Գիտենք, որ մեր շատ սիրելի Ձմեռ Պապիկը գալիս է հեռավոր Լապլանդիայից՝ շուրջ մեկ տարի պարկում հավաքած նվերները բոլորիս բաժանելու: Այդ բարի ու առատաձեռն պապիկի կերպարը ստեղծվել է դարերի ընթացքում: Սկզբում չկար ձմեռ պապիկի կարմիր հագուստը, չկար նաև նրա թոռնուհին՝ Ձյունանուշը:
Շատ վաղուց ընդունված էր, որ Ձմեռ Պապը հայտնվում էր թիկնոցով: Իսկ 19-րդ դարում Հոլանդիայում հայտնվեց ծխնելույզով իջնող նոր Ձմեռ պապ, ով թաքուն մտնում էր մարդկանց տներն ու նվերներ դնում տոնածառի տակ: Հասկանալով, որ հրաշագործ պապը միայնակ չի կարող հասցնել բոլորի ցանկությունները կատարե,լ հայտնվեց նաև նրա թոռնուհի Ձյունանուշը: Արդեն 19-րդ դարի վերջերին, Ձմեռ Պապիկին սկսեցին հագցնել մորթե կարմիր հագուստ: Նրան աստիճանաբար ավելի սիրեցին ու ավելի շատ սկսեցին հավատալ նրա գոյությանը: Թեև տարբեր երկրներում նա տարբեր անուններ ունի՝ Santa Claus, Дед Мороз… բայց միևնույն է բոլոր տեղերում էլ պահպանում է բարի պապիկի իր կերպարը: Ժամանակի ընթացքում փոխվել է ոչ միայն նրա կերպարն ու հագուստը, այլ նաև նվերները բաժանելու ավանդույթը. ամենասկզբում նա նվերները դնում էր կարմիր ամանորյա գուլպաների մեջ, բայց տեսնելով, որ նվերները երբեմն չափսերով ավելի մեծ են լինում և չեն տեղավորվում գուլպաներում, սկսեց դրանք դնել տոնածառի տակ:
Ձմեռ պապը տաբեր երկրներում օգնականներ ունի, ովքեր շատ նման են նրան ու նրա պես են հագնվում, և երեխաներին դժվար է հասկանալ` ո՞րն է իրականը, ո՞րը է նրա օգնականը: Մեզ մոտ օգնականներ ուղարկելու հարցում նա բավական շռայլ է. երեւանյան փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նրանց, սակայն հանրապետության հրապարակի Ձմեռ պապիկներից մեկը մեզ համոզեց, որ ինքն իսկապես Լապլանդիայից է եկել. «Ես այնտեղից եկել եմ մասնակցելու Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող ստուգատեսին, որի ժամանակ էլ ընտրվել եմ որպես Ձմեռ պապ», – ասաց նա, – ինձ դուր է գալիս երեխաներին ուրախացնելը, արդեն այնքան եմ մտել դերիս մեջ, որ ես էլ եմ հավատում Ձմեռ պապիկի գոյությանը»: Անցորդներին ևս գրավում են Ձմեռ պապիկներն ու Ձյունանուշները, «Մեկ-մեկ հանդիպում ես Ձմեռ պապերի, որոնց չես էլ ցանկանում նայել, այդ հեքիաթային կերպարի հակառակ կերպարն են լինում, բայց հրապարակում հասցրել եմ շատ Ձմեռ պապիկների ու Ձյունանուշների տեսնել, ովքեր անհամեմատ ավելի լավն են ու իրականին մոտ», – ասում է 35-ամյա Ալինան: 54-ամյա տիկին Սաթիկն էլ թոռնիկներին հաճախ է հրապարակ բերում. «Նրանք անձամբ են Ձմեռ պապիկին հանձնել իրենց նամակները», – ասում է նա: 27-ամյա Սամվելն էլ հավատացնում է, որ այս տարի չի հանդիպել գեղեցիկ Ձմեռ պապիկի ու Ձյունանուշի. «Այնպես չի, որ ամեն քայլափոխի իրենց եմ փնտրել, բայց մի քանիսին տեսել եմ և ինձ ընդհանրապես դուր չեն եկել, հատկապես որ պապերը շատ երիտասարդ են, Ձյունանուշներն էլ տարիքով մեծ, շատ անհամապատասխան են», – ասում է նա:
Տիգրանուհի Թասլակյան