Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարտություն, որի ձայնը կլսվի տարիներ անց

Դեկտեմբեր 26,2012 10:20

Ամենաինտրիգային և ամենակոշտ դիմակայության սպասումներ առաջ բերող ընտրական նախնական գործընթացը Հայաստանում, կարելի է ասել, ավարտվեց անփառունակ կերպով մինչև նախագահական ընտրությունները: Արդեն իսկ գրեթե հարյուր տոկոսով պարզ է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում կարող է պարզապես հաղթել «ըստ պահանջի», և նույնիսկ ընդդիմության համար ձայներ ապահովելու խնդիր կառաջանա:

Սերժ Սարգսյանը երևի թե տոնում է իր հաղթանակը, որը, սակայն, այնքան էլ հաղթանակ չէ: Նա հաղթել է իր մրցակիցներին, սակայն չի հաղթել իրավիճակին, այն իրավիճակին, որ կա Հայաստանում, որի հետևանքով Հայաստանից արտագաղթում են, որի հետևանքով աղքատությունն է ավելանում, որի հետևանքով քաղաքացիների համար իրենց հարազատ պետությունը դառնում է օտար, որի հետևանքով մարդն իր պետության մեջ դառնում է անպաշտպան:

Այդ իրավիճակին Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հաղթել, այլև նույնիսկ պարտվել է: Սա մի պարտություն է, որը կարճ ժամանակի մեջ գուցե չի էլ զգացվում, նույնիսկ բավական կոկիկ ձևով քողարկվում է վիճակագրական ցուցանիշների ներքո, որոնք, իբր, վկայում են Հայաստանում տարբեր ոլորտներում աճի տեմպերի մասին: Սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, իրավիճակի հանդեպ Սերժ Սարգսյանի պարտությունն իրեն ավելի է զգալ տալու, և նա կանգնելու է երկընտրանքի առաջ. կա՛մ հաղթել իրավիճակին, այսինքն՝ իր իրական մրցակցին` եթե կարող է, իհարկե, կա՛մ ստեղծել նոր, արհեստական մրցակիցներ, քաղաքական բուտաֆորիաներ, որպեսզի հետո հաղթի դրանց և հաղթանակի տպավորությամբ շարունակի իշխանությունը, կա՛մ փոխանցել իշխանությունը: Սակայն մի բան հստակ է, իհարկե, որ ամեն անգամ ավելի ու ավելի դժվար է լինելու մրցակցային բուտաֆորիաներ մատուցելը, և, հետևաբար, ավելի ու ավելի ծանր է լինելու իրավիճակից կրած պարտությունը կոկիկ թաքցնելը:

Սերժ Սարգսյանի ներկայիս հաղթանակը ընդամենը թվացյալ է, և կարելի է ասել, որ հաղթանակ պարզապես չկա: Ու սա արդեն ոչ թե միայն Սերժ Սարգսյանի, այլև պետության խնդիրն է, որը արտահայտվում է որոշակի պարադոքսի ձևով: Այսինքն՝ մի կողմից թվում է, որ պետության մեջ կա համեմատաբար հանդարտ ընտրություն անցկացնելու և ցնցումներից խուսափելու հնարավորություն, մյուս կողմից՝ այդ ամենը բոտաֆորիա է, և իրականում պետությունը ընդամենը աղմկոտ պարտության փոխարեն լուռ, անաղմուկ պարտություն է կրելու, որի ձայնը կլսվի պարզապես տարիներ անց:

Ահա այս իրավիճակի, այս պարադոքսի հանգուցալուծումը ոչ միայն հեռու է, այլ նույնիսկ չի էլ նշմարվում: Եվ այն, որ նախագահական ընտրությունների ինտրիգը հանգուցալուծվել է, ըստ էության, որևէ դասավորությամբ բացարձակապես կապ չունի հանրային շահի հետ, ինչպես որ կապ չուներ ինտրիգն ինքնին: Այսինքն՝ տրամաբանական է նաև, որ չի կարող հասարակության հետ կապ ունենալ մի բանի հանգուցալուծումը, երբ այդ բանն ինքնին կապ չի ունեցել հասարակության հետ: Այստեղ է, որ Սերժ Սարգսյանի թվացյալ հաջողությունը, թվացյալ հաղթանակը իրականում ավելի ծանրացնում է այն բեռը, որ կա նրա վրա, որովհետև այդ հաղթանակը ձեռք է բերվում ոչ թե հասարակության հետ համատեղ, այլ հասարակության հաշվին:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31