Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր թատրոնները չեն կրկնօրինակելու Արեւմուտքը

Դեկտեմբեր 25,2012 14:34

Հայաստանյան թատրոններում, ընդառաջելով արհմիությունների առաջարկին, տոնածառային ամանորյա ներկայացումները սկիզբ դրվեցին 1970-ականներին: Որոշ թատրոններում արդեն տրվել է ամանորի մեկնարկը, իսկ վաղվանից կմիանան մյուս թատերական հիմնարկները՝ բացառությամբ 1-2-ի:

«Առավոտը» դիմեց որոշ պետական թատրոնների ղեկավարներին՝ իմանալու, թե ինչ սկզբունքով են ընտրված ստեղծագործությունները եւ արդյոք իբրեւ փոքր պետություն, հնարավոր չէ՞ իբրեւ Ամանորի խորհրդանիշ, ընտրել լավագույն երկերից մեկը, այնպիսին, ինչպիսին, օրինակ, տասնամյակներ շարունակ Արեւմուտքում ներկայացվող Չայկովսկու «Շչելկունչիկն» է: Վերջինս ներկայացնելու համար 2010թ. Ստոկհոլմում կառուցվեց հատուկ թատրոն: Գուցե այս դեպքում մեզանում էլ վերանան այն խոսակցությունները, թե ամանորյա տոնածառային ներկայացումները, որոնք օրական 5-6 անգամ են խաղացվում հիմնականում նորելուկ դերասանական կազմով, ոչ այլ ինչ են, քան «գրդոն»:

Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանն այս անգամ էլ չխախտեց իր սկզբունքը՝ չմասնակցելով մեր հարցախույզին, հետեւաբար նշենք միայն, որ իրենց մոտ արդեն որերորդ տարին, եթե չենք սխալվում՝ 2009-ից, Ռազմիկ Խոսրոեւի բեմադրությամբ ներկայացվելու է Լ. Լիչարդսոնի «Մեծ անտառի զավակները»:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ասաց. «Ամանորյա ներկայացում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական բեմ, ինչը մենք չունենք: Երկրորդ տարին է՝ անարդյունք դիմում եմ մշակույթի նախարարություն՝ մանկական պիեսի հայտով, որը, համոզված եմ, կդառնար նաեւ ամանորյա: Ինչ վերաբերում է «Շչելկունչիկին», դա իմ սիրելի գործերից է, գուցե այն հենց մնջախաղի տեսքով է պետք ներկայացնել, որով իսկապես կարելի էր «ձեռնոց նետել» Արեւմուտքին: Իզուր չէ մեծանուն կատակերգու Լեոնիդ Ենգիբարյանն ասել՝ մնջախաղին ամենամոտ կանգնածը անիմացիոն ժանրն է»:

Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը նշելով, թե իր նախընտրած դասական երկերի թվում նաեւ «Շչելկունչիկն» է, հավելեց. «Դա մեր Ազգային օպերային թատրոնի գործն է, ուրախ կլինեի հիշյալ բալետը տարիների ընդմիջումից հետո կրկին տեսնել օպերային թատրոնում»: Խոսելով իր ղեկավարած թատրոնի ամանորյա ներկայացման մասին՝ նա ասաց. «Համեցեք Լապլանդիա». այսպես է կոչվում Լիլի Էլբակյանի պիեսն ու սեփական ռեժիսուրայով արված աշխատանքը, որը ամիսներ առաջ հաստատեց թատրոնի գեղարվեստական խորհուրդը: Ներկայացման մեջ ընդգրկված է երկու սերունդ՝ առաջատար դերասանները եւ մեր թատերական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողները: Բեմադրությունն արված է հայկական հեքիաթների հիման վրա, գրված է հատուկ երաժշտություն (հեղինակ՝ Էվա Ոսկանյան) եւ, որ ամենակարեւորն է՝ այն զուրկ է գռեհկաբանությունից: Օրական կխաղանք 3-4 ներկայացում»:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կներկայացվի Շուշանիկ Գեւորգյանի բեմադրությամբ «Եդեմական ծաղիկը»՝ ըստ թումանյանական հեքիաթի: Ինչպես նշեց բեմադրիչը, նախորդ երկու ամանորի բեմադրությունների հեղինակն էլ է ինքը եղել (Աղայանի «Արեգնազանը» եւ Թումանյանի «Ոսկե աքաղաղը»). «Բեմադրության մեջ ընդգրկված են հայկական ֆիլմերից հայտնի այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Աննա Դավթյանը, Գեւորգ Մութաֆյանը, Աշոտ Հակոբյանը եւ իհարկե՝ նոր անուններ: Ինձ չի թվում, որ Արեւմուտքի օրինակով մշտապես պետք է ներկայացնել «Շչելկունչիկ»: Ամանորյա խաղացանկը ամեն տարի պետք է համալրել նոր գործերով, ընդ որում՝ հայ հեղինակների»:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ այս տարի դարձյալ նոր պիես են «հրամցնում»՝ Նարինե Եդիգարյանի եւ Լարիսա Մանգասարովայի «Ամենա-ամենաուրախ հանդեսը»՝ Մանգասարովայի ռեժիսուրայով. «Շչելկունչիկը» անկասկած հրաշք գործ է: Արդյո՞ք մեր օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը կարող է նույնչափ հրաշալի լուծում տալ Հոֆմանի ու Չայկովսկու երկին… Իմ կարծիքով՝ ամանորյա ներկայացումները պետք է լինեն բազմազան, ինչը հնարավորություն կտա հնարավորինս կտրվել ճոխ սեղաններից ու անհամ կենացներից»:

Ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի խոսքերով. «Այս տարի բեմադրիչ Իրա Հարությունյանը պատրաստել է երաժշտական ներկայացում՝ ըստ Չայկովսկու «Բժիշկ Այբոլիտի»:

Դրամատիկ թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանն էլ ասաց. «Անդերսենյան «Արքայադստեր համբույրը» պիեսի հեղինակ եւ բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի ամանորյա աշխատանքը դեռեւս սեպտեմբերին հավանության է արժանացել գեղարվեստական խորհրդի կողմից: Ներկայացմանը մասնակցում են վաստակավոր արտիստներ Հայկուհի Խուդավերդյանը, Կարպիս Շամալյանը, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր Գաբրիելյանը եւ իհարկե՝ երիտասարդ դերասաններ: Աշոտ Փափազյանի երաժշտական ձեւավորման մեջ ընդգրկված է նաեւ հատված «Շչելկունչիկից»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31