Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. Հրանտ Բագրատյանը շփման, կոմունիկացիայի պրոբլեմներ ունի, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վատ է ստրատեգիկ պլանավորումը

Դեկտեմբեր 26,2012 11:44

Հատված PR մասնագետ Տիգրան Հակոբյանի հարցազրույցից:

 Արտագաղթի դեմ բոլորն են բողոքում, կարո՞ղ է սա միավորող գաղափար դառնալ։

 

– Բողոքելը՝ բողոքում են, եւ ի՞նչ։ Ահա սկսվեց Սիրիայում քաղաքացիական պատերազմը։ Հազարավոր հայեր սկսեցին ներգաղթել Հայաստան։ Բայց ինքներդ եք տեսնում պատկերը՝ բացի ժողովներում, մամուլում, սոցցանցերում մտահոգություն արտահայտելուց, մեր հասարակությունը մատը մատին չի խփում մեր հայրենակիցներին հյուրընկալելու, արագ ադապտացնելու մեր կյանքին, տնտեսական, կրթական համակարգին եւ այլն։ Այլ էր առաջին հայրենադարձության ալիքի ժամանակ՝ 1940-ական թթ. վերջում, այլ էր Սպիտակի երկրաշարժից հետո։ Այսօր միայն մի քանի կազմակերպություն են այս խնդրով զբաղվում, ինչ-որ պետական կառույցներ, քանի որ պարտավոր են։ Եվ վերջ։ Քաղաքացիների մեծամասնությունը լավագույն դեպքում անտարբեր է, վատագույն դեպքում վերաբերվում է մեր հայրենակիցներին, ինչպես հին եւ գոռոզ մասկվացիները տաջիկ միգրանտներին։ Կարծես, Վանոն ճիշտ էր ասում, որ հայն իրական հայրենիքին գերադասում է տեսա¬կանը։

Ի՞նչ կանի այն 40, 50, 60 տոկոսը, որն ընդդիմությանն էր ընտրում, բայց ում ձայներն այսօր փողոցում են։ Իհարկե, կա Բագրատյանը, Րաֆֆին, բայց սրանք շատ ձայն չեն հավաքի, չէ՞։

– Ինձ համար Մատենադարանի գիտաշխատողը կամ մի դասախոս ամենալավ մարդն է։ Բայց ես կարող եմ չտեսնել նրա մեջ նախագահի հատկություններ։ Իհարկե, այս առումով ոչ Հրանտ Բագրատյանը, որը շփման, կոմունիկացիայի պրոբլեմներ ունի, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի մոտ կոմունիկացիաները լավ են, բայց վատ է ստրատեգիկ պլանավորումը՝ չեմ ուզում բնութագրել, չեն կարող լուրջ մրցակից լինել գործող նախագահին։ Այսինքն՝ ներկա վիճակից դժգոհ զանգվածն այլընտրանք չունի։

Ամենաազնիվները չեն քվեարկի կամ, որպես այլընտրանք, կքվեարկեն որեւէ այլ թեկնածուի։ Անտարբերներն ընտրության չեն գնա։ Այն մասն էլ, որն անտարբեր է, բայց փողի կարիք ունի, – դեպի ապահով Հայաստան գնացող,- կաշառքը կընդունի, եւ մենք կունենանք, այն, ինչ ունենք։ Նախագահը հասկանում է Հայաստանի առաջ կանգնած պրոբլեմները, որոնք թվարկեց իր ելույթում, բայց խնդիրներն իմանալն ու քաղաքական կամք ունենալը, ինչպես ասում են Օդեսայում, это две большие разницы։

Չե՞ք կարծում, որ նյութին, ապահով Հայաստանի ձգտելը մեր ազգային առանձնահատկություններից է։ 90-ականներից շատերը հիշում են մութ ու ցուրտ տարիները, ոչ թե մեր հաղթանակները, ինչը տարօրինակ է։

– Եթե կան մարդիկ, որոնք հաղթանակի տարիներից հիշում են միայն մրսելը, ուրեմն, այդ մարդկանց լավ երկիրը հակացուցված է, ավելի կոպիտ ասած՝ լավ երկիր նրանց չի հասնում։ Այսպես էլ ավարտենք։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31