Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ թողնում է տխուր ժառանգություն

Դեկտեմբեր 26,2012 12:42

Մեր զրուցակիցը քաղաքագետ   ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑՆ  է

-Նախագահական ընտրություններին չմասնակցելու Տեր-Պետրոսյանի որոշումից հետո նախընտրական խճանկարում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։
-Տվյալ դեպքում ցավով պետք է արձանագրեմ. այն, ինչի մասին ասում էի դեռ մեկուկես տարի առաջ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու նախագահի թեկնածու, դարձավ իրականություն։ Իհարկե, սա՛ չէր այս ընտրարշավի գլխավոր ինտրիգը՝ մինչ այդ եղավ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը թեկնածու չառաջադրվելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու վերաբերյալ։
Այսպես թե այնպես, կարելի է փաստել, որ նախընտրական գործընթացը շատ կանխատեսելի փուլ է մտնում. որեւէ բանական մարդ՝ լուրջ քաղաքական գործիչ կամ քաղաքացի, չի կասկածում, որ փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը կստանա երկրորդ մանդատը հնգամյա պաշտոնավարման համար։
-Քաղաքական գործընթացի, մրցակցության տեսանկյունից լա՞վ է, թե՞ վատ, որ գործող նախագահն ընդգծված հակառակորդ չունի։
-Մի կողմից վատ է, որ ընտրարշավում մրցակցային տարր չենք տեսնելու. դա կարող է նպաստել քաղաքական համակարգի ճահճացմանը։
Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում այս անգամ հենվել ոչ թե օլիգարխիկ համակարգի, այլ հասարակության վրա, որովհետեւ եթե չկա մրցակցային բաղադրիչ, վարչական ռեսուրսի օգտագործման, փողի գործոնը մղվում է երկրորդ պլան։
Գուցե այս հանգամանքը կօգնի, որ գործող նախագահը մյուս հինգ տարիներին գնա համակարգային լուրջ փոփոխությունների։ Այսօր իշխանությունը, ընդհանրապես հասարակությունը կանգնած է հստակ երկընտրանքի առաջ. կա՛մ մրցակցության պակասը կբերի ճահճացման, կա՛մ կազատի նախագահի ձեռքերը՝ գնալու ավելի խորքային բարեփոխումների։
-Տեր-Պետրոսյանն իր որոշումը հիմնավորել է տարիքային բարձր ցենզով. իբր իրեն հարգող որեւէ քաղաքական գործիչ 68 տարեկանում չի մտածում նախագահ ընտրվելու մասին։ Այս հիմնավորումը համոզի՞չ է։
-Վերջերս կատակի ժանրը պարոն Տեր-Պետրոսյանի մոտ բավական լավ է ստացվում։ ՀՀՇ համագումարում նա խոսեց ուժային կենտրոններին դիմելու, հիմա՝ տարիքի մասին։
Իհարկե, տարիքը գործոն է քաղաքական կյանքում, այսինքն՝ այնպես չէ, թե բոլորովին դեր չի խաղում մարդու քաղաքական գործունեության վրա, բայց 68-ը չի կարելի թոշակային տարիք համարել քաղաքական գործչի համար։ Օրինակ, Սիլվիո Բեռլուսկոնին մոտենում է 80 տարեկանին, բայց այսօր էլ հավակնում է Իտալիայի վարչապետի պաշտոնին։
Ամեն դեպքում, չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանի չառաջադրման գլխավոր պատճառը տարիքն է. հիմնական պատճառը քաղաքական մաշվածությունն է՝ տարիների ընթացքում նա կորցրեց վստահության ռեսուրսը, կորցրեց ՀԱԿ-ի շատ երեւելի ներկայացուցիչների, եւ ըստ էության, կանգնեցինք մի իրավիճակի առջեւ, որ արմատապես տարբեր է 2007թ. իրավիճակից։ Առաջին նախագահը ըստ երեւույթին չցանկացավ դառնալ ընտրական գործընթացի շարքային մասնակից։
Այս առումով Տեր-Պետրոսյանի որոշումը ողջունում եմ, մյուս կողմից՝ ցավալի է, որ երկրորդ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը «վաստակած հանգստի» է գնում՝ իրենից հետո շատ տխուր ժառանգություն թողնելով։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ 1998թ., երբ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ թողնելով շատ տխուր իշխանական համակարգ, հիմա, ըստ էության, հրաժեշտ է տալիս քաղաքականությանը՝ ժառանգություն թողնելով շատ տխուր ընդդիմադիր համակարգ։
-Այսքանից հետո ի՞նչ ճակատագիր է սպասում ՀԱԿ-ին. համաձա՞յն եք, որ սա ՀԱԿ-ի վերջնական ֆիասկոյի սկիզբն է։
-Ցավոք սրտի, ՀԱԿ-ի կործանման սկիզբը ազդարարեց պարոն Տեր-Պետրոսյանը, ընդ որում՝ գերադասեց դա անել ոչ թե ՀՀՇ համագումարում, այլ թերթերից մեկին տված հարցազրույցում։ Իրականացավ այն, ինչի մասին զգուշացնում էինք ե՛ւ ես, ե՛ւ Արամ Սարգսյանը, ե՛ւ մյուսները. ՀԱԿ-ի կոնսոլիդացիան ապահովում էր մեկ մարդ՝ դա Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, եւ ենթադրելի է, որ կոնսոլիդացնող այդ մեկ մարդու բացակայության պայմաններում ՀԱԿ-ին, եթե չասեմ սպառնում է ամբողջական քայքայում, գոնե նոր խոշոր տրոհում անպայման սպասում է։
-Հրանտ Բագրատյանի առաջադրվելն այդ առումով ոչինչ չի՞ փոխում։ Նախկին վարչապետի շուրջ ընդդիմադիր ուժերի ամբողջական կամ մասնակի համախմբման հնարավորություն չե՞ք տեսնում։
-Հրանտի առաջադրման համար շատ ուրախ եմ։ Նա ազատական հայացքներ ունեցող գործիչ է, իսկ այս ընտրական գործընթացում ազատական դաշտը ներկայացնող գործչի առաջադրումը խիստ անհրաժեշտ էր եւ է։ Ցավոք, չեմ կարծում, թե Հրանտ Բագրատյանը կարող է ամբողջովին կոնսոլիդացնել ՀԱԿ-ը ու նրա ընտրազանգվածը, որովհետեւ, կրկնում եմ, ՀԱԿ-ը անձնակենտրոն կառույց էր, եւ որեւէ մեկը, բացի Լ.Տեր-Պետրոսյանից, լինի Հ.Բագրատյանը կամ որեւէ այլ գործիչ, չի կարող փոխարինել նրան այդ դերում։
Այդուհանդերձ Հրանտ Բագրատյանը բացառիկ շանս ունի իր շուրջ համախմբելու ՀԱԿ-ում եւ ՀԱԿ-ից դուրս գտնվող ընդդիմադիր ազատական ուժերին։ Այս առումով Բագրատյանի հայտը կարող է աշխատել։ Իհարկե, ընտրություններում հաղթելու ռեսուրսներ չունի, բայց նրա առաջադրումը կարող է նախադրյալներ ստեղծել Հայաստանի նոր ընդդիմության ձեւավորման՝ ազատական ուժերի համախմբման համար։
-Այս տեսակետից որքանո՞վ է արդարացված Արամ Սարգսյանի որոշումը՝ որեւէ կերպ չմասնակցելու նախագահական ընտրություններին. այս պարագայում ավելի ճիշտ չէ՞ր լինի աջակցել նույն Բագրատյանին։
-Չեմ կարծում, թե Արամ Սարգսյանը վերջնական եւ անբեկանելի որոշում է կայացրել։ Եթե Հ.Բագրատյանը ներկայացնի նախընտրական ծրագիր, որը իսկապես համահունչ լինի «Հանրապետություն» կուսակցության ծրագրերին, հազիվ թե Ա.Սարգսյանը ձեռնպահ մնա սատարումից կամ գոնե բարոյական աջակցությունից, առավել եւս, որ նույն Ա.Սարգսյանն իր առջեւ խնդիր է դրել միավորելու Հայաստանում գործող ազատական ուժերին։ Եթե Բագրատյանի առաջադրումը ազդակ դառնա միավորման գործընթացի համար, թե՛ Ա.Սարգսյանը, թե՛ մյուսները կարող են այդ գաղափարի շուրջ համախմբվել։
-Րաֆֆի Հովհաննիսյանի «քաղաքացիական հա՞յտը» ինչպես եք գնահատում. նա կարո՞ղ է հավակնել քաղաքացիական հասարակության ընդդիմադիր հատվածի աջակցությանը։
-Պետք է անկեղծ լինեմ. ինձ համար Հ.Բագրատյանի թեկնածությունը շատ ավելի հետաքրիր է, քան Րաֆֆի Հովհաննիսյաննը։ Օրինակ, ես հստակ հասկանում եմ, թե ինչ է ասում կամ ինչ է ուզում Հ.Բագրատյանը. թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական հարթություններում նա հստակ շարադրում է իր մոտեցումները, անկախ նրանից՝ հասարակության մի մասի համար դա ընկալելի՞ է, թե՞ ոչ։
Ր.Հովհաննիսյանի պարագայում ամեն ինչ խիստ կանխատեսելի է, եւ, ըստ էության, նրա առաջադրումով որեւէ նոր քաղաքական պրոյեկտի սկիզբ չի դրվում։ Իհարկե, նա ունի որոշակի ընտրազանգված եւ, ամենայն հավանականությամբ, Դաշնակցության որոշումից կախված, հիմնականում կարող է ստանալ հասարակության ազգայնական շերտերի աջակցությունը։ Այդուհանդերձ, չեմ պատկերացնում, թե պարոն Հովհաննիսյանը կարող է դառնալ լիբերալ ուժերի թեկնածու կամ ազատական դաշտը կոնսոլիդացնող գործոն։
Այս առումով, ինտրիգը, եթե կարելի է այդպես ասել, որովհետեւ, ըստ էության, ինտրիգ չկա, ավելի շուտ կապված է պարոն Բագրատյանի, քան Ր.Հովհաննիսյանի առաջադրման հետ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31