Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

« Նախագահական ընտրությունների ինտրիգը տեղափոխվել է այլ հարթակ»

Դեկտեմբեր 26,2012 12:14

2012-ը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, ձգձգվող կոնֆլիկտների տարի էր: «Թվում էր՝ ԲՀԿ-ՀԱԿ-Դաշնակցություն- «Ժառանգություն» կուսակցությունների գործունեությունը ԱԺ-ում քանակական կազմով պետք է ստեղծեր վտանգավոր հավասարակշռություն իշխանության համար, բայց Սերժ

Սարգսյանի իշխանությունը, իշխող կուսակցությունը որեւէ մեթոդի դեմ կանգ չառան ՝թուլացնելու ընդդիմությունը եւ վանելու ՀՀԿ-ից հնարավոր վտանգները»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Սաֆարյանը: Որպես օրինակ նա նշեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված պատմությունը, ինչը, ըստ նրա, լուրջ ուղերձ էր բոլոր փող ունեցող մարդկանց եւ ատկատների թեման. «Ինչի արդյունքում Սարգսյանը կարողացավ կոնսոլիդացնել իր թիմը եւ թույլ չտալ այնտեղից փախուստներ: Դա նաեւ ընդդիմության ձախողումն էր, ինչի արդյունքում ոչ ԲՀԿ-ն ոչ էլ ՀԱԿ-ը քայլ չկատարեցին նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու առումով»:

Նրա խոսքերով, ԲՀԿ-ի որոշումը ծանր իրավիճակ ստեղծեց ՀԱԿ-ի համար. «Ինչի պատճառով հետաձգվեց ՀԱԿ-ի որոշման հրապարակումը: ՀԱԿ-ի պարագայում խնդիրը վերածվել է այդ միավորի գոյություն ունենալու-չունենալու եւ ընտրազանգված պահելու հարցին: Այս առումով «Ազատություն» կուսակցության նախագահի առաջադրման մասին որոշումը մի նպատակ է հետապնդում՝ փորձել շահել այդ կորսվող ընտրազանգվածը, իսկ թեկնածուն, կարծես թե, կոմպրոմիսային է դառնում ՀԱԿ-ի ներսում առկա բեւեռների միջեւ»:

Պարոն Սաֆարյանը չի համաձայնում, թե իշխանությունը հաղթեց ընդդիմությանը. « Ժամանակավորապես կարողացան լռեցնել կամ մարել հրդեհը, բայց ոչ ավելին: Չեն հաղթել, ու Սերժ Սարգսյանի քայլերն ամենեւին էլ շախմատային քայլեր չէին: Վարդան Օսկանյանին հետապնդելով, հոգեբանական ճնշումներ գործադրելով կամ մրցակիցներնեին ինչ-որ բաներ հասկացնելով՝ քայլերը շախմատային քայլեր չեն կարող լինել»:

Ստեղծված իրավիճակում, ըստ պարոն Սաֆարյանի, «Ժառանգության» թեկնածուն դառնում է բոլոր թեկնածուներից ամենածանրակշիռը եւ իշխանության համար թիվ մեկ մրցակիցը: Նա նաեւ վստահ է, որ ընդդիմության ձայները իրենց առաջնորդին են գալու:

Պարոն Սաֆարյանը չի կարծում նաեւ, թե ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է. «Որովհետեւ ինչքան էլ Սերժ Սարգսյանին հաջողվել է հեռացնել իր իշխանությունից վտանգները, մեկ այլ կոնֆլիկտ է հասունանում նրա եւ արտաքին միջավայրի միջեւ: Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի համար հստակ դիրքորոշում են պահանջում՝ Եվրասիակա՞ն միություն, թե՞ եվրոպական միություն: Այսինքն, նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը տեղափոխվել է այս առանցք»:

Ըստ նրա, Սերժ Սարգսյանից կպահանջվի լուրջ երաշխիքներ հակառակ ուղղությամբ՝ դեպի Եվրոպական միություն քայլեր չանելու կապակցությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31