Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստը տեղի կունենա 2013թ.-ի հունվարի 17-ին:
Ըստ հանձնաժողովի կայքէջի, հանձնաժողովը կքննարկի «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանի դեկտեմբերի 14-ի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դեկտեմբերի 24-ի դիմումների քննության վերաբերյալ հարցերը: Արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումները կամ վարույթ ընդունելու, կամ մերժելու որոշումներ:
Օրակարգում է նաև Էթիկայի հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի վերաբերյալ հարցը:
Դեռևս դեկտեմբերի 21-ին հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Pastinfo.am»-ի թղթակցի հարցի, հայտնել էր, որ հանձնաժողովում կա միայն մեկ չքննարկված դիմում և չէր բացառել, որ մինչև տարեվերջ հանձնաժողովը ևս մեկ նիստ կգումարի: Նա նշել էր նաև, որ հանձնաժողովն առայժմ որևէ դիմում չունի ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության անդամը` ի պատասխան լրագրողի հարց տալու փորձին, ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության դիմումը վերաբերում է վերոհիշյալ միջադեպին, այդ իսկ պատճառով Մհեր Արշակյանն այլևս չի դիմի Էթիկայի հանձնաժողով։