Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շոթա Վարդանյանի խիղճը հանգիստ է

Դեկտեմբեր 26,2012 12:23

Երեկ իր պաշտոնից ազատման դիմում է գրել Հայաստանի գլխավոր դատաբժիշկ, դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը, որը 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում արյան լճակի մեջ հայտնաբերված մարդու ծնոտն անվանել էր «խոճկորի ծնոտ»։

Ավելին, պնդել էր, որ այդ օրը տասնյակ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ինչը հետո հերքվել էր։

Վարդանյանի ղեկավարած կառույցը մռայլ համբավ ունի։ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնն իր սեւ գործն արել է ոչ միայն մարտյան դեպքերն իշխանություններին ձեռնտու «փորձաքննության» ենթարկելու, այլեւ մի քանի զինվորների սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու, այդ վարկածը հիմնավորելու առումով։ Խայտառակ գնահատական են ստացել հատկապես Արտակ Նազարյանի, Տիգրան Օհանջանյանի, Արթուր Ղազարյանի սպանության վերաբերյալ եզրակացությունները։ Միայն Նազարյանի դեպքն օրինակ բերելով՝ նշենք, որ Վարդանյանի ենթակաների եզրակացությունները ոչ միայն չեն հստակեցրել կատարվածը, այլեւ ավելի են խճճել, ինչը վերծանել չեն կարողանում դատարան հրավիրված նույն փորձագետները՝ հերքելով իրենք իրենց։ Երեկ Շոթա Վարդանյանին մի քանի հարց ուղղեցինք։

 

Պարոն Վարդանյան, մարտյան դեպքերի ժամանակ հայտնաբերված ծնոտը մինչեւ հիմա էլ համարում եք խոճկորի՞, թե մարդու։

– Ես էդ ժամանակ էստեղ չեմ եղել, Չեխիայում եղել եմ դասախոսությունների։ Ես հրապարակել եմ այն, ինչ արդեն կատարված էր։

Զղջու՞մ եք, որ այդպիսի բան եք ասել։

– Բայց դուք տեղյա՞կ եք էդ գործից։ Կա՞ այդպիսի մարդ տուժածների մեջ, որի ծնոտի մեծ հատվածը կոտրված է, բացակայում է, այն էլ վերին ծնոտը։

Հնարավո՞ր է, որ գիտական աշխատանք գրեք հենց մարդու եւ խոճկորի ծնոտների ընդհանրության մասին։

– Կարող եմ հրապարակել այդ եզրակացությունը, որի կազմմանը

հանրապետության բոլոր ստոմատոլոգներն ու անասնաբույժները

մասնակցել են, եւ դուք կտեսնեք, որ հիմքն ունեմ։ Ես նորից եմ կրկնում՝ հնչեցրել եմ այն, ինչ եզրակացությունում էր։ Մարդու եւ խոճկորի նմանություն չկա, սիրելիս։

Ասում եք, որ հոգնել եք։ Իշխանությունները հրաժարվեցի՞ն ձեր հանգստի մասին հոգալ։

– Ես հանգիստ եմ, ինձ ինչ ա եղել։ Եթե իշխանությունները կարողանան մարդուն երիտասարդացնել՝ դա ուրիշ բան։ Ես արդեն 67 տարեկան եմ։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ պրովոկացիոն հարցեր եք տալիս։ Ես եղել եմ գիտնական,

մնում եմ գիտնական, կշարունակեմ գիտնական աշխատել։

– Հիմա ձեր խիղճը հանգի՞ստ է:

– Այո։ Ես որեւէ հրահանգ չեմ կատարել իշխանությունների կողմից, իշխանություններն էլ, լավ իմանալով իմ բնավորությունը, ինձ հրահանգներ չեն տվել։

Անգա՛մ մարտի 1-ի գործով։

– Անգամ մարտի 1-ի գործով։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31