Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը «մաքսազերծեց» ՀԱԿ-ին

Դեկտեմբեր 25,2012 14:01

Հովհաննես Իգիթյանը եւ Ստեփան Սաֆարյանը՝ ՀԱԿ առաջնորդի ելույթի մասին

«Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական գործիչ է, ինձ թվում է՝ ինքը որոշ վերլուծություններ անելու ժամանակ է ուզում, եւ չի բացառվում նաեւ, որ որոշ ուժերի, ինչու ոչ՝ նաեւ իր թիմի հետ խորհրդակցելու կարիք ունի: Այս վերջինը ես շատ եմ կարեւորում, գտնում եմ, որ նախագահի ցանկացած թեկնածու, հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջին հերթին պետք է այդ հարցը քննարկի իր քաղաքական թիմի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Հիշեցնենք, որ այդ օրը, ի հեճուկս հստակության ակնկալիքների, առաջին նախագահը հորդորեց մի քանի օր էլ սպասել իր վերջնական որոշմանը: Այս պահին, փաստորեն, առաջին նախագահի առաջադրվելու հավանականությունը 50/50 է. Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցինք՝ իր տպավորությամբ, այնուհանդերձ, ի՞նչ որոշում կկայացնի Տեր-Պետրոսյանը, եւ նրա չառաջադրվելու պարագայում ի՞նչ է սպասվում: «Այդ ամբողջ դահլիճը համոզված էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, եւ դա է սպասում: Ես էլ, որպես ՀՀՇ պատվիրակ եւ ՀՀՇ անդամ, դա սպասում եմ: Բայց, բոլոր դեպքերում, ես մի թերություն եմ տեսնում Հայաստանի քաղաքական դաշտում՝ բոլոր թեկնածուների համար եւ հատկապես մեզ համար. ցանկացած թեկնածու պետք է առաջին հերթին չմոռանա, որ ինքը պետք է ներկայացնի հասարակության զգալի մասը, ոչ միայն իր քաղաքական ուժը: Երբ մենք խոսում ենք, օրինակ, ընդդիմության միասնական թեկնածուի մասին, դա, իհարկե, կարեւոր է, բայց առաջնահերթ չպետք է լինի: Ընդդիմության միասնական թեկնածուն պետք է ներկայացնի հասարակության զգալի զանգվածը, որի համար այսօր պետք է շատ աշխատանք տարվի: Մեր հասարակությունը շատ է հիասթափված բոլորից, այդ թվում նաեւ՝ ընդդիմությունից»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ ճի՞շտ է Տեր-Պետրոսյանի առաջադրումն այս իրավիճակում, մանավանդ, որ նկատի առնենք 2008-ին հաջորդած իրադարձությունները ու դրանց արդյունքում առաջացած անվստահությունը: Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ երկու մոտեցում կա. կարելի է հիասթափվել հասարակության հետ միասին, գնալ հասարակության տրամադրությունների ետեւից, քանի որ մենք էլ ենք հասարակության մաս: Բայց, մյուս կողմից, որպես քաղաքական ուժ՝ պետք է պայքարել եւ ոչ միայն իշխանության դեմ, այլեւ նախեւառաջ՝ հասարակության վստահությունը վերականգնելու համար. «Մանավանդ այս իրավիճակում, երբ ընտրական համակարգ գոյություն չունի, շատ կարեւոր է հասարակության աջակցությունը: Միայն հասարակության կողմից քեզ շատ-շատ ուզելը կարող է բերել այն երեւույթին, որը մենք տեսել ենք 1988-ին, երբ հասարակությունը չէր վախենում ճնշումներից, չէր գնում կաշառքների ետեւից»: Այս համատեքստում ի՞նչ է հուշում վերջին խորհրդարանական ընտրությունների վերլուծությունը՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Հուշում է, որ ՀՀԿ-ն ասենք, թե իշխանությունը, ձեւավորել է մի մեխանիզմ, որտեղ հասարակությունը, քաղաքական ուժերը ընդհանրապես դեր չունեն, ու այդ համակարգը ենթադրում է, որ հնարավոր է ցանկացած մարդու նոմինացնել, դնել նախագահ: Ընդ որում, երբ ՀՀԿ-ն իր համագումարում ասում է, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, նրանք կեղծում են: Սերժ Սարգսյանն այլընտրանք ունի հենց Հանրապետական իշխանության մեջ. ցանկացած մարդու, ում նրանք կորոշեն անցկացնել նախագահ՝ այս սիստեմով, լինի դա Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը, Շարմազանով Էդուարդը, Գալուստ Սահակյանը եւ այլն, ՀՀԿ-ի կողմից հայտարարված ցանկացած մարդ կդառնա նախագահ, անկախ նրանից՝ հասարակությունը դա ուզում է, թե ոչ»:

ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց. «Այսօր որոշ անապատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնել մեր ազգի մեջ, որը ավելի վտանգավոր է: Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արեւմտամետների եւ ռուսամետների՝ շփոթելով այս հասկացության քաղաքական, արժեքային եւ գաղափարախոսական բաղադրիչը: Երբ որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը կապում է արեւմտյան ուժերի հետ, դրան համարում են հակառուսական: Երբ որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը եւ Հայաստանի ապագան կապում է Ռուսաստանի հետ, նրան համարում են ռուսամետ: Ավելին՝ արեւմտյան արժեքները մերժող: (…) Մի բան է արժեքները, մի այլ բան՝ գաղափարախոսությունը, եւ այլ բան՝ քաղաքական կողմնորոշումը: Վերջինները կարող են երբեք կապ չունենալ առաջին երկուսի հետ»: «Առավոտի» հարցին՝ ո՞ւմ եւ ի՞նչ էր ուզում ասել Տեր-Պետրոսյանը սրանով, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Նախեւառաջ, կարծում եմ, ավելի շատ կապված էր ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցածի եւ տեղի ունեցողի հետ: Նկատի ունեմ անցած տարվա ընթացքում տարանջատումները, որոնք ունեին նաեւ արտաքին քաղաքական կողմնորոշման հետք: Նաեւ վերջին շրջանում ՀԱԿ-ին ներկայացվող այն մեղադրանքները, որ ՀԱԿ-ը ռուսամետության դաշտում է ձոնվում»: Այս առումով, Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի զրույցի գաղտնազերծումն, ըստ էության, այլեւս որեւէ կասկածի տեղ չի թողնում: Հիշեցնենք, որ այդ զրույցում նշվում էր, որ ՀԱԿ-ի բաղադրիչներից մեկը՝ քաղաքացիական հասարակությունը, «ոչ հակառուսական գծի մեջ» պահելն է:

Տեր-Պետրոսյանի ելույթի երկրորդ հասցեատերը, ըստ Ստեփան Սաֆարյանի, Սերժ Սարգսյանն էր: Հիշեցնենք, որ առաջին նախագահն իր ելույթում նաեւ ասաց. «Թյուրիմացություն է, որ այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, անգամ նախագահ ընտրել իր սեփական կամքով, եւ որ իբր թե նախագահ պետք է նշանակվի կամ ԱՄՆ-ից, կամ ՌԴ-ից: Սա էլ ահավոր մի շփոթություն է, ավելի մեծ հուսահատություն բերող բան դժվար է պատկերացնել: Բացի դա, սա նաեւ հիմնովին սխալ է: Ոչ ԱՄՆ-ը, ոչ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր եւ նրան նախագահ դարձնել»: Բերելով Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները՝ Տեր-Պետրոսյանը նկատեց, որ այդ երկրների լիդերները նախ տեղերում դարձան գործոն, հետո գործընթացների զարգացման վրա ինչ-որ չափով նաեւ ազդեցություն ունեցավ դրսի ուժերի աջակցությունը: «Սերժ Սարգսյանը իր համագումարը օգտագործեց քող ստեղծելու համար, թե իբր նախագահական ընտրությունների հարցերը լուծված են, Չինաստանից, Եվրոպայից, ՌԴ-ից ողջունում են իր առաջադրումը, փորձեց տպավորություն ստեղծել, թե ինքը դրսում բոլոր համաձայնությունները ունի: Կարծում եմ՝ այս կտրվածքով Տեր-Պետրոսյանը մի կողմից՝ հեգնում էր, իհարկե, բայց մյուս կողմից՝ փորձում էր «մաքսազերծել» ՀԱԿ-ին, որ ՀԱԿ-ն, ըստ էության, որեւէ արտաքին քաղաքական կողմնորոշում չունի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31