ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հայտարարել էիք, որ փետրվարին բուհերում ստուգումներ են սկսվելու, արդյոք դա նախազգուշացում չէ՞ր, որ բուհերը նախագահական ընտրությունների ժամանակ աշխատեն ՀՀԿ-ի օգտին, ասաց. «Իհարկե ոչ: Այն օրենքը, որով մենք սկսելու ենք ստուգումները, ընդունվել է 2011 թվականին: Եթե, ըստ ձեզ, ես այդքան խորամանկ եմ, որ մեկ տարի առաջ պլանավորեի, թե ինչպիսի լիազոր լծակներ պետք է ունենամ ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու համար, ապա, այս դեպքում գերագնահատում եք ինձ եւ թերագնահատում ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն ակնկալիք չունի վարչական լծակների, ռեսուրսների՝ այս կամ այն հիմնարկների: Քաղաքական գործընթացները բերում են նրան, որ Հանրապետական կուսակցությունը եւ իր ղեկավարը ունեն լավագույն հնարավորությունները, այսօրվա Հայաստանի պատմության ընթացքում, ապացուցելու, որ մենք ունակ ենք իրականացնել լավագույն ընտրությունները, եւ մեզ երբեք պետք չեն եղել վարչական լծակներ, եւ ոչ էլ պետք կգան»:
Աշոտյանը ստուգումները փետրվարին անցկացնելը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Դրանք տեւելու են մինչեւ մայիս, եւ այս կամ այն բուհի գործունեությունը, կամ կրթական ձեռագիրը փակելու մասին որոշումները ընդունելուց հետո, մենք ամռանը պետք է ժամանակ ունենանք, այդ ուսանողների հարցերը լուծելու համար: Սա միայն կրթական նպատակահարմարությամբ է պայմանավորված»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ