Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր. Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն չափով պահանջված է, ինչպես 2008-ին

Դեկտեմբեր 25,2012 15:08

«Իսկ Սերժ Սարգսյանը երբեւիցե վստահության քվե ունեցե՞լ է, որ նախագահ է դարձել: Նա չի ունեցել,վստահեցնում եմ՝  հիմա առավել եւս չունի: Հանրապետականներն  ասում են մի շատ կարեւոր բան, որ նույնիսկ բացարձակ վստահություն չունենալու դեպքում, իրենք կարողանում են կեղծել ընտրությունները: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավարար չափով վստահության քվե ունի, բավականին ունակ մարդ է, որ իրավիճակը ճիշտ գնահատի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Հիշեցնենք, պարոն Սահակյանը երեկ մեղադրել էր ՀԱԿ առաջնորդին ժողովրդի վստահության քվեն անմարդկային ու անխնա մսխելու մեջ:

«Երեւի թե Հովհաննես  Սահակյանը կարծում է, թե  ամբողջ ժողովուրդը կարոտով Սերժ Սարգսյանի ձայնն է լսում: Վստահեցնում եմ, որ նման բան չկա: ժողովրդի համար շատ ավելի նախընտրելի է Տեր-Պետրոսյանի ձայնը լսել, գոնե ինչ-որ մի բան կարող են իրենց համար ուսուցողական համարել, քան Սերժ Սարգսյանի: Վստահեցնում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն չափով պահանջված է, ինչպես 2008-ին էր: Նրանց միակ խնդիրը ամեն ինչ անելն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, որովհետեւ վարչախմբի ռեսուրսներին միակ մրցակիցը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Դրա համար ամեն ինչ արեցին՝  Տեր-Պետրոսյանի առաջադրվելը խափանելու համար»,- շարունակեց տիկին Սարգսյանը՝ անդրադառնալով Հ. Սահակյանի այն դիտարկմանը, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013 թվականը շփոթել է 2008-ի հետ, այն ժամանակ 10 տարի  նա չէր խոսել ու որոշակի հատված կարոտել ու սպասում էր իր խոսքին, բայց ոչ հիմա:

«Հովհաննես Սահակյանը փորձում է ամեն ինչ լղոզել: Իսկ եթե  ինքը կարող է հիմնավորել, թե  2013-ն ինչու է  ավելի վատը,  քան թե 2008-ը, ապա պետք  է գոնե  մեզ կարողանա համոզել, որ 2013-ին Սերժն ավելի լավն է, քան 2008-ին էր: Իսկ ես  վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն  ընդհանրապես առաջադրվելու բարոյական իրավունք չուներ , որովհետեւ տապալել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունից սկսած մինչեւ տնտեսական քաղաքականություն, մարդկանց տրամադրությունը վակումային դարձրեց, արտագաղթը մեծացրեց: Եթե նա այդքան լավ նախագահ է, ինչո՞ւ է հայը փախչում հայրենիքից, այդ հարցն եմ ուզում ուղղել Հովհաննես Սահակյանին եւ խորհուրդ տալ այդքան մեծամիտ ու ինքնավստահ չլինել, հատկապես որ իրենց թեկնածուն ոչ մի առումով մրցակցային չէ»,- հավելեց ՀԱԿ պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31