Մինչ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը այսօր օր օրի դատարկվող Գյումրիում բավականին լավատեսական նոտայով դասախոսություն էր կարդում, պնդելով, որ ամեն ուղևոր դեռ միգրանտ չէ, և սխալվում են նրանք, ովքեր զանգվածային արտագաղթից են խոսում, ունկնդրող հ/կ ներկայացուցիչներից մեկը ձեռք բարձրացրեց ու հարցրեց. «Ինձ անհանգստացնում է այն, որ քաղաքի փայլուն բժիշկները թողնում և գնում են, սա ցավ է ինձ պատճառում, ի՞նչ կարելի է անել»: Ի պատասխան այս հարցի , միգրացիոն ծառայության պետը կիսեց տիկնոջ մտահոգությունը` ասելով, որ բոլորի համար է դա ցավ, և որ մենք հարկադրված ենք ունենալ հզոր բանակ, իսկ սրա համար անհրաժեշտ է դեմոգրաֆիական ճիշտ կառուցվածք:
Մեկ այլ ունկնդիր էլ, մեջբերելով գյումրեցի գինեկոլոգներից մեկի այն դժգոհությունը, որ ընտանիքներում հոր երկարատև բացակայությունից հետո հիվանդ երեխաներ են ծնվում, ու նորածինների մահը հենց սրանով է պայմանավորված, հետաքրքվեց, թե ինչպե՞ս է այս հարցը լուծվելու: Միգրացիոն ծառայության պետը պատասխանեց, որ խնդրին տեղյակ են ,առողջապահության նախարարարությունը միջազգային գլոբալ ֆոնդի շրջանակներում ծրագիր է մշակում:
Խոսք եղավ նաև ռուսական «Հայրենակիցներ» ծրագրից, Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ ամերիկյան «Գրին քարտ»-ով 2 անգամ ավելի շատ մարդիկ են մեկնում ԱՄՆ, քան Ռուսասատան : «Աղմուկն ավելի շատ է, քան մեկնում են, վերջին մի քանի տարում 4-5 հազար մարդ են մեկնել այս ծրագրով, էլի վատ է, բայց սա մի կաթիլ է, մյուս ծրագրերը ավելի վատ հետևանքներ են արձանագրում, ամերիկյան «Գրին քարտով» մեկնողները երկու անգամ շատ են, նույնը կանադական ծրագրով, բայց էդ մասին լսե՞լ եք, միգուցե հայ-ռուսական հարաբերություններն են ուզում խզել այս աղմուկով»,- կարծիք հայտնեց պարոն Եգանյանը:
Հանդիպումից դուրս, նա լրագրողների հետ զրույցում կրկնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում հնչեցրած այն խոսքերը, որ «Հայրենակիցներ» ծրագրով մեկնածների հոսքը Ռուսաստան այդ երկրի համար եղանակ ու որակ չի ստեղծում: Aravot.am-ը այս պաշտոնյայից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է որակ չստեղծել, երբ Գյումրու առողջապահական հիմնարկների որոշ տնօրեններ Բժշկի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հենց մեր ԶԼՄ-ին փոխանցել էին, թե քաղաքում ինչքան հայտնի բժիշկ կար, «Հայրենակիցներ» ծրագրով մեկնել են ՌԴ: «Միգրացիան նաև այն երևույթն է, որ հարևանը սա ասեց, մյուսը` սա, այսպիսի խոսակցությունների ադյունքում ձևավորվում է կարծիք , որը շատ դեպքերում իրողության հետ կապ չունի, էս իմ մատուցած նյութի մեջ ներկայացրի ինչքան են արտագաղթի ծավալները և կարելի՞ է դա զանգվածային որակել, զանգվածային ենք որակելու 1992-94 թվականները,տարեկան 200 հազարի հասնող արտագաղթ կար, վերջին չորս տարիներին 25հազարից հասել է 27-28 հազարի», -պատասխանեց Գագիկ Եգանյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ