Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Սուրբ Ծննդյան կապակցությամբ իր ամենամյա ուղերձում աշխարհի թեժ կետերում խաղաղություն հաստատելու կոչով է հանդես եկել:
Հովվապետը երեքշաբթի օրն անցկացված աղոթքի արարողության ընթացքում հորդորել է խաղաղություն հաստատել Սիրիայում՝ աղոթելով, որպեսզի «խաղաղություն իջնի Սիրիայի ժողովրդի վրա»:
Սուրբ Պետրոսի բազիլիկայի պատշգամբից հազարավոր ուխտովորներին ուղղված իր ուղերձում հովվապետը կոչ է արել նաև խաղաղություն հաստատել Մալիում, որտեղ «ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող զինյալները զբաղեցրել են երկրի մի մասը, ինչպես նաև Նիգերիայում, որտեղ մահմեդական ծայրահեղականները արյունալի արշավ են իրականացնում:
Հռոմի պապը հորդորել է Իսրայելին և պաղեստինցիներին դրսևորել հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ խիզախություն, և պահանջել է Չինաստանի կառավարությունից հարգանք դրսևորել կրոնի նկատմամբ:
Աշխարհի բոլոր երկրներից հազարավոր զբոսաշրջիկներ այս ընթացքում հավաքվել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեթլեհեմ քաղաքում՝ Սուրբ Ծննդյան կապակցությամբ տոնական արարողություններ անցկացնելու համար:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան