Այսօր Aravot.am-ը տեղեկություն ստացավ, որ հինգշաբթի օրը Կապանի ոստիկանապետը ծեծի է ենթարկել ոստիկանության մի աշխատակցի՝ Նորայր Դանիելյանին: Ընդ որում, ըստ տեղեկության, ծեծի պատճառը եղել է այն, որ ոստիկանապետը հայհոյել է աշխատակցին, վերջինս չի դիմացել եւ պատասխանել է հայհոյանքին: Արդյունքում այն աստիճան ծեծ է կերել, որ կիրակի օրը նույնիսկ փորձել է ինքնասպան լինել: Նորայր Դանիելյանը, ըստ ստացած տեղեկատվության, տեղափոխվել է Կապանի հիվանդանոց:
Մենք տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ: Վերջինս հաստատեց, որ կիրակի օրը իսկապես Նորայր Դանիելյանին ընդունել են. «Մենք այսօր նրան դուրս ենք գրել, ուղարկել ենք տուն: Լրիվ նորմալ էր, գրել ենք՝ պրակտիկ առողջ է ինքը: Ինչ-որ աշխատանքի հետ խնդիրներ ունի-չունի, դե դա արդեն քննիչների հետ ճշտեք: Ուղղակի առողջության հետ կապված՝ որեւէ խնդիր ինքը այս պահին չունի: Կատարվել են բոլոր հետազոտությունները մեր մոտ, բոլոր կոնսուլտացիաները, առողջության հետ կապված խնդիրներ չկան»:
Երբ մի քիչ հարցուփորձ արեցինք հիվանդանոցի տնօրենին, մասնավորապես, թե ինչ գանգատներով են կիրակի օրը ընդունել Նորայրին, վերջինս կարկամեց ու չցանկացավ ասել. «Ինքը հիվանդանոց ընդունվել էր առողջական խնդիրներով»: Մեր դիտարկմանը, որ հասկանալի է, որ հիվանդանոց պիտի ընդունեին առողջական խնդիրներով՝ վերջինս խնդրեց իրեն զանգել ավելի ուշ:
Ավելի ուշ բուժկենտրոնի տնօրենը ասաց սա. «Հիվանդին ընդունել ենք գիտակցության մթագնումով, ստացել է համապատասխան բուժում, դեզինտոքսիկացիա, համապատասխան բուժական միջոցառումներ, մի քանի ժամվա ընթացքում վերականգնվել է գիտակցությունը: Մենք իրեն պահել ենք մեր հսկողության տակ, կատարվել են բժշկական հետազոտություները, առողջության որեւէ շեղում չի հայտնաբերվել: Հիվանդը դուրս է գրվել տուն»:
Կարդացեք նաև
Իսկ Կապանի ոստիկանությունից ընդհանրապես հերքեցին լուրը՝ ասելով, որ նման միջադեպ իրենց մոտ չի եղել, եւ որ Նորայր Դանիելյան անունով աշխատակցի չեն ճանաչում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ