Լրահոս
Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյան. «Որտեղի՞ց ենթադրեցիք, որ ընդդիմությունը զենքերը վայր է դրել»

Դեկտեմբեր 25,2012 13:51

ՀԱԿ անդամ, ԵԿՄ նախկին անդամ Մյասնիկ Մալխասյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց` Ձեր անելիքներն այս պարագայում որո՞նք են լինելու, պասի՞վ եք լինելու` նա պատասխանեց. «Ես միշտ անելիք ունեմ: Զբաղվելու եմ հանրօգուտ գործերով»: Մեր հարցին` Հրանտ Բագրատյանին չե՞ք սատարելու` նա պատասխանեց. «Դեռ որոշում չենք կայացրել: ՀԱԿ-ը չգիտեմ դեռ ինչ որոշում կկայացնի: Կկայացնի` հանրությունը տեղյակ կլինի»: Մենք ճշտեցինք` այսինքն` հնարավոր է չսատարե՞ք անգամ Հրանտ Բագրատյանին` Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Ես ձեզ արդեն պատասխանեցի: ՀԱԿ-ը պետք է որոշում կայացնի` կսատարի կամ չի սատարի»:

Մենք հետաքրքրվեցինք` Ձեզ համար Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիքը շա՞տ բարձր է` քաղաքականության մեջ ակտիվ լինելու համար` նա պատասխանեց.  «Ոչ միայն իմ համար: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է, որը մեծ քաղաքական գործիչ է: Ցանկացած դեպքում պիտի զգացվի նրա կարիքը, եթե մենք ուզում  ենք մեր երկիրը դառնա այն երկիրը, որին ձգտում է: Այդ առումով երկրի համար ինչքան կարեւոր է իշխանությունը, այնքան կարեւոր է ընդդիմությունը, որը երկիրը պիտի տանի ճիշտ ճանապարհով»: Մեր դիտարկմանը, որ եթե ընդդիմութունը զենքերը վայր է դնում, ժողովուրդն այլեւս ի՞նչ ընտրություն ունի` Մյասնիկ Մալխասյանը վստահեցրեց, որ նման բան չկա. «Դուք որտեղի՞ք ենթադրեցիք, որ վայր է դրել»:

Մենք պարոն Մալխասյանին հիշեցրեցինք, որ Ուշիում, Օհանավանում ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավների ժամանակ հենց ինքը վստահեցնում էր մարդկանց, որ երկիրը ծայրահեղ ծանր, օրհասական իրավիճակում է, որ պետք է քշել այս իշխանություններին, այլընտրանք չկա, իսկ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում քաոսային վիճակ գոյություն չունի եւ երկիրն այնպիսի վիճակում չէ, որ իր տարիքի մարդուն հրավիրեն երկիր ղեկավարելու: Այս առնչությամբ Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Դրանք իմ ընտրատարածքներն են եղել, որտեղից ես ընտրվել եմ: Գիտեք, ուղղակի Հայաստանը որդեգրել է մի ճանապարհ, որն այլընտրանք չունի: Դա ժողովրդավարական Հայաստանի ստեղծումն է, որտեղ հայ մարդը չպետք է լքի իր հողը, պետք է արդարադատություն լինի, որը մենք չտեսանք: Մարդիկ ապօրինի ազատազրկված էին: Մենք 1.5 տարի չհասկացանք, ինչի համար մեզ ձերբակալեցին: Նման արատավոր երեւույթներ կան»: Մեր հարցին ,որ այդքան ճնշումները, բանտերը, ինչպես Դուք նշեցիք, կեղեքումները եւ այսպիսի վերջաբա՞ն` Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Մեր պայքարը մի քանի անհատների պայքարով չպիտի ընթանա: Ժողովուրդը պիտի զգա դրա պահանջը: Պիտի զգա, որ ինքը պետք է անմասն չմնա այդ պայքարից, իր դեմ չկիրառվեն այդ մեթոդները: Եթե ինքը թույլ է տալիս, որ իր իրավունքները ոտնահարեն, այդտեղ մենք…բնականաբար, պիտի պայքարենք, բայց պայքարի արդյունքը կլինի այնքան, ինչքան որ կա: Իսկ ավելիի համար պետք է ավելի մեծ զանգվածների պայքար: Ժողովուրդը ինքը չպետք է դառնա միայն սպառող: Ինքը պետք է տեր լինի երկրին: Ես խոսում եմ` որպես ՀՀ քաղաքացի, որպես զինվոր, որն այս երկրի համար իր կարողությունների չափով ծառայել, օգտակար է եղել: Ես խոսում եմ այս մասին սրտի ցավով: Ես չեմ ափսոսում, որ ես պայքարել եմ ու դատապարտվել: Ես տեսնում եմ, որ մեր պայքարի արդյունքում քաղաքացիական հասարակություն է ծնվել: Բազմաթիվ խմբեր կան, որոնք այսօր պայքարում են, ծիլեր կան, որ հաջողություն են արձանագրում: Պետք չէ սրանից ուրախանալ, որ տեսեք, ընդդիմությունը պարտվում է, բան…Չտա Աստված, որ նման բան լինի, դա շատ աղետալի կլինի: Պարտադիր չի, որ հենց վաղը հաջողություն լինի: Հաջողությունը ժամանակի ընթացքում է լինելու»: Մենք ճշտեցինք` այսինքն` սա վերջը չէ, դեռ հրապարակը չեք թողնելու` նա պատասխանեց. «Տա Աստված, որ մեր երկրում ամեն ինչ լավ ընթանա, թող մենք էլ անգործ մնանք, մի քիչ վատ ապրենք, բայց մեր պետությունը նորմալ լինի, յուրաքանչյուր քաղաքացի իրեն ապահով զգա»: Այսօր Մյասնիկ Մալխասյանն իր որդուն ճանապարհել էր բանակ: Նա հույս հայտնեց, որ մեր սահմանները, ամենակարեւորը, ամուր կլինեն: Իսկ մնացածը կլինի ժամանակի հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31