Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը ժամանակացույցն է

Դեկտեմբեր 26,2012 12:59

Դեկտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, ՀԱԿ-ի քաղխորհուրդը նիստում քննարկեց ստեղծված իրավիճակը: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է՝ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, եւ այսպիսով Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Այսինքն՝ տեղի ունեցավ դրական մի երեւույթ (ենթադրաբար, ՀԱԿ-ի իմաստուն մարտավարության շնորհիվ), մահացու հարված հասցվեց ռեժիմին, որից հետո մնում էր մի հատ փչել, եւ ռեժիմը կընկներ: Դրան հաջորդած 10 օրերի ընթացքում ՀԱԿ-ի գործիչները բազմիցս վստահություն են հայտնել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի եւ կիրականացնի իշխանափոխություն: Ավելին` դեռեւս շաբաթ օրը՝ ՀՀՇ համագումարից հետո, այդ կուսակցության ղեկավարը լրագրողներին ասաց, թե հակված է մտածել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Իսկ ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ավելի կտրուկ էր. «Եթե դուք Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից հետո էլ գլխի չեք ընկել՝ Տեր Պետրոսյանն առաջադրվելու է, թե ոչ, վատ է: Կասկած չունեմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի» (yerkir.am): Վերը թվարկած մարդիկ չեն պատկանում «ներ-ՀԱԿ-ական այլախոհների», «դավաճանների» եւ, այսպես ասած, «գծից դուրս» գտնվողների շարքին: Նրանք առաջին նախագահի մոտիկ շրջապատից են, նրա հավատարիմ զինակիցները: Բայց նրանց էլ Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր պահել իր ծրագրերի մասին եւ առանձնապես մտահոգված չէր, թե որքանով ծանրակշիռ կլինեն այդ գործիչների կանխատեսումները:

Հետեւաբար, վիճահարույցը ոչ թե չառաջադրվելն էր՝ դա իսկապես ճիշտ եւ ազնիվ որոշում էր: Վիճահարույցը timeing-ն էր, ժամանակացույցը եւ դրան նախորդած խորհրդավոր լռությունը: Իմ ընկալմամբ՝ Կոնգրեսի, նրա լիդերների, նրա ակտիվիստների, համակիրների համար շատ ավելի օգտակար կլիներ այս տարվա սեպտեմբերի 1-ին հավաքել այդ նույն զինակիցներին եւ ասել. «Սիրելի ընկերներ, 2013 թվականի հունվարի 9-ին ես դառնում եմ 68 տարեկան, այդ տարիքում հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ նույն եռանդով, ինչ 45-60 տարեկանում: Ես առաջարկում եմ ձեզ՝ գնալ շրջաններ, հանդիպել ժողովրդի եւ ՀԱԿ-ի կողմնակիցների հետ ու տեսնել՝ ձեր 7 հոգուց ով կարող է կայանալ որպես ընդդիմության առաջնորդ, որից հետո էլ ես նույն հարցով կասեմ իմ կարծիքը»: Այդպիսով ընդդիմությունը կլիներ ավելի կենսունակ, քան այսօր: Փոխարենը ընտրվեց ԲՀԿ-ի հետ գաղտնի բանակցությունների եւ «գորգի տակ» իրար կծելու ճանապարհը:

Հիմա էլ ուշ չէ: ՀԱԿ-ը պետք է կամ սատարի Բագրատյանին, կամ առաջ քաշի որեւէ այլ թեկնածու: Եվ առաջին նախագահն էլ իր հեղինակությամբ պետք է պաշտպանի այդ մարդուն: Որպեսզի Կոնգրեսի երիտասարդ կողմնակիցները քվեաթերթիկներում «Տեր-Պետրոսյան» չգրեն: Պետք չէ անվավեր քվեաթերթիկներով հեշտացնել իշխանությունների գործը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31