Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր ամանորյա շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից, անիրավ դատավորներից ու տնտեսական անարդար մրցակցությունից։
«ՉԻ» – Փաստորեն Կարեն Անդրեասյանը հավակնում է Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադրի դափնիներին։ Ուշադրություն դարձրեք՝ նա ակնհայտորեն խարխլում է պետականության հիմքերը, որովհետեւ ուղիղ նշանառությամբ հարվածում է հատկապես այն «ինստիտուտներին», որոնց վրա հիմնված է Սերժ Սարգսյանի իշխանությունը, իշխանավոր բիզնեսմեններ (այսինքն, կառավարությունը՝ համարյա ամբողջ կազմով, եւ ՀՀԿ խմբակցության մեծ մասը), կաշառակեր դատավորներ (որոնց շնորհիվ ապահովվում է իրավական տեռորն «անցանկալի անձանց» նկատմամբ) եւ տնտեսական մենաշնորհներ (որոնց շնորհիվ համակարգը գերշահույթներ է ստանում):
Հուսով ենք՝ իրավապահ մարմինները Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական գործ չեն հարուցի «իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերի» համար։ Խոսքն ամեն դեպքում ընդամենը ամանորյա ուղերձի մասին է։
«Չորրորդ ինքնիշխանություն»