Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկական գարունը» կգա «հայկական ձմռանը»

Դեկտեմբեր 25,2012 14:12

Հարցազրույց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանի հետ

– Պրն Մայիլյան, ամիսներ առաջ մեր թերթում տպագրված Ձեր հարցազրույցում մի քանի կանխատեսումներ էիք արել առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Կարծում եք, որ ներկա իրավիճակը համապատասխանո՞ւմ է այդ կանխատեսումներին: Մասնավորապես՝ կրկին պնդո՞ւմ եք, որ «հայկական գարուն» կլինի:

– Այո, կանխատեսումներս իրականանում են: Միայն մեկ ուղղմամբ՝ գուցե «հայկական գարունը» կգա «հայկական ձմռանը»:

– Բայց գործիչներ կան, որոնք հակառակ կարծիքի են: Օրինակ՝ վերջերս Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, թե «96 թիվ չի կրկնվի»:

– Նա մոռանում է, որ «96 թիվն» արդեն կրկնվել է առնվազն երեք անգամ՝ 1998, 2004, 2008 թվականներին: Գուցե նա նկատի ունի, որ այս անգամ արդեն սխալնե՞րը չեն կրկնվի, եւ հաղթանակած ընդդիմադիր առաջնորդը գործը ավարտին կհասցնի ու կտապալի ատելի ռեժիմը: Այդ դեպքում ես համաձայն եմ նրա հետ:

– Միեւնույն ժամանակ պնդում են նաեւ (այդ թվում՝ նաեւ Վ. Մանուկյանը), որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի:

– Ս. Սարգսյանը մի հարցում միայն այլընտրանք չունի՝ կեղծիքների մեխանիզմին տիրապետելու: Նրա տրամադրության տակ կա կեղծիքների հսկայական մեքենա, ինչը, բարեբախտաբար, չունեն մյուս թեկնածուները: Եվ այդ մեքենան արդեն սկսել է աշխատել: Այդ մեքենայի համար որպես հոգեբանական վառելանյութ օգտագործվում է Գեբելսի տեխնոլոգիան՝ սուտը հազար անգամ ասա, եւ այն ճշմարտություն կդառնա: Եվ ահա, զանազան վերլուծաբաններ, լրատվամիջոցներ ու գործիչներ, այդ մեխանիզմի մի մաս դարձած, կրկնում են սուտը: Ցավում եմ, որ Մանուկյանի նման գործիչը այդ մեխանիզմի մաս է դարձել: Սպասվում է, որ շուտով ասպարեզ կմտնեն նաեւ թվերի ծղրիդները՝ «սոցիոլոգները»: Իրականում թեկնածուների մեջ ամենախոցելին Ս. Սարգսյանն է. նա ժողովրդին ասելիք չունի: Նրա ինքնահայտարարված իշխանության օրոք Հայաստանը դատարկվել է: Հասկանո՞ւմ եք, նա դատարկել է Հայաստանը…

– Դուք անդրադարձաք թեկնածուներին: Ի՞նչ կասեք կին թեկնածու ունենալու մասին:

– Քաղաքականությունը ծանրամարտ չէ, որ մրցակցությունը բաժանվի ըստ սեռերի: Պարզապես այդպիսի խնդիր չկա:

– Դուք կրկին պնդում եք, որ անհրաժեշտ է, որ Հայաստանի նախագահը երեւանցի՞ լինի:

– Անկասկած: Նա պետք է երեւանյան քաղաքական դպրոցի ներկայացուցիչ լինի: Մյուսների կողմից Հայաստանը դիտվում է որպես բիզնես-միջավայր կամ այլ կերպ ասած՝ խոպան:

– Իսկ ներկա թեկնածուները բավարարո՞ւմ են Ձեր սահմանած չափանիշներին:

– Փորձեմ լինել անկողմնակալ: Խնդիրն այն է, որ այսօր ասպարեզում քաղաքական երեք դպրոցի ներկայացուցիչներ կան. Րաֆֆի Հովհաննիսյանն ամերիկյան քաղաքական դպրոցի ժառանգորդն է՝ թույլ հայկական շպարով, Սերժ Սարգսյանը ադրբեջանական կոմունիստական դպրոցի հետադիմական ավանդույթներից այդպես էլ չկարողացավ ձերբազատվել: Նարինե Մկրտչյանն է, որ ներկայացնում է Հայաստանում ծնված քաղաքական դպրոցը: Ըստ էության, նա 88-ի համազգային շարժման հայաստանյան թեւի միակ ներկայացուցիչն է թեկնածուների շարքում: Նա է կրում հաղթանակած շարժման գաղափարախոսությունն ու արժեքները եւ կարող է վերակենդանացնել դրանք հասարակական եւ պետական կյանքում: Սա հսկայական առավելություն է մյուսների նկատմամբ:

– Այնուամենայնիվ, այսքանից հետո վերադառնանք առաջին հարցին՝ ինչպե՞ս կնկարագրեք նախընտրական իրավիճակը Հայաստանում:

– Հասարակությունը կամ ավելի ճիշտ՝ նրա գիտակից մասը իսկապես փոփոխություններ է ցանկանում եւ պատրաստ է պայքարել դրա համար ու փնտրում է այն ցանկալի թեկնածուին, որի հետ առաջ կգնա: Իշխանությունները տենդագին պատրաստվում են կեղծիքների: Տվյալներ կան, որ Ս. Սարգսյանի «… եւ վերջ» ճառից հետո Հանրապետական կուսակցությունը անվտանգության եւ ուժային կառույցներին հրահանգ է իջեցրել ամեն գնով գործը Մարտի 1-ի չհասցնել, եւ վերջ: Այդ ամսաթիվը սարսափ է առաջ բերում նրանց մոտ: Ընդհանուր առմամբ, Ս. Սարգսյանը վախեցած է հեղափոխական տրամադրություններից: Եվ դա բնական է:

– Ի՞նչ կփոխանցեիք ընտրողներին:

– Ժամանակն է…

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31