«Վերջին շրջանում Երեւանի հետ կապված որոշակի խնդիրներում մեղադրում են այնպիսի մարդկանց, ովքեր ի զորու չեն եղածի դեմն առնել: Խնդիրը մեր երկրում օրենքի հանդեպ դրսեւորվող արհամարհանքն է, որն արդեն սովորական է դարձել: Վերջին ելույթներում նախագահը կոռուպցիայի հետ կապված խնդիրներին անդրադարձավ, ինչը մասնագետներին հրաշալի հնարավորություն է տալիս մտածել, որ իրենց խոսքը տեղ կհասնի, օրենքներն էլ` կգործեն»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Նրա խոսքով. «Քաղաքի հետ կապված հիմնական խնդիրը հուշարձաններն են: Հուշարձանների մասին նոր որոշումներ պետք չեն, ուղղակի պետք է տեր կանգնել դրանց: Այսօր քաղաքը պճնվել է «տարերային» զարդարանքով, բայց ցավալի բաներ կան` չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքում կատարվող պրոցեսները կարգավորող գեղարվեստական խորհուրդ: Այսօր քաղաքում մի տեսակ գավառական մթնոլորտ է ստեղծվում` չնայած զարգացած տեխնոլոգիաներին: Այդ արձանները, որոնք տեղադրվել են, նախագծով պետք է տեղադրվեին, ոչ թե քաղաքի մի ծայրում մի բան արվեր, իսկ մյուս ծայրում` մեկ այլ բան»:
Շահումյանը հատկապես ցավալի է համարում փակ շուկայի խնդիրը. «Կառույցը ֆունկցիոնալ խեղման է ենթարկվել: Չգիտեմ, թե ով է սեփականատերը, բայց կատարվածը նրա մեղքով չէ: Մարդուն պետք էր հասկացնել, թե ինչ է արվում: Վերջերս Փարիզում մի ճապոնացու էին դատում, ով գնել էր 17-րդ դարի հուշարձանը եւ վերանորոգման պատրվակով հուշարձանի բուխարիները տեղափոխել Ճապոնիա: Նրան նստացրեցին, անհատույց վերցրեցին հուշարձանը եւ տուգանեցին: Եկել է պահը, որ սրտացավ մոտենանք մեր խնդրին: Մեր շուկան եզակի կառույց է»:
Կարդացեք նաև
Լուիզա Սուքիասյան