Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վատ բան է ուժեղ ընդդիմության չգոյությունը հատկապես իշխանության համար

Դեկտեմբեր 26,2012 12:29

ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրեց իր թեկնածությունը որպես նախագահի թեկնածու:

Այդ որոշումը անսպասելի չէր, եթե նկատի ունենանք քաղաքական գործիչ Տեր-Պետրոսյանի պրագմատիզմը: Մարդը արդեն 25 տարի քաղաքական դաշտում է եւ ոչ ածանցյալ դերում: Եվ ինչպես ինքն ասաց, 68 տարեկանում նորից ինչ-որ պայքարի մեջ մտնելը ճիշտ չէ:

Նրա ելույթն էլ կառուցված էր նույն տրամաբանությամբ եւ տեսականորեն փաստում էր ընդամենը, որ անկախ երկրի համար ինքնուրույնությունը լավ բան է:

Մեր խնդիրը չէ Լ.Տեր-Պետրոսյանի անձի եւ դերի մասին դատողություններ անելը. դրանով, հավանաբար կզբաղվեն պատմաբանները, բայց հստակ է, որ Հայաստանի առաջին նախագահը փաստորեն հեռացավ քաղաքականությունից:

Մինչեւ համագումարը ընդդիմությունը կամ լռելյայն, կամ աղմուկով սպասում էր ՀԱԿ առաջնորդի վերջնական որոշմանը, քանի որ ի դեմս նրա իրավամբ տեսնում էր որոշակի հեղինակություն վայելող անձի, որը ի զորու է համախմբել ընդդիմադիր նոսրացող դաշտը: Բայց այդպես չեղավ:

Խոստովանենք, սակայն, որ Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո ներքաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը ինչ-որ առումով ամայացավ: Առաջին նախագահի քաղաքական կշիռը չունեն ոչ Լ.Զուրաբյանը, ոչ Հ.Բագրատյանը, ոչ Ն.Փաշինյանը, եւ նրանց դժվար թե հաջողվի կազմակերպել լուրջ ընդդիմադիր կառույց:

Ի դեպ, իր վերջին հարցազրույցում Տեր-Պետրոսյանն ասել է. «Վստահ եմ` որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաեւ, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաեւ իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով, իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական դաշտը, ինչի հետեւանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում»:

Այսինքն՝ ՀԱԿ առաջնորդն ինքն էլ ընդունում է, որ այսօր ընդդիմությունը չունի քաղաքական համապատասխան վարկ ունեցող լիդեր: Սա իրականություն է:

Ստեղծված իրավիճակում այլեւս կարեւորությամբ աչքի չեն ընկնում հատուկենտ «առաջադրումներն» ու ինքնակարեւորումները: Բայց ակնհայտ է, որ մեծանում է իշխող կուսակցության պատասխանատվությունը: Քաղաքական դաշտի գոյության պայմանը քաղաքական պայքարն է, հայացքների եւ դիրքորոշումների պաշտպանությունը: Հայաստանի ներքաղաքական կյանքում հիմա դժվար է տեսնել հասարակությանը կողմնորոշող մի ուղեցույց: Հենց այս հանգամանքն է անձերի հարցը դարձնում երկրորդական ու անկարեւոր:

Ոչ հեռավոր անցյալում ընդդիմադիր կեցվածքով «կռվող կողմ» կարող էր դառնալ ԲՀԿ-ն` Գ.Ծառուկյանի գլխավորությամբ, բայց ԲՀԿ առաջնորդը այդ պատասխանատվությունից խուսափեց` ասպարեզը թողնելով «արմատականներին»:
Լ.Տեր-Պետրոսյանի փաստացի հրաժարականից հետո ընդդիմությունը դարձավ բազմակենտրոն զանգված, որը դեռեւս դեգերումների մեջ է: Բագրատյանի եւ այլոց առաջադրումները պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Հայաստանի ներքաղաքական կյանքում ավարտվեց մի փուլ, որ կարելի է անվանել ՀՀՇ-ակենտրոն ընդդիմություն:

Ստեղծված վիճակը վտանգավոր է նաեւ իշխանությունների համար, որովհետեւ ներքաղաքական պայքարի սլաքը կամա-ակամա ուղղվում է դեպի ներս: Մեզանում առանց թշնամու չեն կարող ու եթե «թշնամին» ինքնակամ հեռանում է, ապա պետք է գտնել նորին։ Իսկ եթե արժանի թշնամիներ ընդդիմադիր ճամբարում չեն դիտարկվում, ապա դրանց ստիպված ես փնտրել սեփական շարքերում։
Վատ բան է ուժեղ ընդդիմության չգոյությունը հատկապես իշխանության համար:

Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31