Թե ինչով են տարբերվում արժեքային համակարգը եւ գաղափարախոսությունը, ու որքանով են այդ երկուսը պայմանավորում քաղաքական կողմնորոշումը, ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, որովհետեւ ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ քաղաքագետ: Այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ համար անվերապահ հեղինակություն է, եւ, հետեւաբար, ես ամբողջությամբ վստահում եմ այն բնորոշումներին, որոնք նա տվել է ՀՀՇ վերջին համագումարում: Որպես լրագրող՝ ես գործ ունեմ ոչ թե փիլիսոփայական բարձր կատեգորիաների, այլ էմպիրիկ իրականության հետ, որի մասին փորձում եմ պատմել: Հիմա էլ ես կներկայացնեմ տաքսու վարորդի հետ իմ զրույցը (դա, իմ կարծիքով, մեր ժողովրդի բավականին ռեպրեզենտատիվ մաս է) եւ կխնդրեմ իմ՝ ավելի խորը գիտելիքներով օժտված ընթերցողներին բացատրել, թե որ «ռուբրիկայի» տակ է հնարավոր դա մտցնել:
Տաքսիստ. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ, էս ինչ արին էս գյոզալական երկիրը: Առաջ մարդը իր 120 ռուբլին ստանում էր, ամառը նստում էր իր մեքենան ու գնում էր Սոչի՝ հանգստանալու: Իսկ հիմա Սերժը էդ Սաշիկին ասել է, որ արագաչափեր դնի, որ ժողովրդի ձեռքից վերջին կոպեկները առնի, ու սաղ գնում է Սաշիկի գրպանը»: Ես. «Սաշիկն արագաչափերի հետ կապ չունի»: Տաքսիստ. «Դե, դու ինձնից լավ կիմանաս, բայց մեկ է՝ Սերժի շներն են դա անում»: Ես. «Ուրեմն դու ուզում ես խախտումներով քշես, որ քեզ չտուգանե՞ն»: Տաքսիստ. «Չէ, ես ուզում եմ, որ էս հայերի մեջ մի քիչ մարդկություն մնա»: «Ավանդական արժեքների» մասին հետագա քնարական հատվածը բաց եմ թողնում:
Տաքսիստ. «Մի բան էլ հարցնեմ՝ էդ որ ասում են՝ Պուտինը ուզում է Սովետը վերականգնի, ճի՞շտ է»: Ես. «Դե, Սովետը չէ, բայց դրա նման մի բան»: Տաքսիստ. «Վախ, էս ինչ լավ բան ասացիր: Բա ե՞րբ է դա լինելու»: Ես. «Եթե լինի էլ, շուտ չի լինի»: Տաքսիստ. «Վայ, թող շուտ անի: Պուտին ջան, ես քո ցավը տանեմ, արի՝ մեզ էս շակալներից փրկի: Տեսա՞ր, Ռուսաստանը ինչ երկիր է սարքել: Մենք որ մի հատ Պուտին ունենայինք, գիտե՞ս՝ ոնց էինք ապրելու: Շուտ անի, թող գա մեզ տիրություն անի: Ու գիտես, ի՞նչն է լավը: Մեր էս թալանչիները չեն կարող ասել՝ «չենք ուզում»: Պուտինը վռազ թուրքերին կասի՝ «մի հատ էս հայերի հարցերը լուծեք», ու էլ Հայաստան գոյություն չի ունենա»:
Հիմա խնդրում եմ քաղաքագետներին, պատմաբաններին եւ գործից հասկացող մնացած մարդկանց ինձ բացատրել՝ իմ այս զրուցակիցը (որը, իմ պատկերացմամբ, ներկայացնում է Հայաստանի բնակչության մեծամասնությանը) ունի՞ որոշակի արժեքային համակարգ, քաղաքական կողմնորոշում, հակվա՞ծ է որոշակի գաղափարախոսության: Եթե այո, ապա կա՞ արդյոք Հայաստանում մի ուրիշ հատված (փոքրամասնություն), որն այդպես չի մտածում: Եթե դարձյալ՝ այո, ապա կարո՞ղ ենք մենք ասել, որ Հայաստանի հասարակության մի մասը (մեծամասնությունը) մի կողմնորոշում ունի, իսկ մյուսը՝ մեկ այլ: Եվ, հետեւաբար, կարո՞ղ ենք մենք պնդել, որ քաղաքական ուժերի կամ գործիչների տարբեր խմբեր աշխատում են, հենվում են տարբեր կողմնորոշումների (արժեհամակարգերի, գաղափարախոսությունների) վրա:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ