Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի՞թե իրավիճակը պակաս ֆորսմաժորային է այսօր, երբ ամեն տարի երկրից արտագաղթում է բնակչության 3-4 տոկոսը

Դեկտեմբեր 26,2012 12:34

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, ապա միակ վիճելի «կետը» թերեւս նրա արտահայտած այն միտքն է, որ Հայաստանում այսօր իրադրությունն արտակարգ չէ, ոչ քաոսային վիճակ է, ոչ էլ կառավարելիության պակաս կա, հակառակը՝ իրավիճակը գերկառավարելի է, եւ ամեն ինչ կենտրոնացած է «իշխանությունը գավթած մի բուռ հանցագործների ձեռքում»։ Կարծում ենք՝ հենց այս բավականին վիճելի դրույթն էլ պիտի քաղաքական դաշտի քննարկման թիվ մեկ խնդիրը դառնա։ Եվ խոսքը միայն այն մասին չէ, որ եթե ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը գավթած մի բուռ հանցագործների ձեռքում, ուրեմն իրավիճակն արդե՛ն ֆորսմաժորային է։

Այո, դասական իմաստով՝ Հայաստանում իրավիճակը ֆորսմաժորային էր 1990-92 թվականներին, երբ Խորհրդային Միությունը փլուզվել էր, բոլոր ենթակաոուցվածքները միանգամից կաթվածահար էին եղել, երկրում լիակատար անիշխանություն էր՝ իշխանական կառույցները չէին գործում, փողոցներում թրեւ էին գալիս զինված բանդաները, Հայաստանն էլ ստիպված մտել էր պատերազմի մեջ՝ չունենալով ոչ զենք-զինամթերք, ոչ կանոնավոր բանակ։ Բայց մի՞թե իրավիճակը պակաս ֆորսմաժորային է այսօր, երբ ամեն տարի երկրից արտագաղթում է բնակչության 3-4 տոկոսը, եւ երբ Ադրբեջանի տնտեսական ու ռազմական պոտենցիալը Հայաստանի համեմատ աճում է ահագնացող տեմպերով։ Վերջին հաշվով՝ ի՞նչ տեղի կունենար, եթե 1991-92 թվականներին նույն Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին չհաջողվեր հաղթահարել քաոսն ու կառավարելի դարձնել իրավիճակը։ «Առանձնապես ոչինչ», երկրի անկախությունը կվտանգվեր, Ղարաբաղն էլ կկորցնեինք։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանում այսօր տեղի ունեցող պրոցեսները շարունակվեն եւս 5–-10 տարի։ Մոտավորապես նույնը, երկիրը կդատարկվի վերջնականապես, Հայաստանը որպես անկախ պետություն կվերանա, Ղարաբաղն էլ կկորցնենք։ Եթե նկատեցիք՝ տարբերությունն ընդամենը ժամկետների մեջ է, բայց դրանից առանձնապես ոչինչ չի փոխվում՝ իրավիճակը նույն ֆորսմաժորայինն է։ Այլ հարց է, որ հասարակության մեծամասնության համար դա կարող է պակաս տեսանելի լինել (1991-92-ին ամեն ինչ շատ ավելի ակնհայտ էր), բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կտրուկ փոփոխությունների պահանջարկ չկա։

Այս ամենն ասում ենք՝ ամենեւին էլ ոչ հիմնավորելու համար, թե «Լեւոն Տեր– Պետրոսյանը լավ չարեց, որ հեռացավ»։ Նա իր որոշումը կայացրել է, եւ այդ որոշումն արժանի է հարգանքի։ Պարզապես խնդիրն այն է, որ նրա հեռանալով Հայաստանի վիճակը չի փոխվում, իրավիճակը շարունակում է մնալ ֆորսմաժորային, եւ բոլոր պրոբլեմները գնալով միայն ավելի են խորանում։ Ընդ որում, դրանց ավելանում է եւս մեկը՝ ժամանակ է պետք, որպեսզի քաղաքական դաշտում հայտնվի Լեւոն Տեր-Պետրոսյանի մակարդակի նոր լիդեր, իսկ այդ ժամանակը չկա։ Հայաստանը հազիվ թե կարողանա առանց մեծ կորուստների դուրս գալ այս իշխանությունների ղեկավարման եւս մի հնգամյակի տակից։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31