Ցանկանում եմ նախագահի պաշտոնում տեսնել նրան, ով կկարողանար ընտրություններում հաղթել առանց օլիգարխների և «թաղային հեղինակությունների» օգնության։ Իսկ եթե անգամ ի զորու չլինի մերժելու վերջիններիս կողմից իր վզին փաթաթվող «ծառայությունները» (հրաշքներ մի քանի օրում չեն կատավում), ապա գոնե իրեն պարտավորված չզգա հատուցելու ցուցաբերված աջակցության համար։ Պետության ընտրված նախագահը պիտի բավականաչափ ուժեղ լինի, որպեսզի օլիգարխական վերնախավը չկարողանա իր բարեհաճությունից զրկելու սպառնալիքով շանտաժի ենթարկել նրան և նոր արտոնություններ, «քվոտաներ», մենաշնորհային առավելություններ կորզել։ Որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաները պետության ղեկավարին հավատարիմ լինեն ոչ թե այն բանի համար, որ իրենց հրամցվում են «յուրայինների» միջև բաշխված ազգային հարստության ճարպոտ պատառներ, այլ որ իրենց պատիվ է արված կարավառելու երկիրը և ստանալու արժանի, օրինական վարձատրություն պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Որպեսզի զինվորներին բռնության ենթարկելու իրավունքի մեջ «բանակի ուժը» տեսնող յուրաքանչյուր սպա և ռեստորանային սեղանիկի կամ ավտոտնակի համար ծառերից քառակուսի մետրեր խլող ամեն մի «ճարպիկ» անընդունելի լինեն ոչ միայն մի խումբ քաղաքացիական ակտիվիստների, այլև իշխանության համար։
Ապագա նախագահից ակնկալում եմ, որ նախընտրական արշավի ժամանակ հրաժարվի տոնական-հանդիսային ոտանավորներ կամ սեղանապետավայել կենացներ հիշեցնող ելույթներից։ Որպեսզի ներկայացնի երկրին ու ազգին նետված մարտահրավերներին համարժեք պատասխաններ եւ կոնկրետ քայլեր։ Որպեսզի պատրաստ լինի իր պաշտոնավարման յուրաքանչյուր օր հաշվետու լինելու, թե գործնականում ինչպես են իրականացվում այդ քայլերը։ Այդ հաշվետվությունները պետք է այնքան համոզիչ հնչեն, որպեսզի արտագաղթելու պատրաստություն տեսնող մեր համերկրացիները հեռանկար տեսնեն հայրենիքում, այլ ոչ թե օտարության մեջ։ Ապագա նախագահի խոսքերի անկեղծության ապացույց պետք է դառնան երկրի ընդերքի գիշատիչ շահագործման նոր ծրագրերի անհապաղ դադարեցումը, շուկայում ազատ մրցակցությունից խուսափող մի բուռ «ընտրյալների» գերշահույթների ապահովման նպատակով տարիներ շարունակ խոչընդոտվող բազմաթիվ գործարար նախաձեռնությունների համար հնարավորությունների ստեղծումը։
Նշյալ հայացքներին հարող թեկնածուն պատրաստ կլինի բաց ու բովանդակալից նախընտրական հեռուստադեբատների։ Մասնակցությունը նման բանավեճերին պարտադիր եմ համարում համաքաղաքացիների քվեներին հավակնելու առումով։ Առանց հեռուստադեբատների հերթական նախընտրական արշավը կնշանակի ոչ լիարժեք ընտրական գործընթաց և մեր երկրում հրապարակային քաղաքական մշակույթի բացակայության «ավանդույթների» ամրակայում։
Վերոշարադրյալ մոտեցումներին համապատասխան ընտրված նախագահը խոսքի ազատության և անկախ լրատվամիջոցների մեջ է տեսնելու իր գլխավոր դաշնակիցներին։ Հետաքննող լրագրության ներուժի օգտագործումը, դրա համար տեղեկատվական բոլոր խողովակների բացումը, ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու բոլոր հնարքների խափանումը հզոր զենք կդառնան կոռուպցիայի և մենաչնորհների դեմ պայքարում։ «Իմ» նախագահը պետք է գիտակցի, որ 10 տարի շարունակ եթերի իրավունքից զրկված հեռուստաընկերությանը 20-րոպեանոց եթերի տրամադրումը չի կարող գնահատվել որպես իշխանությունների վաստակ։ Զանգվածային տեղեկատվության համար հեռահաղորդակցական նոր տեխնոլոգիաների (ներառյալ թվային հեռարձակումը և «արագ» ինտերնետը) կիրառման հստակ հայեցակարգի մշակումը, համապատասխան օրենսդրության ընդունումը առաջնահերթ խնդիրներ են։ Իսկ առաջիկա 3-5 տարում դրանց արդյունքը պետք է դառնան հեռարձակողների համար անսահմանափակ հնարավորությունների ստեղծումը և իրենց հետաքրքրող հեռուստաալիքների ամբողջական ընտրանին ունենալու՝ ողջ երկրի բնակիչների հնարավորությունը։
Կարդացեք նաև
Եթե որևիցե մեկն այս պատկերացումները իդեալիզմ ու ցնորք համարի, ապա նրա տեղը նախագահական աթոռին չէ։ Ըստ էության սա այն նվազագույն ծրագիրն է, որը Հայաստանին թույլ կտա արժանի տեղ զբաղեցնել 21-րդ դարի քաղաքական քարտեզում։
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
https://mynews.am