Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ից ի վեր Տեր-Պետրոսյանի ակնկալիքները բացառապես գերտերություններից են եղել

Դեկտեմբեր 25,2012 14:15

Նա պահանջում էր, որպեսզի Արեւմուտքը եւ ՌԴ-ն հարգեն մեր ժողովրդին

Շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հակառակ սպասումների, առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման հարցը անպատասխան թողեց: Նա հումորով ասաց, թե սպասում է. «Ես դիմել եմ բոլոր գերտերություններին՝ Ամերիկային, Չինաստանին, Ռուսաստանին, Եվրամիությանը, մինչեւ նրանց հավանությունը չստանամ, ես չեմ կարող ձեզ պատասխան տալ: Ուրեմն, խնդրում եմ, մի երկու օր էլ սպասեք, բոլոր գերտերությունները ինձ խոստացել են, հիմա իրենք գլուխ են ջարդում, նստած ստրատեգիա են որոշում, ինձ խոստացել են երկու օրից պատասխանել»:

Խուսափելով «քաղաքագիտական վերլուծության» արդյունքներն ամփոփելուց եւ շրջանցելով ՀԱԿ-ի համար ոչ պակաս կարեւոր մեկ այլ խնդիր՝ ԲՀԿ-ի որոշումը, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու թեկնածությունը, եւ ԲՀԿ-ն չի սատարելու որեւէ թեկնածուի, Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իրավամբ քաղաքագիտական ելույթով՝ հակադարձելով «որոշ անապատասխանատու» մարդկանց, ովքեր ըստ նրա՝ փորձում են ազգը բաժանել արեւմտամետների եւ ռուսամետների: «Երբ որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը եւ Հայաստանի ապագան կապում է ասենք՝ Ռուսաստանի հետ, նրան համարում են ռուսամետ եւ հակաարեւմտյան: Ավելին՝ արեւմտյան արժեքները մերժող»,- նշեց նա՝ հավելելով, որ գիտի այդ մարդկանց մոտիվացիան. «Նրանք իբր թե արժեքներից են խոսում, իբր թե քաղաքական կողմնորոշումներից են խոսում, բայց ավելի շատ նկատի ունեն այլ բան՝ դրանք ավելի շատ գործակալական կողմնորոշումներ են, քան արժեքային կամ քաղաքական: Նույնը վերաբերում է նաեւ, այսպես կոչված, ռուսամետություն քարոզողներին. նրանց էլ արժեքներն ու գաղափարախոսությունը կամ քաղաքականությունը չէ, որ առաջնորդում են, այլ, ինչպես ասացի, գործակալական մոտիվացիան: Նույնիսկ լուրջ քաղաքական գործիչներ Հայաստանում ասում են, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի, պետք է հստակեցնի իր վերաբերմունքը՝ կամ դեպի Արեւմուտք, կամ դեպի Ռուսաստան: Ո՞վ ասաց…»: Լ. Տեր-Պետրոսյանը շեշտեց, թե կործանարար է համարում ինչպես միակողմանի արեւմտամետ, այնպես էլ ռուսամետ կողմնորոշումը, ավելին՝ հակաամերիկականությունը կամ հակառուսականությունը: «Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որեւէ գերտերության կամ որեւէ գաղափարախոսության: Մենք ոչ արեւմտամետ պիտի լինենք, ոչ ռուսամետ, միակողմանի կողմնորոշումը որեւէ ազգի դեռեւս բարիք չի բերել, որովհետեւ դա ստեղծում է որոշ բարեկամներ, բայց ստեղծում է նաեւ բազմաթիվ թշնամիներ»: Նա նաեւ թյուրիմացություն անվանեց այն, երբ մարդիկ ներկայացնում են, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, նախագահ ընտրել սեփական ուժերով, եւ իբր Հայաստանի նախագահը պետք է նշանակվի կամ ԱՄՆ-ից, կամ ՌԴ-ից: «Այստեղ էլ կան մարդիկ, որոնց թվում է, թե եթե ինչ-որ լեզու գտնեն ինչ-որ արտաքին ուժերի հետ, այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան, նախ դու այստեղ լիդեր դարձիր, որից հետո քեզ հետ այնտեղ հաշվի կնստեն»,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ կարելի էր համաձայնել, եթե այս քաղաքագիտական ելույթը նրա շուրթերից չհնչեր, քանի որ թե՛ Տեր-Պետրոսյանի ստրատեգիան 2008-ից ի վեր, թե՛ ՀԱԿ-ի գործունեությունը հիմնված է եղել գերտերությունների «կողմնորոշումների» վրա, եւ նույնիսկ կարելի է ամրագրել, որ գերտերությունների կարծիքի հետ հաշվի նստող ամենահնազանդ քաղաքական ուժը հենց ՀԱԿ-ն է եղել, եւ այդ հնազանդությունը գուցե եղել է ավելին, քան պետք էր: Ասվածը վկայող փաստերը բազմաթիվ են…

Սկսենք նրանից, որ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին, նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը մեկնեց Մոսկվա: Թե նախագահի թեկնածուն ընտրություններից մեկ շաբաթ առաջ ինչ նպատակով պետք է մեկներ Մոսկվա, կարծում եմ՝ ավելորդ է բացատրել, բոլորին էլ պարզ է, թե որ հարցի պատասխանը ստանալու համար էր անհրաժեշտ մեկնել ՌԴ: Ի դեպ, այդ այցի նպատակների եւ ՌԴ մայրաքաղաքում Տեր-Պետրոսյանի հնարավոր հանդիպումների մասին որեւէ տեղեկատվություն չէր հաղորդվում, սակայն օրեր անց ռուսական մամուլն անդրադարձել էր մեկօրյա այդ այցին: «Արգումենտի ի ֆակտի»-ն հայտնել էր, որ Տեր-Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահի թեկնածու, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իրավահաջորդ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ նշել էր, թե կարճ զրույց է տեղի ունեցել Տեր-Պետրոսյանի եւ Մեդվեդեւի միջեւ՝ չմասնավորեցնելով՝ հեռախոսազրո՞ւյց, թե՞ դեմ առ դեմ հանդիպում էր:

«Նովիյե իզվեստիա»-ն փետրվարի կեսերին հայտնել էր, որ ընտրապայքարին միացած Լ. Տեր-Պետրոսյանը բազմահազարանոց հանրահավաքներ է անցկացնում, սակայն հոդվածագիրը միաժամանակ փաստել էր, որ Կրեմլի համակրանքը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմն է. «Մոսկվայի նախընտրած թեկնածուն, ինչպես միշտ, իշխող կուսակցության թեկնածուն է, որի հաղթանակը կարող է ապահովել Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի հաջորդականությունը»: Իհարկե անհայտ մնաց՝ հանդիպե՞ց Տեր-Պետրոսյանը, թե՞ հեռախոսազրույց ունեցավ Պուտինի իրավահաջորդ Մեդվեդեւի հետ։ Սակայն ՌԴ-ում Տեր-Պետրոսյանի գտնվելու վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող դիմումների կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվել էր, թե դեսպանությունն այդ մասին համապատասխան տեղեկատվություն չունի: Դեսպանությունը խորհուրդ էր տվել օգտագործել ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության տարածած նյութը: Իսկ ՌԴ կառավարությանը մոտ կանգնած մի աղբյուր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ՌԴ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները հանդիպումներ չեն ունեցել ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու, երկրի նախկին ղեկավար Լ. Տեր-Պետրոսյանի հետ: ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Դ. Մեդվեդեւի քարտուղարությունը եւս հերքել էր այն տեղեկատվությունը, թե ՌԴ նախագահի թեկնածուն հանդիպում է ունեցել Լ. Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ ահա «ՌԻԱ Նովոստի»-ի քաղաքական մեկնաբան Պյոտր Ռոմանովը փետրվարի 13-ին ՀՀ առաջին նախագահի այցի, նրա՝ նախագահական ընտրություններում հնարավորությունների վերաբերյալ, մեղմ ասած, բավական բացասական հոդվածով էր հանդես եկել: Սահմանափակվենք ընդամենը նախաբանը մեջբերելով. «Փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին երկրի նախկին նախագահ, այժմ նախագահի թեկնածու պարոն Լ. Տեր-Պետրոսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն այնտեղ նա աջակցություն չգտավ…»:

Վերհիշենք նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընթացող խաղաղ, շուրջօրյա հանրահավաքներից մեկը՝ փետրվարի 28-ին, երբ Տեր-Պետրոսյանի խոսքը՝ ուղղված Արեւմուտքին, բավական տպավորիչ էր. «Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Նրանք պետք է կատարեն հետեւյալ վճիռը՝ կամ Հայաստանի ժողովրդի հետ են, իսկ դա նշանակում է՝ ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության հետ են, կամ Հայաստանի ավազակապետական, թաթար-մոնղոլական ռեժիմի հետ: Դրա համար նրանցից պահանջվում է ընդամենը մեկ քայլ՝ անել ամեն ինչ, որ փետրվարի 19-ին կայացած ընտրությունները չեղյալ հայտարարվեն եւ Հայաստանում հայտարարվեն նոր նախագահական ընտրություններ, այլ ճանապարհ չկա»: Տեր-Պետրոսյանը այդ օրը նաեւ ասաց, որ եթե Եվրոպան վարվի ոչ այն կերպ, ինչ իրենից պահանջվում է՝ ինչ կլինի. «Եվրոպան մեզ չի դավաճանելու, մենք նրան չենք մեղադրելու: Եվրոպան կդավաճանի ինքն իրեն, Եվրոպան կդավաճանի իր դավանած սկզբունքները, Եվրոպան կդավաճանի դեմոկրատիան, իրավական պետությունը, Եվրոպան կդավաճանի Վոլտերին, Դիդրոյին, Բեթհովենին, Գյոթեին, եվրոպական, արեւմտյան համաշխարհային քաղաքակրթությունը»: Լ. Տեր-Պետրոսյանն այդ օրը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակում, քննություն է ժողովրդի համար, բայց դա ոչ միայն ժողովրդի համար է քննություն, այլեւ ավելի մեծ քննություն է Արեւմուտքի, եվրոպական կառույցների, արեւմտյան պետությունների համար: Նա ընդգծեց, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ երկրների ու ԵԱՀԿ-ի, Հայաստանում առկա վիճակի հանդեպ հանդես չի գալիս հրապարակային հայտարարություններով:

Իսկ անդրադառնալով Ռուսաստանին՝ Տեր-Պետրոսյանը այդ օրը նշել էր, թե ՌԴ-ն կանգնած է դիլեմայի առաջ՝ կամ պետք է պաշտպանի Հայաստանում գործող ռեժիմին եւ կորցնի հայ ժողովրդի համակրանքը, իսկ դա լուրջ կորուստ կլինի ՌԴ-ի համար, կամ պետք է կանգնի հայ ժողովրդի եւ ՀՀ ժողովրդավարացման գործընթացի կողքին եւ այդպիսով, ի դեմս մեր երկրի, ձեռք բերի շատ արժեքավոր, ռազմավարական գործընկեր:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի վաղվա համարում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31