«Անտարեսի» ներմուծած գրքերը 20 օր է՝ մաքսայինը չի կարողանում որոշել՝ գի՞րք է, թե՞ խաղալիք
Հայաստանում գրատպությունն ու գրքի մասին պատկերացումը կարծես թե 16-րդ դարից այս կողմ չի անցել. գրքի մասին պատկերացումները՝ թե գիրքն ինչ տեսք պետք է ունենա, դեռեւս Հակոբ Մեղապարտի չափանիշների են: Ամբողջ աշխարհում մանկական գրքեր տպագրելու ուղղությամբ մեծահասակները ողջ իրենց երեւակայությունն են օգտագործում եւ ստեղծում այնպիսի գրքեր, որոնք մանուկների համար գրավիչ կլինեն, եւ նրանք սիրով գիրք կկարդան: Իսկ երբ փորձ է արվում նման ժամանակակից գրքեր, օրինակ՝ ձայներով, լույսերով գրքեր ներմուծել Հայաստան, ապա հայրենի մաքսավորները դա գիրք չեն համարում, այլ խաղալիք: Ուշագրավն այն է, որ այդ գրքերը, որը մաքսայինը վիճելի է համարում՝ գիրք է, թե խաղալիք, արդեն 20 օր է՝ մաքսայինի պահեստում են, մինչդեռ ամբողջ աշխարհով մեկ դրանք ISBN (International standart book number) չափանիշով են ներմուծվում կամ արտահանվում, իսկ Հայաստանում այդ չափանիշն ընդունելի չէ:
«Անտարես մեդիա հոլդինգի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ISBN չափանիշով նմանատիպ գրքեր է փորձել ներմուծել. մանկական այդ գրքերում կան այնպիսիները, որտեղ էկզոտիկ կենդանական աշխարհ է պատկերված, եւ ըստ այդմ՝ համապատասխան ձայներ են արձակվում, կա գիրք, որի էջերը թերթելիս խոզի, գնացքի կամ թռչունների ձայներ են լսվում, կա գիրք, որի հետ մեկտեղ նաեւ հայելի կա տուփում, շատ փոքրիկների համար փափուկ խաղալիքի տեսքով կտորե գիրք էլ կա, որտեղ նաեւ փոքրիկ տեքստ է գրված, բայց այս ամենը մաքսայինը փորձում է խաղալիք համարել՝ պատճառաբանելով, որ տեքստը քիչ է:
«Առավոտի» հետ զրույցում «Անտարես հոլդինգի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ մաքսայինում գրքերից մեկը խաղալիք են համարում՝ ասելով, թե փափուկ է, ուրեմն խաղալիք է: «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա այն, ինչ փափուկ է, պետք է խաղալի՞ք համարել: Ուրեմն կնոջ կուրծքն էլ է խաղալիք, հայրիկի քիթը կամ ականջն էլ է խաղալիք, քանի որ փափուկ է, ու երեխաները խաղում են դրանցով: Սրա՞նք են մեր տարբերման նշանները: Ուրեմն ծանր գրքով կարելի է նաեւ մարդ սպանել»,- նման կարծիք հայտնեց պարոն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ արդեն 20 օր է՝ մաքսայինը գործարարին ոչինչ չի ասում՝ որպես խաղալի՞ք, թե՞ գիրք պետք է մաքսազերծվի ապրանքը, իբր թե փորձագետի պատասխանին են սպասում, սակայն պարոն Մարտիրոսյանն էլ պնդում է, որ Հայաստանում ժամանակակից գիրք արտադրող 4 ընկերություն կա, որից մեկն ինքն է, սակայն մաքսայինը ոչ մի ընկերության էլ չի դիմել. «Ի՞նչ է, տրակտորսից եք հարցում անում, որ 20 օր է՝ չի կարողանում պատասխանել, այս ընթացքում ես հսկայական վնասներ եմ կրում»:
Կարդացեք նաև
Նշենք, որ գիրք ներմուծելու համար ավելացված արժեքի հարկ սահմանված չէ, իսկ ահա խաղալիքի ներմուծման դեպքում գործարարը պետք է ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք վճարի, ըստ որի՝ մոտ 32%-ով ապրանքի գինը թանկանում է: Սակայն խնդիրն այն է, որ անգամ եթե գործարարը ապրանքը որպես խաղալիք էլ մաքսազերծի, ապա այդ գրքերն, ինչպես ինքն ասաց, այլեւս պետք էլ չեն. «Բանն այն է, որ Հայաստանում նման գրքերը տարին մեկ են վաճառվում, այն էլ՝ Ամանորին, իսկ հիմա արդեն այդ գրքերն ինձ պետք չեն, քանի որ հայաստանցին դեկտեմբերի 10-ից 25-ն է այս տեսակ գրքեր գնում: Հիմա եթե անգամ խաղալիքի անվան տակ էլ մաքսազերծենք, չենք հասցնի խանութ ուղարկել ու վաճառել: Ըստ էության, խնդիրը մաքսայինում էլ չի, այդ խեղճ մաքսայինն էլ մեղավոր չէ, օրենքում բացթողումներ կան, եւ օրենքում խոսք չկա միջազգային ISBN չափորոշիչի մասին: Եթե օրենքում գրված լինի հաչացող կամ ձայներով գիրք, մենք էդպես կմաքսազերծենք, բայց չկա օրենքում նման բան, ու հիմա ես ընկել եմ ավելորդ խնդիրների մեջ»:
Հաշվի առնելով, որ Երեւանը գրքի մայրաքաղաք է հայտարարված, «Անտարեսը» ժամանակակից ու ամենակարեւորը՝ երեխաների համար հետաքրքիր գրքեր է բերել, եւ քանի որ օրենքի խնդիր էլ կա, ապա կարելի էր գործարարին ընդառաջել: Ինչպես պարոն Մարտիրոսյանն ասաց. «Առաջարկել եմ վիճելի 30 հատ գրքերը մնան իրենց մոտ, իսկ մնացած 5000 հատը տան՝ վաճառեմ, հետո ինչ էլ որոշեն՝ տուգանք կամ որպես խաղալիք, ընթացքում գուցե դատական կարգով հարցը լուծվի, միայն թե կարողանայի ապրանքը շուկա հանել, հատկապես, որ նման նախադեպ արդեն եղել է: Բայց մաքսայինը անհիմն լռում է, ոչինչ չի պատասխանում: Այսպե՞ս են աջակցում հայ գործարարներին, առավել եւս, որ ապրանքը գիրք է, ոչ թե այլ բան: Եթե ես որոշեմ հետագայում էլ նման գրքեր ներմուծել, ապա կրկին փաստի առաջ եմ կանգնելու, բայց հետաքրքիրն այն է, որ ես արդեն մի անգամ երգող գրքերից բերել եմ որպես գիրք, հիմա չգիտեմ՝ ինչո՞ւ այլեւս գիրք չեն համարում: Հայաստանում դեռ չեն պատկերացնում, որ գրքերը կարող են ոչ միայն թղթից լինել, այլեւ ասենք՝ ջուր չներծծող մատերիալից, որը երեխաների համար է, որ լոգանք ընդունելիս նաեւ կարդան, բայց մաքսայինում դա էլ է վիճարկվում՝ խաղալի՞ք է, թե՞ գիրք: Կրթության նախարարն ու վարչապետն ասում են՝ անգրագիտությունը շատացել է, մարդիկ չեն ձգտում գրքի: Գրքի տարի է, մենք էլ ուզում ենք, որ գրքից չհեռանան, բայց միեւնույն ժամանակ խնդիրներ են ստեղծում գիրք ներմուծողի եւ արտադրողի համար»:
Այս առնչությամբ պետեկամուտների կոմիտեն խոստացավ առաջիկայում պարզաբանում տալ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ