ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի համար այնքան էլ ընդունելի չէ այն ձեւը, որով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է առաջիկա նախագահական ընտրություններում իր չմասնակցելու որոշման մասին:
Անգամ չմասնակցելու որոշումն, ըստ մեր զրուցակցի, ենթադրում էր Տեր-Պետրոսյանի գրասենյակի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրություն, որի երկրորդ կետում անպայմանորեն պետք է հստակեցվեր ՀԱԿ առաջնորդի հետագա անելիքը. արդյոք, այդպիսով նա ընդհանրապես հեռանո՞ւմ է մեծ քաղաքականությունից, թե այլ ինչ-ինչ ֆունկցիաներ է փորձելու իրականացնել: «Միգուցե թերթում հարցազրույցն էլ է եղանակ` հանրությանը տեղեկացնելու իր քաղաքական որոշման մասին: Բայց ինձ թվում է՝ տվյալ պարագայում կարող էր լինել հանրությանը` սեփական քաղաքական դիրքորոշումը փոխանցելու ավելի ներկայանալի ձեւ»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչեւէ, անդրադառնալով հայտարարության բովանդակային մասին, մասնավորաբար տարիքային ցենզին վերաբերվող պատճառաբանությանը, որն էլ, ըստ ՀԱԿ առաջնորդի, եղել է իր որոշման հիմնական պատճառը, Տեր-Պետրոսյանի նախկին թիմակցի համար համոզիչ չէ: «Նախ՝ 68 տարեկանը հմուտ, քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական գործչի համար իսկական ուժի եւ եռանդի ծաղկման շրջան է: Կենսագրություն ունեցող որեւէ գործչի համար տարիքը չի կարող դառնալ քաղաքական ծանրակշիռ որոշում կայացնելու համար հիմնավոր պատճառ, եթե, իհարկե, առողջական խնդիրներ չկան: Ես որքան հասկանում եմ, այս դեպքում առողջական խնդիր չկա»,-ասաց Խոսրով Հարությունյանը` ի հակադարձումն Տեր-Պետրոսյանի բերած օրինակների` բերելով այլ օրինակներ, երբ բավականին տարիքով մարդիկ ստանձնում են մեծ երկրների ղեկավարումը եւ բավականին հաջող իրականացնում իրենց գործառույթը:
Կարդացեք նաև
Վերջնական վերլուծություններ, եզրակացություններ անելու համար, Խոսրով Հարությունյանը դեռ վաղ է համարում` նկատելով. «Երկրորդ քաղաքական բուռն բեմելին այսպիսի ավարտ` համաձայնեք, որ ավելի շատ հարցեր է առաջացնում: Կարծում եմ, որ հարցեր կարող են առաջանալ նաեւ մարտի 1-ի զոհերի ծնողների մոտ: Ես երբեւէ չեմ փորձի դատավորի կեցվածքով հանդես գալ, բայց, համաձայնեք, որ դրանք հարցեր են, որոնք կարող է բարձրաձայնել ՀՀ որեւէ քաղաքացի: Տեւական ժամանակ վճռական քաղաքական հավակնություններ ունեցող, այն էլ ոչ թե կարճաժամկետ` ՀԱԿ, որն այսօր կարծես թե դադարում է նույնիսկ գոյություն ունենալուց: ՀՀՇ վերջին համագումարը անուղղակի դրա վկայությունն էր: Դեռ ժամանակ կլինի ավելի խորը վերլուծելու, բայց, այսինքն ի ՞նչ, Տեր-Պետրոսյանը համարում է, որ վե ՞րջ, դո ՞ւրս եկավ մեծ քաղաքականությունից, ավարտե ՞ց իր առաքելությունը: Դրա ՞ մասին է խոսքը գնում: Գոնե իր կատեգորիայի քաղաքական գործչի համար, ամենապատասխանատու, ամենահարմար դերակատարումից հրաժարվելը տարիքի պատճառաբանությամբ, պետք է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը լքե՞ց քաղաքականությունը, դուրս եկա ՞վ»: Հետագա զարգացումներում, իհարկե, ըստ մեր զրուցակցի, առավել փաստարկված մոտեցումներ կունենանք, բայց առաջին տպավորությամբ, հարցազրույցը կարդալուց անմիջապես հետո ամենահավանական տարբերակն այն է, որ Տեր-Պետրոսյանն ավարտեց իր գործունեությունը մեծ քաղաքականության մեջ:
«Կարծում եմ՝ դեռեւս ինքը մեկնաբանություններ կտա, թեպետ իր բնավորության համաձայն, ինքը հարկ չի համարի որեւէ մի հավելյալ մեկնաբանություն ներկայացնել»,- ասում է մեր զրուցակիցը` վստահ, որ նախ Տեր-Պետրոսյանի ընտրողների, համակիրների եւ թիմակիցների առջեւ ինչ-որ բաներ պետք է ասվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ