Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեր-­Պետ­րոս­յա­նի դա­րաշր­ջա­նի ա­վար­տը

Դեկտեմբեր 26,2012 11:12

Տեր-Պետրոսյանի դարաշրջանի ավարտը

Սերժ Սարգսյանը ժողովրդի դեմ մնաց միայնակ

Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում չառաջադրվելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը վերջակետ դրեց տևական ժամանակ քաղաքական դաշտում տիրող ինտրիգային մթնոլորտին: Արդեն առավել քան հստակ է, որ քաղաքական դաշտը նախագահական ընտրություններից առաջ վերածվել է անապատի:

Առաջին նախագահի այս որոշումը որքան էլ դժկամությամբ ընկալվի նրան հավատացողների և նրա նեղ թիմի կողմից, այնուամենայնիվ ստեղծված իրավիճակում, կարելի է ասել, որ դա բավական պրագմատիկ որոշում էր, որով Տեր-Պետրոսյանը պարզապես հրաժարվեց լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու գործընթացը:

Սակայն մյուս կողմից էլ ՀՀՇ համագումարում և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում առաջին նախագահը հարգալից վերաբերմունք չի ցուցաբերում իր թիմակիցների և հասարակության նկատմամբ:

Նախագահական մրցապայքարից և ըստ երևույթին մեծ քաղաքականությունից դուրս գալու Լևոն Տեր-Պետրոսյանի կայացրած որոշման պատճառաբանությունը, մեղմ ասած, հիմնականում չի բացատրում կատարվածի իրական պատճառները: Տարիքը, իհարկե, օբյեկտիվ իրականություն է, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ քաղաքական պայքարի մեջ մտնելու համար, սակայն տարիքից բացի՝ բազմաթիվ այլ հանգամանքներ գոյություն ունեին, որոնց մասին պարտավոր էր խոսել Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ առաջնորդը պետք է գնահատեր Կոնգրեսում ստեղծված դրությունը, խոսեր Կոնգրեսի անցած քաղաքական ճանապարհի մասին՝ գնահատելով ձեռքբերումներն ու ձախողումները, և վերջապես պետք է ուղենշեր այն ճանապարհները, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից: Բնականաբար, այս ամենը տհաճ և ոչ ցանկալի հարցեր էին առաջացնելու, որոնց, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին պարտավոր էր պատասխանել: Թերևս ուշ, թե շուտ առաջին նախագահը ստիպված է լինելու հաշվետվություն ներկայացնել այս խնդիրների շուրջ:

Սակայն տհաճ իրողություններն արձանագրելուց զատ՝ անհրաժեշտ է նշել, որ Տեր-Պետրոսյանը պատմական տեսակետից հեռանում է բավական արժանապատվորեն և ինչ-որ տեղ ռեաբիլիտացված: 1997-ից մինչև 2008թ. Տեր-Պետրոսյանը շատ հաճախ (նաև նախկին իշխանությունների ջանքերով) ասոցացվում էր թալանի, մութ ու խավար տարիների և այդ ժամանակաշրջանում տիրող այլ արատավոր երևույթների հետ: Նրան հազվադեպ էին հիշում որպես ՀՀ հիմնադիր նախագահի, որի օրոք վերջին հազարամյակի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանին սեփական ուժերով հաջողվեց տարածքներ ազատագրել, որի օրոք անկախություն ստացան Հայաստանն ու Արցախը:

Իր երկրորդ վերադարձով Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպեց հիշել հենց այդ վերջին իրողությունների մասին և, ամենակարևորը, գեներացրեց հասարակական-քաղաքական շարժումների մի գործընթաց, որոնք Հայաստանում հասարակությունը աստիճանաբար վերածում են գործոնի: Բացի այդ՝ առաջին նախագահը, 2008թ. վերադառնալով մեծ քաղաքականություն, թույլ չտվեց, որ Հայաստանում գործարկվի «իշխանափոխության» ռուսական մոդելը, ինչը կարող էր կոշտ ավտորիտարիզմի հիմքեր դնել:

Լևոն Տեր-Պետրոսյանի ֆիգուրը և նրա ապրած դարաշրջանը իսկապես շատ հակասական են՝ սպիտակի ու սևի բազմաթիվ համադրություններով: Իր չառաջադրումով Տեր-Պետրոսյանը թերևս ազդարարեց իր դարաշրջանի ավարտը և նոր դարաշրջանի սկիզբը և լռելյայն մի իրողություն, որ փաստացի Սերժ Սարգսյանը մնացել է միայնակ՝ ժողովրդի դեմ, ինչպես Արաբական գարնան տապալված առաջնորդները:

Դերենիկ Մալխասյան 

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31