«Ես հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը: Դա պատահական մարդու որոշում չի, որ նա կայացրեց: Մի տեսակ տաղտուկ դարձավ քաղաքական դաշտը եւ անհետաքրքիր»,- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Մեր հարցին` կոնգրեսականները այս որոշման արդյունքում անհարմար իրավիճակի մեջ չընկա՞ն, նա պատասխանեց. «Կոնգրեսը, ինչպես որ կար, այլեւս չի լինի այդպես: Եթե Կոնգրեսը մնա, կունենա այլ կարգավիճակ եւ որոշակի տրանսֆորմացիաների կենթարկվի, փոփոխությունների կենթարկվի: Հիմա մենք շատ մտածելու բան ունենք, որովհետեւ քաղաքական դաշտն ամայացավ: Լրջագույն բան ունենք մտածելու: Բոլոր այն պոռոտախոսները, այն ցանցառները, որոնք որ դատողություններ էին անում` սա` այսպես, նա` այնպես, հասկանո՞ւմ եք, ամեն ինչ շատ անլուրջ դարձավ: Այդ թվում եւ նախագահական ընտրությունները: Մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ անցել ենք փառապանծ ճանապարհ: Ես մենակ կարող եմ շատ լավ հիշել այդ անցած ուղին: Ճիշտ է, դա փշերով ու տատասկներով լիքն է եղել, անցել ենք բանտերով, հետապնդվել ենք, հետապնդվում ենք եւ հետապնդվելու ենք բռնապետության մեջ, բայց կարող եմ ասել, որ փառապանծ ուղի ենք անցել: Ես շատ շնորհակալ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ես նրա թիմի անդամն էի, եւ այդ ուղին անցա»:
Մեր դիտարկմանը, որ անցյալ ժամանակով եք խոսում, ինչո՞վ է դա պայմանավորված, վերջացա՞վ ամեն ինչ, նա պատասխանեց. «Ոչ մի բան չվերջացավ: Ուղղակի հարգելով Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը, որ 68 տարեկան է եւ թեկնածու չի լինելու, այդ առումով եմ ասում: Ցավոք, նախագահական ընտրությունները դարձան անհետաքրքիր»:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով վերջին շրջանի ինտրիգը` լռության հետ կապված, մենք հետաքրքրվեցինք` Լեւոն Տեր-Պետրոսյանը նո՞ր իմացավ, որ 68 տարեկան է, Եղիազարյանը պատասխանեց, որ մարդը մտածում էր եւ չգիտեր ինչ որոշում կլինի. «Եկեք ուղղակի հարգենք իր նշած պատճառը: Երբ որ ես ասում էի, որ միանշանակ ՀԱԿ-ը կունենա իր թեկնածուն, դա իմ ներքին ցանկությունն էր, որ այդպես լինի, որովհետեւ առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի չկա քաղաքական պայքար»:
Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց, որ զենքերը վայր չեն դնելու, քանի որ երկիրն իրոք ծայրահեղ վիճակում է. «Գարնան գլուխ հավանական է, որ երկիրն ադեկվատ կպահի իրեն: Նույնիսկ այն պարագայում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, նույնիսկ այդ պարագայում պետք է խղճալ Սերժ Սարգսյանին: Որովհետեւ ասել՝ հա, մի հատ էլ փորձի, մի հատ էլ փորձի, հետո՞: Դա 50 կոպեկանոց, 100 դրամանոց վիճակախաղի տոմս չի, որ գնի, մի հատ էլ փորձի: Սա երկիր է: Այս երկրում լիքը աղքատ երեխաներ են լցված, ինչ ուզում է` թող երգի: Մարդիկ սոված են, եւ դրա մեղավորը մի կուսակցություն է, անունն էլ` ՀՀԿ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ