Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն ծառայության պետն անանցանելի ճանապարհ էր կտրել`գյումրեցիներին համոզելու, որ Հայաստանից զանգվածային արտագաղթ չկա

Դեկտեմբեր 25,2012 18:55

Այսօր ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը Շիրակի մարզպետարանի դահլիճում մոտ 1 ժամ ու կես տևողությամբ դասախոսություն կարդաց «ՀՀ միգրացիոն վիճակը 1988-2012 թթ. և վարվող միջազգային քաղաքականությունը» թեմայով:  Սակայն մինչ նրա երկարաշունչ  ելույթի  սկսվելը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը այսպես ներկայացրեց Գագիկ Եգանյանին. «Այսօրվա այս ծանր, դժվարին, անանցանելի ճանապարհների պայմաններում պարոն Եգանյանը եկել է  Շիրակ` իր խոսքը ասելու , ես  կարծում եմ, որ մենք շնորհակալություն պետք է ասենք և սկզբից և վերջից, և ողջունենք պարոն  Եգանյանի մուտքը Շիրակ իր հայրենի տուն , որովհետև սա նաև պարոն Եգանյանի բնօրրանն է: Պարոն Եգանյանի  խնդրենք միջոցառումը անցկացնի, որից հետո պարոն Եգանյանը հաց տվող տան տղա է,  էդպես ասեմ, այսօր էլ հյուրասիրություն է կազմակերպել»:

Գագիկ   Եգանյանն  էլ իր հերթին ոգևորվեց  ու ասեց, որ բավականություն ստացավ, տեսնելով  մարզպետարանի նոր շենքն ու ստեղծված լուսավոր, տաք , աշխատանքային  պայմանները: Նա նաև ակնարկեց, որ այսպիսի պայմանները 2-3 անգամ պետք է բարձրացնի մարզպետարանցիների աշխատանքի արդյունավետությունը: Այսպիսի ջերմ երկխոսությունից հետո պարոն Եգանյանը սկսեց համոզել, որ մեր երկրում արտագաղթի մասին հնչող տվյալները չափազանցված են,  երբեմն նաև անիրազեկության հետևանք, երբ մամուլով ուղևորահոսքը ներկայացվում է  միգրացիոն երևույթ: «Միգրացիան այսօր երևի թե ամենաշատ հուզող հարցերի շարքին է դասվում, և երևի թե օր չկա, որ մամուլում կամ տարբեր առիթներով, տարբեր միջոցառումներում քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ  չշոշափեն այս թեման, և այս թեմայի շոշափումը շատ դեպքերում իրականացվում է ոչ մասնագիտական հիմքերի  վրա.  երբեմն, ավելի շատ զգացական, զգացմունքային , «բոլորը գնացին, մարդ չմնաց», մոտավորապես այս համեմատությունների մեջ է կատարվում, և բացի դրանից տեղաշարժը մարդու անօտարելի իրավունքն է, մարդկությունը իր ձևավորման օրվանից սկսել է տեղաշարժվել, երբ որ նախնադարյան համայնական կարգերում են անգամ ապրում ձևախմբերով: Ի՞նչ էր տեղի ունենում, ցեղը, տոհմը տեղից տեղ էր շարժվում,  ժամանակի ընթացքում էս տեղաշարժերը ավելի են զանգվածային դարձել և ավելի մեծ աշխարհագրական տիրույթներ են գրավել: Այսինքն սա նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է»:

Միգրացիոն ծառայության պետը նեղվեց,` ասելով, թե ի՞նչ աղբյուրներից են օգտվում,`հայտարարելով, թե երկրում էլ մարդ չմնաց: Ըստ նրա,  միգուցե որոշ գյուղական բնակավայրեր են  հյուր են գնում , որտեղ լույս չի վառվում կամ գնում են օդանավակայան ու տեսնում են , որ  աժիոտաժ է,`մարդիկ «<յորղան-դոշակով են», և սա  է հենց այդպես  մտածելու առիթ տալիս: Մինչդեռ, ըստ պաշտոնյայի, միգրացիոն հոսքի ծավալները գնահատելու  միակ միջոցը հարցումներն են: Նա նաև ներկայացրեց որոշակի վիճակագրական տվյալներ, ըստ որի 2008 թվականից սկսած չորս տարիների ընթացքում Հայաստանից տարեկան միջինը 30 հազար մարդ է գնում: «Մի՞թե սա կարելի է  անվանել զանգվածային արտագաղթ, թեև սա ճաշակի խնդիր է»,- ասաց Գագիկ Եգանյանը: Նա համեմատության, միգուցե և հայերիս  մխիթարելու համար մեջբերեց Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղի բնակչության 48 տոկոսը ևս ցանկություն ունի երկրից արտագաղթելու: Ըստ նրա,  այս ցուցանիշը պարզվել է The Sun թերթի պատվերով անցկացված սոցիոլոգիական  հարցումների արդյուքնում: Գագիկ Եգանյանի ասելով,  պատճառը ոչ թե անձրևներն են,  այլ երկրի սոցիալ-տնտեսական  վիճակը, բիտանացիներն ուզում են ապրել Կանադայում, Ավստրիայում:

Եվ մինչ պարոն Եգանյանը ոգեշնչված խոսում էր` համոզելով, որ արտագաղթը իրականում այդքան մեծ չէ, որքան ներկայացնում են , լրագրողներից մեկը նստած տեղից գործընկերներին ասում էր . «Սոցիոլոգիական հետազորությո՞ւն պիտի անցկացնեն, որ ինձ համոզեն, թե արտագաղթ կա, ինձ դրանք չեն հետաքրքրում, ես իմ աչքի տեսածով եմ խոսում,  մեր ամբողջ շենքում հարևանի կարոտ ենք մնացել,  բա դա ի՞նչ է, արտագաղթ չէ՞»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31