Լրահոս
Օրվա լրահոսը

Պ. Մակեյանը Լ. Տեր-Պետրոսյանի որոշման մասին. «Ինչ որ չափով նաև սպասելի էր այդ որոշումը»

Դեկտեմբեր 25,2012 18:07

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն այսօր հրավիրել էր քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կուսակցությունը պետք է հստակեցներ իր անելիքները: Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Լրագրին» ասել էր.  «Կքննարկենք, կոնգրեսից էլ կհասկանանք ինչ է անելու, որից հետո կարելի է հստակ ու բաց խոսել»:

 

Aravot.am-ը նիստի ավարտից հետո պարոն Մակեյանից հետաքրքրվեց՝ ի վերջո հստակեցրի՞ն իրենց անելիքները և ի՞նչ ճանապարհով են գնալու: Պ. Մակեյանը պատասխանեց. «Վերջնական որոշում ընդունելը թողեցինք հունվարի երկրորդ կեսին: Տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, ընդհանուր բոլոր փաստարկները կքննարկենք, որից հետո որոշում կընդունենք»:

 

Մեր այն հարցին՝ արդյոք Լ. Տեր-Պետրոսյանի որոշումը նրանց վերջնական որոշման վրա ազդեցություն թողեց, պարոն Մակեյանն այսպես պատասխանեց. «Բնականաբար, այո, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվեր ուրիշ իրավիճակ կլիներ, այս նոր իրավիճակում մենք փորձում ենք  ընդմիջում տալ և նոր տարին անցնելուց հետո  սառը ուղեղով կփորձենք հասկանալ և որոշում ընդունել»:

 

Մեր այն դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ ՀՀ նախագահական ընտրությունները 2013-ի փետրվարի 18-ին են, ուշ չի՞ լինի հունվարի երկրորդ կեսին ընդունված որոշումը, Պ. Մակեյանը պատասխանեց. «Ուշ չի լինի:  Ամեն ինչ հաշվարկված է»:

 

Պ. Մակեյանը մեզ տեղեկացրեց, որ քաղխորհրդի նիստում քննարկվել է նաև Կոնգրեսի հարցը, որի հետ կապված որոշումը կրկին կլինի հունվարին:

 

Մեր այն հարցին, թե արդեն խոսում են ՀԱԿ-ի կազմաքանդման մասին, արդյոք այսպիսի բան հնարավոր է, պարոն Մակեյանն այսպես պատասխանեց. «Մեր կուսակցությունը գտնում է, որ Կոնգրեսը պետք է մնա, քանի որ ներքաղաքական զարգացումները այնպիսին են, որ միշտ հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ և այդ պարագայում Կոնգրեսի գոյությունը ճիշտ է»:

 

Զրույցի վերջում պարոն Մակեյանին հարցրինք՝ Լ. Տեր-Պետրոսյանի որոշումը ՀԱԿ-ին փաստի առաջ կանգնեցրե՞ց: Նա պատասխանեց. «Կարծես թե մեր կուսակցությունում նման մոտեցում չկա, ինչ որ չափով նաև սպասելի էր այդ որոշումը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31