Այսօր «Սլաք» ակումբում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ամփոփելով 2012 թվականը, անդրադարձավ քաղաքական զարգացումներին: Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Գրիգորյանը նշեց, որ այս տարի եղան մի քանի կարեւոր իրադարձություններ, որոնք նպաստավոր էին Հայաստանի համար: «Հայաստանը շատ հաջող վարում է բազմավեկտորանոց քաղաքականություն: Մենք շատ միամիտ, բայց միեւնույն ժամանակ խելոք ազգ ենք»,-նշեց Գրիգորյանը:
Քաղաքագետը, անդրադառնալով 2013թ. նախագահական ընտրություններին, համոզմունք հայտնեց, թե Ծառուկյանի որոշումից հետո պարզ դարձավ, որ ընտրություններում կոշտ պայքար չի լինելու. «Ընտրությունները կանցնեն առանց խախտումների ու լարվածության: Այսօր ստեղծված իրավիճակը իրականում շատ հետաքրքիր է, որովհետեւ, եթե թեկնածուն գիտի, որ շանս չունի հաղթելու, սակայն առաջադրվում է, որպեսզի նոր գաղափարներ առաջադրի, ուրեմն նա պետականամետ է»:
Նախագահի թեկնածուների մասին Գրիգորյանը հետեւյալ կարծիքի է. «Շատ լավ է, որ առաջադրվում է Հրանտ Բագրատյանը, սակայն կարեւորն այստեղ հետեւյալն է. նա ինքնառաջադրվելո՞ւ է, թե՞ մի քանի ընդդիմադիր կուսակցություններ կհամախմբվեն ու կառաջադրեն նրան: Ամեն դեպքում, ընդդիմադիր դաշտի խմորումները թույլ չեն տալիս ասել, որ համախմբում չի լինելու: Շատ գաղափարներով ընդդիմությունն ավելի շատ հետամնաց է, քան իշխանությունը»: Շարունակելով Հայաստանում վարվող քաղաքականության թեման՝ քաղաքագետը հորդորեց հետեւյալը. «Պետք չէ անընդհատ պատասխանատվությունը գցել Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, նա իր գործն արեց»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ