Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով հնարավոր կլինի գնահատել դպրոցների եւ բուհերի գործունեությունը

Դեկտեմբեր 25,2012 14:59

Այսօր ներկայացվեց «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ մշակված հանրակրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման համակարգերի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նշվեց, որ «Վիվա Սել-ՄՏՍ»-ը 25  մլն դրամ է ներդրել ծրագրին աջակցելու նպատակով:  Ծրագիրը վերաբերում է դպրոցների եւ բուհերի վարկանիշի  ձեւավորմանը, ինչն այս պահին իրականացվում է հասարակական կարծիքի հիման վրա: Վարկանիշային այդ եղանակը փոխարինվում է մասնագիտական մեթոդաբանությամբ ու արդեն մշակվել եւ հաստատվել է:

Վարկանիշային ազգային մոդել մշակելու արդյունավետ տարբերակը միջազգային լավագույն փորձի տեղայնացումն է, իսկ Հայաստանն ընդգրկված է այն 15 երկրների ցանկում, որոնք հավակնում են այդ նորարարական ներդրմանը: Վարկանիշային համակարգի միջոցով  կգնահատվեն դպրոցների եւ բուհերի գործունեությունը, ինչը հնարավորություն կտա հաշվետու լինել հասարակության առջեւ:

Յիրիկյանի խոսքով՝ «ժամանակակից աշխարհին հատուկ ինֆորմացիոն առատությունը պարտավորեցնում է գտնել որակյալ կրթություն ստանալու առավել արդյունավետ ուղիները: Երկրի մրցակցային առավելությունն ընդգծելու ամենախոստումնալից միջոցը գիտելիքն է: «Վիվա Սել-ՄՏՍ»-ը կրթական նախաձեռնություններին աջակցել է հետեւողական պատրաստակամությամբ: Նպատակը՝ գիտական ներուժը երկրի առաջնթացին ծառայեցնելն է»:

Աշոտյանն էլ նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում  առաջիններից մեկն է, որը մշակել է վարկանիշային համակարգ. «Վարկանիշերն առհասարակ քննադատվում են հասարակության կողմից, բայց կրթության ոլորտի մեթոդաբանությունները կառուցված են հաշվի առնելով մասնագիտական հնարավոր ուղղությունները: Մենք վերամշակել, մարսել ենք աշխարհի լավագույն  փորձը, մեզ հետ աշխատել են ոլորտի համաշխարհային համբավ ունեցող մասնագետները: Ներկայացված վարկանիշային մոտեցումները նպատակ ունեն կրթական համակարգի թափանցիկություն ապահովել: Վարկանիշային աղյուսակները հնարավորություն կտան ախտորոշել խնդիրներն ու թույլ կետերը եւ այլն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31