«Ես ուզում եմ, ես վստահ եմ, որ այս ընտրությունները մեր նորագույն պատմության մեջ լինելու են ամենալավը»,- այսօր «Ջազզվե» սրճարանում լրագրողների հետ անկաշկանդ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության ՀՀԿ-ական նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով, առաջիկա նախագահական ընտրություններն արդեն իսկ քննարկվում են հանրության շրջանում, մասնավորաբար այն տեսանկյունով, որ դրանք լինելու են առանց լուրջ մրցակցության: Նախարար Թովմասյանը բերեց Էյդենհաուերի եւ Ռուզվելտի օրինակները, ովքեր նույնպես ստանձնել են երկրի կառավարումն` առանց մրցակիցների: Ռուզվելտի պարագայում նշեց, որ անգամ քարոզարշավ չի իրականացվել: Aravot.am-ի հարցին ի պատասխան հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանը քարոզարշավ կիրականացնի:
Անդրադառնալով ԲՀԿ նախագահի եւ ՀԱԿ առաջնորդի` ընտրություններին որեւէ կերպ չմասնակցելու որոշումներին էլ արդարադատության նախարարն ասաց, որ նախագահական ընտրությունները խորհրդարանական ընտրություններ չեն եւ քաղաքական ուժերը, գնահատելով իրենց հնարավորությունները, հասկացել են, որ այս ընտրություններում չեն կարող հավակնություններ ունենալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ