Հայպետֆիլհարմոնիայի «Շելլ» դաշնամուրային տրիոն դեկտեմբերի 27-ին ՙԱռնո Բաբաջանյան՚ համերգասրահում ներկայացնում է տարեվերջյան ամփոփիչ համերգ: Հավաքված 12 հոգանոց խումբը` Ֆիլհարմոնիկի մենակատարներ, Օպերային թատրոնի մեներգիչներ, ՙՇելլ՚ դաշնամուրային տրիոյի հետ միասին կներկայացնեն հատվածներ հանրահայտ մյուզիքլներից: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողներին հայտնեց ՙՇելլ՚ դաշնամուրային տրիոյի դաշնակահար Շուշան Հակոբյանը:
Նրա խոսքով. «Տրիոյի ադամները եւ անվանի մի շարք երաժիշտներ եւ օպերային երգիչներ մտահղացան տոների նախաշեմին ներկայացնել այնպիսի երաժշտություն, որը մինչ այդ «անցնում» էր մեր ժանրի կողքով: Խումբը բաղկացած կլինի տասը սոլիստից, այդ թվում` լարային քառյակ, դաշնամուր, կոնտրաբաս, սաքսոֆոն եւ հարվածային գործիքներ: Կներկայացնենք երաժշտական համարներ անվանի գործերից` West side story, The suond of music, My fair lady, The bremen musicians, ինչպես նաեւ` The Beatles»:
Հակոբյանը հավելեց, որ գործիքավորող Արսեն Ներսիսյանը կարողացել է երեկոյի համար նախատեսված գործերը ճիշտ «հավաքել» եւ ստանալ սիմֆոջազային ոճի երաժշտություն:
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գեւորգյանը, ով դեկտեմբերի 27-ին հանդես է գալու տրիոյի հետ, նշեց, որ «Շելլը» եզակի է երաժշտական ժանրերի սինթեզի առումով. «Մեծ պատասխանատվություն է պետք` դասական երաժիշտ լինելու եւ այլ ոճի երաժշտություն կատարելու համար: Կարծում եմ` դա «Շելլի» մոտ բավական լավ է ստացվում»:
Շուշան Հակոբյանը նաեւ ասաց, որ համերգի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը եւ մշակույթի նախարարությունը. «Հովանավորության հարցը շատ լուրջ է դրված: Երբ համերգ կազմակերպելու միտք առաջացավ, ոչ մի հովանավոր չունեինք: Այսօր Հայաստանում ոչ մի լուրջ պրոյեկտ հովանավորություն չի ստանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ