էին ներքաշել Հյուսիսատլանտյան դաշինք, ամենայն հավանականությամբ, արդեն այնտեղ կլինեին»,- ասել էր Մեդվեդեւը՝ հավելելով, որ ՌԴ-ն անհանգստացած է իր սահմանների մոտ ռազմական բլոկի առկայությունից, որը «որոշակի անհարմարություններ է ստեղծում»։

2008-ի աշնանից Տեր-Պետրոսյանը հանդես էր գալիս Արեւմուտքի նկատմամբ ընդգծված դիրքորոշմամբ, ավելին՝ Սերժ Սարգսյանին նա ներկայացնում էր որպես ՌԴ-ից երես թեքած ու Արեւմուտքի գիրկը նետված նախագահ։ 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում նա նշել էր. «Երես թեքելով ՌԴ-ից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ ԼՂ հակամարտության միակողմանի կարգավորումը։ Նման եզրակացության հիմք է տալիս այն իրողությունը, որ Արեւմուտքն, ակնհայտորեն, ջանում է ՌԴ-ն դուրս մղել ԼՂ կարգավորման գործընթացից։ … Սերժ Սարգսյանը գիտակցո՞ւմ է արդյոք Արեւմուտքի գիրկը նետվելու եւ ԼՂ-ի հարցի լուծման մենաշնորհը նրան վերապահելու վտանգավորությունը, որը վերջի- վերջո կարող է հանգեցնել ազգային աղետի։ Անտարակույս՝ ո՛չ…»։

Այս շրջանում ՀՀ առաջին նախագահը կարծում էր, որ իր հաշիվների մեջ խճճված Ս. Սարգսյանը գլուխ չի հանելու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից. «Եթե նրան թվում է, թե Արեւմուտքին հաճոյանալով եւ լուրջ զիջումների գնալու պատրաստակամության ցուցադրությամբ կարող է ժամանակ շահել եւ այս անգամ էլ խուսափել ԼՂ-ի հարցի կարգավորումից, իսկ հետագայում նաեւ ինչ-որ կերպ լեզու գտնել ՌԴ-ի հետ, ուրեմն նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում»։

2009թ. մայիսի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադառնալով «տխուր» արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նկատեց նաեւ, որ գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ «Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով որոշ հող են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաեւ դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Բարաք Օբաման իդեալիստ է՝ բառիս ամենադրական իմաստով։ Իսկ հայտնի է, որ թեեւ աշխարհը սովորաբար կառավարում են պրագմատիկներն ու ցինիկները, բայց քաղաքակրթությունն առաջ են մղում ժամանակ առ ժամանակ հայտնվող իդեալիստները։ Ընդ որում, իդեալիստ ասելով՝ ես ամենեւին նկատի չունեմ իդեոլոգներին, այլ բարոյականության, ազնվության եւ արդարության հարցերում կայուն սկզբունքներ ունեցող հազվագյուտ պետական անձանց»։

2010թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահը դարձյալ համոզված էր, որ Ս. Սարգսյանը սպառել է Արեւմուտքից հերթական աջակցությունն ստանալու լիմիտը եւ նրանից մեղքերի թողության նոր թուղթ՝ «ինդուլգենցիա» այլեւս չի ստանա։ «Հայտնի է, որ Արեւմուտքը դեռ նախընտրական շրջանում, առավել եւս՝ ընտրությունների ընթացքում ու դրանից հետո, ըստ էության, աչք փակեց վարչախմբի կողմից իրականացված ամեն տեսակ օրինախախտումների, մարդու իրավունքների ոտնահարումների, բռնությունների, ընդհուպ ՝ խաղաղ ցուցարարների մարտիմեկյան սպանդի ու քաղբանտարկյալների վրա»,- դարձյալ փաստել էր Տեր-Պետրոսյանը:

2011-ի աշնանը ՀՀ առաջին նախագահը հանդես եկավ «քաղաքագիտական վերլուծությամբ», որի հիմքում ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Ս. Սարգսյանի իշխանությունը «կազմաքանդելու» նպատակն էր: ՀԱԿ-ի «բարեկամ», ՌԴ իշխանություններ-ՀԱԿ կապող օղակ համարվող Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի՝ մերթընդմերթ հրապարակ նետվող հարցազրույցներով՝ ընդդիմությանն ուղղված ցուցումներով եւ ի ցույց դնելով ռուսական «խաղում» գիտակցված հայտնվելը, մյուս կողմից նաեւ ակնհայտ էր դառնում, որ Տեր-Պետրոսյանը անհնարին է համարում ժողովրդով իշխանափոխություն իրականացնելը, եւ ՀԱԿ-ի ակնկալիքները բացառապես Մոսկվայից են։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Հոդվածս գրեթե ավարտուն տեսքի էր բերված, երբ երեկ հայտնի դարձավ, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում։ Որեւէ մեկը միամիտ չէ, որ հավատա, թե նրա չառաջադրվելու համար տարիքային գործոնն է ամենածանրակշիռ պատճառը: Գագիկ Ծառուկյանից հետո փաստացի եւս մի քաղաքական ուժի առաջնորդ հայտնեց, որ չի մասնակցելու ընտրապայքարին։ Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն չի խոսում ԲՀԿ-ի հետ համագործակցության մարտավարության «արդյունքների» եւ առհասարակ՝ «քաղաքագիտական վերլուծության» ձախողման պատճառների մասին: Գուցե դրա մասին չխոսելու պատճառն այն է, որ Տեր-Պետրոսյանը գիտակցե՞լ է «քաղաքագիտական վերլուծության» ձախողումը եւ իր սխալ հաշվարկը՝ Գ. Ծառուկյանի վրա հույս դնելու առումով… Ինչեւէ… Սակայն կարծել, թե Տեր-Պետրոսյանը երբեւէ կխոստովանի իր սխալը, իհարկե, նույնպես միամտություն է:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31