«Առավոտը» անցյալ տարի անդրադարձել է պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հեղինակած «Հաշվապահի գրադարան» մատենաշարին, որը նախատեսված է գործարար ոլորտի աշխատակիցների եւ տնտեսագիտական բուհերի ֆինանսահաշվային մասնագիտությամբ սովորող ուսանողների համար: Օրերս կայացավ «Էդիտ Պրինտ» հրատարակչության կողմից մատենաշարով լույս ընծայած «Գործնական մարքեթինգ», «Ֆինանսական վերլուծություն», «Հաշվառումը հանրային ոլորտում» ձեռնարկների շնորհանդեսը: Արմեն Ճուղուրյանը ներկայացրեց հրատարակչական նախաձեռնության գիտագործնական նշանակությունը եւ առաջարկեց ֆինանսահաշվային մասնագետներին համախմբվել եւ հաջորդ տարի նույն մատենաշարով լույս ընծայել շուրջ մեկ տասնյակ ձեռնարկներ: Ելույթ ունեցան նաեւ Ագրարային ազգային համալսարանի դոցենտներ Ջ. Գեւորգյանը եւ Գ. Վարդանյանը, որոնք նույնպես ընդգծելով հրատարակչական նախաձեռնության կարեւորությունը, ներկայացրեցին իրենց կողմից համահեղինակած ձեռնարկների բովանդակությունը: Ձեռնարկի նպատակը հանրապետությունում գործող շուրջ 80 000 հաշվապահներին մեթոդական օգնության ցուցաբերումն է հարկային խորհրդատվության, ֆինանսական հաշվետվությունների կազմման ոլորտում: Բացի այդ, այն կիրառելի է ներկայիս բուհական համակարգում ֆինանսահաշվային մասնագիտությամբ սովորող 7000 ուսանողների շրջանում, որոնք կարիք ունեն հաշվապահական հաշվառումը ուսումնասիրելու ոչ միայն որպես սոսկ հաշվետվությունների ներկայացման միջոցի, այլեւ տնտեսական գործունեության ոլորտում կառավարչական որոշումներին աջակցման գործիքի տեսանկյունից: «Հաշվապահի մատենաշարի» շնորհանդեսը անցավ նախատոնական մթնոլորտում՝ պրոֆեսոր Ճուղուրյանը Ձմեռ պապի հագուստով եւ բարի մաղթանքներով գրքեր էր նվիրում ներկաներին՝ շնորհավորելով բոլորի գալիք Ամանորը:
ՆՈՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ