Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սոֆոյան. «Օլիմպիական արծաթն ու բրոնզն արդեն ֆեդերացիայի աշխատանքի գնահատականն են»

Դեկտեմբեր 25,2012 14:37

Հայաստանի ըմբիշների համար 2012 թվականը պաշտոնապես ավարտվեց «Միկա» մարզահամալիրում կայացած ազատ ըմբշամարտի հանրապետության մեծահասակների առաջնության եզրափակիչներով, որից հետո «Առավոտը» Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանին խնդրեց ամփոփել տարին:

– Պարոն Սոֆոյան, 2012 թվականն օլիմպիական տարի էր: Լոնդոնի օլիմպիական խաղերում մեր երկրի հաշվարկին գրանցված երեք մեդալներից երկուսը նվաճեցին ըմբիշները: Նրանց մասնակցությունից գո՞հ եք: Եվ ինչպե՞ս եք գնահատում ֆեդերացիայի աշխատանքն ընթացիկ տարում:

– Դուք արդեն ձեր հարցին պատասխանեցիք: Այո, Լոնդոնում հունահռոմեական ըմբիշներ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, համապատասխանաբար, արծաթե եւ բրոնզե մեդալ նվաճեցին: Արսենի արծաթը առաջինն ու միակն է Անկախ Հայաստանի պատմության մեջ, իսկ տակավին երիտասարդ Արթուրն աշխարհի հզորների հետ հավասար պայքարում Եվրոպայի ոսկուն ավելացրեց նաեւ օլիմպիական բրոնզը: Սակայն վստահ եմ, որ մեր բոլոր հայրենակիցներն էլ հավատացած են, որ երկու ըմբիշներն էլ օլիմպիական ոսկու էին արժանի: Այնպես որ, մեր ըմբիշների օլիմպիական խաղերի մասնակցությունից գոհ եմ: Սակայն մրցաշրջանի միակ հաջողությունը միայն Լոնդոնը չէ: Այս տարի մեր երկու ոճերի պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքականները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են 23 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Սա նշանակում է, որ մեզանում նաեւ հուսալի հերթափոխ է աճում, ինչը միանշանակ ֆեդերացիայի ճիշտ աշխատանքի արդյունքն է:

– Տարվա ընթացքում ֆեդերացիայի աշխատանքներում բացթողումներ կամ թերացումներ չե՞ն եղել:

– Ոչ միայն տարվա, այլեւ՝ ամբողջ քառամյա ցիկլում: Տարեկան բոլոր միջոցառումների ծրագրերը, որ կազմել են հավաքականների մարզչական խորհուրդները եւ հաստատվել ֆեդերացիայում, լիովին կատարվել են, դեռ մի բան էլ ավելի: Դրանք պլանավորված մարզումներն են, հանրապետությունում եւ արտերկրում ուսումնամարզական հավաքները, մասնակցությունը բոլոր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին եւ այլն:

– Խոսեցիք հավաքների մասին, որոնք, մեր տեղեկություններով, կազմում են տարեկան 140-180 օր: Սակայն մասնագետներն ասում են, թե լավագույն տարբերակը մոտավորապես 240 օրն է: Ինչո՞վ է պայմանավորված այդ «դեֆիցիտը»:

– Թերեւս նրանով, որ պլանները կազմվում են նախապես՝ ելնելով պետբյուջեից հաջորդ տարի մարզաձեւի զարգացման աջակցության հավանական գումարի չափից, ինչը մեր երկու ձեւերի համար կազմում է 220 միլիոն դրամ: Դա միանշանակ շատ քիչ է եւ տարվա ընթացքում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն է առաջանում: Այդ բացերը լրացնում է ֆեդերացիան:

– Դրանք մե՞ծ գումարներ են:

– Իմ բոլոր ելույթներում ասել եւ հիմա էլ կրկնում եմ. Հայաստանում ըմբշամարտի բախտը բերել է, որ ֆեդերացիան ղեկավարում է հայտնի գործարար եւ սպորտի մեծ սիրահար Սամվել Կարապետյանը, որը բազմաթիվ բարեգործություններին զուգահեռ՝ հովանավորում է նաեւ ըմբշամարտի ֆեդերացիան, իսկ անհրաժեշտության դեպքում բավականին պատկառելի գումարներով աջակցում եւ օգնում է նաեւ ուրիշ մարզաձեւերի: Մասնավորապես, այս տարի նա իր միջոցներից ֆեդերացիային հատկացրել է 600 միլիոն դրամից ավելի գումար: Առանց պարոն Կարապետյանի ներդրումների, ֆեդերացիան լիարժեք չէր աշխատի եւ նվաճումներն էլ չէին լինի: Օրինակ, այդ գումարներով մեր ըմբիշները մասնակցեցին աշխարհի գավաթին, Եվրոպայի երիտասարդական առաջնության, որոնց համար ֆեդերացիայի բյուջեն չէր բավարարում: Սրան ավելացնենք ամբողջական կազմերով լրացուցիչ ուսումնամարզական հավաքները, որոնք հաճախ համատեղ կազմակերպվում են մեծահասակների եւ երիտասարդների համար, մրցաշարերը, երեք տարիքային խմբերի հավաքականների անդամների եւ թեկնածուների ամսական պարենային-դրամական բավարարումը՝ ամսական 50-ից 800 հազար դրամ թոշակների տեսքով, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված ըմբիշներին, նրանց ու հավաքականների մարզիչներին խրախուսական խոշոր պարգեւատրումները, վիտամինների, մարզահագուստի ձեռքբերումները… բոլորը չես թվարկի:

– Իսկ նյութատեխնիկական բազան հարստացնելու ուղղությամբ որեւէ բան արվո՞ւմ է:

– Ֆեդերացիայի համար ձեռք է բերվել «Hundai» մակնիշի երկու նոր ավտոբուս, որոնցով ըմբիշներն ավելի հարմարավետ պայմաններում են մեկնում տարածաշրջանի երկրներում անցկացվող հավաքներին եւ միջազգային մրցումներին, գնել ենք միջազգային պահանջներին համապատասխանող մրցագորգեր: Պարոն Սամվել Կարապետյանի հետ քննարկել ենք Երեւանում կամ մոտակայքում ֆեդերացիայի համար ըմբշամարտի առանձին՝ սեփական, մարզահամալիր կառուցելու նպատակահարմարության խնդիրը: Դա կօգնի հանրապետության ողջ տարածքից, որտեղ մարզաձեւով զբաղվելու պայմանները սուղ են, ընտրել հեռանկարային պատանիների ու երիտասարդների: Նրանք կբնակվեն այնտեղ ու հավաքականների անդամների հետ մշտապես մարզվելու հնարավորություն կունենան:

– Մեծահասակների հավաքականներում սերնդափոխություն նախատեսվո՞ւմ է:

– Այդ հարցին, լավ կլիներ, պատասխանեին հավաքականների մարզիչները: Դա մշտական գործընթաց է եւ յուրաքանչյուր մարզիկ մի օր հրաժեշտ է տալիս մեծ սպորտին: Տարիքն առնող մարզիկին դժվար է երիտասարդի հետ հավասար տանել տարեցտարի մեծացող ծանրաբեռնվածությունները: Այժմվանից սկսվել է օլիմպիական հաջորդ քառամյա ցիկլը եւ մարզիչները լրջորեն զբաղվում են սերնդափոխության խնդիրներով:

– Կարելի՞ է ասել, որ ֆեդերացիան այժմվանից ուշադրության կենտրոն է վերցրել երիտասարդներին:

– Կարելի է, ինչո՞ւ ոչ: Դա բնական գործընթաց է:

– Բայց մի խնդիր կա, որին ձեր պատասխանը շատ հետաքրքիր կլինի: Եթե ասպարեզն ավելի շատ տրվի երիտասարդներին, հնարավոր է՝ մեդալների քանակը նվազի: Իսկ դա մեզանում որպես նահանջ է ընկալվում:

– Մեդալներն, անշուշտ, կարեւոր են: Բայց դա ավելի պետք է ժողովրդին: Մենք խնդրին այլ կերպ ենք նայում: Կարելի է այսօրվա առաջատար մարզիկներին «քամել» ու մի երկու տարի էլ մեդալներով ուրախանալ: Իսկ դրանից հետո՞… Ֆեդերացիան նպատակահարմար է գտնում եղած ռեսուրսներն այսուհետեւ ավելի շատ ուղղել երիտասարդներին ու պատանիներին: Թեկուզ մեդալների նվազման գնով: Թեեւ անելու ենք ամեն բան, որպեսզի սերնդափոխությունը ցավալի չլինի: Իսկ եթե մեկ-երկու մեդալ էլ պակասի, փույթ չէ: Դրա փոխարեն երիտասարդները նոր օլիմպիական ցիկլում մրցափորձ կուտակելու, միջազգային գորգերում աճելու եւ կայուն բարձր արդյունքներ ցույց տալու հնարավորություն կստանան: Իսկ երեք տարի հետո, երբ արդեն կխաղարկվեն վարկանիշային ուղեգրերը, ավելի վստահ կպայքարեն դրանց համար եւ հաջորդ օլիմպիական խաղերում կգոտեմարտեն ավելի բարձր կոչումների համար:

– Եվ վերջին հարցը: Հնարավոր չէ՞ վարկանիշային մրցումներից մեկը բերել Երեւան:

– Սամվել Կարապետյանի հետ այդ հարցը քննարկել ենք: Բայց վարկանիշային մրցումների ժամկետների եւ կարգի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Սպասել է պետք: Կգա՞ ժամանակը, կտեսնենք՝ ինչ է հնարավոր անել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31