«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որում ասված է. Մեղրաձոր առողջարանային գոտին հայտնվել է ցիանային արտադրության, Մեղրաձորի ոսկու եւ Թեժ Սարի նեֆելինայինսիենիտների հանքավայրերի բաց շահագործման վտանգավոր նախագծերի իրականացման կենտրոնում:
Ինչպես հայտնի դարձավ «ԷկոԼուր»-ին, դեկտեմբերի 25-ին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մտադիր է Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրի հարցով հանդիպել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ղեկավարների հետ: Ընկերությունը համառորեն անցկացնում է հասարակական լսումներ` ներկայացնելով նախագծային փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում գոյություն ունեցող բնապահպանական փորձաքննության անգամ ամենաթույլ չափորոշիչներին: Եւ դրա հետ մեկտեղ Բնապահպանության նախարարությունն ընդունում է փաստաթղթերը եւ հասարակական լսումները ճանաչում օրինական: Ավելին, չնայած նրան, որ հենց ընկերությունը չի ժամանել մայիսին իր կողմից կազմակերպած հասարակական լսումներին, նախարարությունը պատրաստ է նաեւ այդ լսումները ճանաչել օրինական: Վերջին քննարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին: Հասարակայնությունն այն ճանաչեց անօրինական:
Մյուս վտանգավոր նախագիծը, որը մտադիր են իրականացնել Մեղրաձոր գյուղում, ոսկու կորզման համար ցիանային արտադրամասի կառուցումն է, որի նախագիծը ներկայացրել է «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը, որի սեփականատերը եւ տնօրենը Վարդան Մարգարյանն է, նախագծողը` «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյանը:
Հասարակական լսումներն անցկացվել են երկու անգամ` դեկտեմբերի 5-ին եւ 17-ին: Սակայն առանց հայտարարության դեկտեմբերի 23-ին Վարդան Մարգարյանը եւ Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը հավաքել են բնակիչներին եւ հայտնել, որ նախագիծը որեւէ ռիսկ չի պարունակում, որ դա նրանք համարում են երրորդ հասարակական լսումները: Նախօրեին` դեկտեմբերի 21-ին, Մեղրաձորի բնակիչները Հրազդանում հանդիպեցին «ԷկոԼուր»-ի հետ եւ մտավախություն հայտնեցին, որ իրականում ռիսկեր կան, բայց թաքցվում են, եւ խնդրեցին օգնել` կազմակերպելու հասարակական լսումներ հրավիրված փորձագետների մասնակցությամբ: Խոսակցությանը խառնվեց Մեղրաձորի գյուղապետը եւ «ԷկոԼուր»-ին ասաց, որ ռիսկերի մասին խոսակցություններն ապատեղեկատվություն են: Դրանից հետո` դեկտեմբերի 23-ին, Մեղրաձորից բնակիչները զանգեցին «ԷկոԼուր»-ին եւ ասացին, որ իրենց վրա ճնշում են գործադրում, որ ոչ գյուղապետը, ոչ տնօրենը չեն ցանկանում նախագիծը քննարկել հրավիրված կազմակերպությունների հետ: «Մենք առաջարկեցինք քվեարկություն անցկացնել բնակիչների շրջանում, սակայն ընկերության տնօրենը չհամաձայնվեց: Մեր ոչ մի առաջարկությունը չընդունվեց: Իսկ երբ մենք խնդրեցինք կազմակերպել հասարակական լսումներ փորձագետների մասնակցությամբ, մեզ ասացին, որ սա հենց հասարակական լսում է, եւ որ ընկերությունն ունի փորձագետ»,- մեզ պատմեցին բնակիչները: Բնակիչների անունները մեզ հայտնի են, բայց մենք նրանց խնդրանքով չենք հրապարակում` բնակիչների անվտանգությունից ելնելով: Բանն այն է, որ շահերի բախման մեջ են ներգրավել նաեւ ընկերության աշխատողներին, ովքեր կարծում են, որ հողագործներն ուզում են իրենց զրկել աշխատանքից:
Կարդացեք նաև
ԷկոԼուր»-ը կարծում է, որ տվյալ նախագծերի վերաբերյալ հասարակական քննարկումների գործընթացը մտել է անթափանցիկության, անձնական պայմանավորվածությունների, հասարակայնության եւ տեղի բնակչույան վրա խիստ ճնշումների գործադրման շրջան, ինչը հղի է բարձր կոռուպցիոն ռիսկերով եւ օրենքի խախտմամբ: Մենք կոչ ենք անում Բնապահպանության նախարարությանը եւ անձամբ նախարար Արամ Հարությունյանին, ով ծառայողական եւ քաղաքական պատասխանատվություն է կրում, դուրս բերել հասարակական քննարկումների գործընթացը մասնավոր բանակցությունների դաշտից եւ տալ դրանց թափանցիկություն, լիարժեք փորձագիտական գնահատական, եւ կազմակերպել պաշտոնական փորձագիտական հասարակական լսումներ, որտեղ հաշվի կառնվեն հրավիրված փորձագետների, բնակիչների եւ անկախ փորձագետների կարծիքները եւ բոլոր առկա ռիսկերը:
Մենք Բնապահպանության նախարարությանը տեղեկացնում ենք նաեւ, որ Մեղրաձորում վաղուց Մեղրաձորի ոսկու հանքավայրի փակ շահագործումից անցել են բաց շահագործման: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում կազմակերպել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին փորձաքննության համար «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած` Մեղրաձորի ոսկու հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի ստուգում: Մենք խնդրում ենք տրամադրել մեզ հետեւյալ փաստաթղթերը` Մեղրաձորի ոսկու հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության վերաբերյալ հասարակական լսումների անցկացման հայտարարությունը, շահագրգիռ կողմերի կարծիքը, հասարակական լսումների անցկացման ժամկետները, Մեղրաձորի հանքավայրի բաց շահագործման նախագիծը, արձանագրությունը եւ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը: