Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում, հանդիսավոր արարողությամբ դեկտեմբերի 25-ի երեկոյան վառվեցին մարզկենտրոնի գլխավոր տոնածառի լույսերը: Ավանդույթի համաձայն՝ այս անգամ էլ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին քաղաքապետի եւ փոքրիկ մի կապանցու օգնությամբ:
Մարզկենտրոնի այս տարվա տոնածառն իր տեսքով զիջում էր նախորդ տարվա տոնածառին, որն ավելի շքեղ էր եւ շրջակայքն էլ ձեւավոր լույսերով համեմատաբար առատ էր ու աչքի ընկնող: Այս տարի Կապանում անցկացվելիք ամանորյա միջոցառումների համար համայնքի ավագանու որոշմամբ պահուստային ֆոնդից 13 մլն դրամ գումար է հատկացվել: «Գլխավոր տոնածառի եւ հրավառության վրա մոտ 4 մլն դրամ գումար է ծախսվել: Այդ գումարի շրջանակներում նաեւ 10 թաղամասի տոնածառներով, խաղալիքներով եւ լույսերով ապահովեցինք, տոնական պսակատիպ լույսերով զարդարեցինք քաղաքի կենտրոնական փողոցների հենասյուները եւ այլն: Մտադրություն կար քաղաքի փողոցները հավասարաչափ զարդարել` ամեն մի փողոց միանման պետք է զարդարվեր, տնտեսվարող սուբյեկտների հետ նախնական պայմանավորվածություն կար այդ հարցի ուղղությամբ, սակայն արձագանքը մասամբ եղավ եւ նրանց կողմից այդ ծրագրին լիարժեք աջակցություն չեղավ: Չնչին գումարներ հավաքվեցին, հիմնականում պահուստային ֆոնդից հատկացրած գումարներով ենք իրականացրել բոլոր աշխատանքները», -ասաց Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը: Ամանորի միջոցառումների կազմակերպման նպատակով 2 մլն դրամի սահմաններում գումար է տրամադրել նաեւ «Դինո գոլդը»:
Իսկ պահուստային ֆոնդից հատկացված 13 մլն դրամից մնացած մյուս գումարով տոն օրերին տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվելու, 2000-ից ավելի տոպրակներ, նվերներ են պատրաստվելու մանկապարտեզների երեխաների, քաղաքի հաշմանդամ երեխաների, Կապանի ծննդատան նորածինների համար, ինչպես նաեւ թաղամասերում անցկացվելիք միջոցառումներին մասնակցելիք երեխաների համար:
Կարդացեք նաև
Կապանի փողոցները զարդարելու միտքը ողջունելի էր, բայց դրանց գեղեցիկ եւ տոնական տեսք տալու փորձն ավելի հաջող կստացվեր, եթե լուսային ձեւավորումն ավելի ճիշտ արվեր եւ ոչ այդքան խամրած ու գրեթե աննկատ լույսերով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ