Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանի եւ Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են այն բանում, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ:
Ամբաստանյալները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»), այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուր հիսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Երկու տղամարդիկ էլ ամուսնացած են, Ռ. Հարությունյանը չի աշխատում, իսկ Ս. Գրիգորյանը պայմանագրային զինծառայող է: Ս. Գրիգորյանը պաշտպան չունի դատարանում, Ռ. Հարությունյանն օգտվում է պաշտպանի ծառայություններից: Ռ. Հարությունյանն ընդհանրապես չի ընդունում իր մեղքը, իսկ Ս. Գրիգորյանը իր մեղքը մասամբ է ընդունում:
Դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ դատավարություն անցկացվում է դռնփակ: Դատավարության դեկտեմբերի 24-ի նիստը չի կայացել, որովհետեւ պայմանագրային զինծառայող Սամվել Գրիգորյանը նիստին չի ներկայացել, զորամասի հրամանատարությունը նրան ուղարկել է սահմանը պաշտպանելու հերթափոխի:
Կարդացեք նաև
Դատական հաջորդ նիստը նշանակվածէ հունվարի 10-ին:
Ըստ նախաքննական եզրակացության՝ Սամվել Գրիգորյանի եւ անչափահաս աղջկա միջեւ սեռական հարաբերությունը տեղի է ունեցել աղջկա ծնողների տանը, աղջկա ծնողներն էլ տեղյակ են եղել կատարվածից: Կատարված գործողությունները պայմանավորված չեն գումարով կամ նյութական այլ շահագրգռվածությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ