Գորիս քաղաքի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում դեկտեմբերի 21-ից արդեն վերջնական տեսքով տեղադրվել է ամանորյա տոնածառը, որն իր տեսքով հիասթափեցրել է գորիսեցիներին: Գորիսի բնակիչները ցավով են նշում, որ քաղաքապետարանը նման վերաբերմունք է ցուցաբերում համայնքի բնակչության հանդեպ, նշելով, որ կարելի էր ավելի լավ պատրաստություն տեսել եւ ավելի գեղեցիկ տոն պարգեւել: «Ուղղակի խոսքեր չես գտնում, երբ նայում ես խղճուկ տոնածառին, միայն զգում ես, որ ըստ արժանվույն չեն վերաբերվել մեզ, էլ չենք խոսում «շքեղ» զարդարանքի մասին: Կարծում եմ` քաղաքապետարանը պետք է այնպես աներ, որ Նոր տարվա շունչն իրոք զգացվեր Գոիսում. փողոցները գեղեցիկ զարդարեր, ամանորյա լույսեր անցկացներ, նորմալ տոնածառ դներ», – հիասթափված ասացին մեզ հետ զրուցած բնակիչները: Գորիսեցիներից շատերն իրենց դժգոհություններն են արտահայտել նաեւ սոցցանցերում, իրենց ակնկալիքներն ու առաջարկությունները ներկայացրել հարցի վերաբերյալ:
Գորիսի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե քաղաքապետարանն ինչքա՞ն գումար է համայնքի բյուջեից տրամադրել տոնածառի զարդարման համար, ինչքա՞ն գումար է նախատեսել ամանորյա միջոցառումների անցկացման համար եւ ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու տոն օրերին: «Գորիսի համայնքի բյուջեից
նախապես հատկացվել է 500. 000 ՀՀ դրամ, իսկ հետո ավելացվել է 100. 000 ՀՀ դրամ:
Սկսած դեկտեմբերի 25-ից՝ քաղաքի կենտրոնական հատվածում կհնչի ամանորյա տոնական երաժշտություն, իսկ դեկտեմբերի 31-ին, ժամը 17:00-ին,
երեկոյան կլինի համաքաղաքային տոնական ծրագիր», – փոխանցեցին Գորիսի քաղաքապետարանից:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև