Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Սերժ Սարգսյանը կվերընտրվի օրինական ձևով»

Դեկտեմբեր 25,2012 12:30

Հատված Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի հարցազրույցից:

 – Նորմա՞լ է, երբ կենտրոնամետ, իր ազդեցությամբ երկրորդ ուժը դիմազրկում է քաղաքական դաշտը, որովհետև նրա «այո», թե «ոչ»-ին սպասելիս մյուսները չգիտեն ինչ անել, և, ի վերջո, արժեզրկվում է ընդդիմության գաղափարը։

 

– Եկեք բաժանենք և չխառնենք կոշտ ընդդիմադիր դաշտն ընդդիմախոսի դաշտի հետ։ Քաղաքական մեր ավանդույթը գալիս է խորհրդային ժամանակներից. «Յուրային չես, ուրեմն թշնամի ես» մտայնությունից։ Մենք դժվարությամբ ենք ընտելանում այն իրողությանը, որ քաղաքական դաշտում կարող են լինել նաև կենտրոնամետ ուժեր, որ չեն համաձայնում կառավարության քաղաքականության հետ, բայց մնում են ընդդիմախոս, առաջարկներ անող, իշխանափոխություն չեն պահանջում, բայց ասում են՝ մեր ծրագրերն ավելի լավն են։ ԲՀԿ-ն այդ դաշտում է։ Խնդիր առաջացավ, երբ ԲՀԿ-ի քաղաքական գործիչների մի մասը փորձեց կուսակցությունը տանել կոշտ քաղաքական դաշտ։ Բայց ստեղծման օրից կուսակցության էությունը, գաղափարն այլ էր։ Ի վերջո, ԲՀԿ-ն մեծ ընտրազանգված ունի։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ ուզում են տեսնել կոնկրետ գործ, ԲՀԿ-ում հենց այդ գործնական մարդիկ են՝ մի մասն ուզում է պաշտոնյա դառնալ, մի մասն ուզում է սոցիալական ոլորտում աշխատել՝ ԲՀԿ-ի բարեգործական հիմնադրամը կա Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Դեպի կոշտ քաղաքականություն ԲՀԿ-ին մղելու պատճառով առաջացած վակուումը արագ կհաղթահարվի։

– Մինչև նախագահական ընտրություննե՞ր, թե՞ հետո։

– Նախագահական ընտրությունների արդյունքը, իմ կարծիքով, կանխորոշված է։ Սերժ Սարգսյանը կվերընտրվի։ Կվերընտրվի օրինական ձևով։

– Իսկ կունենա՞ մրցակիցներ։

– Ես կոչ եմ անում քաղաքական ուժերին թեկնածուներ առաջադրելու, որ նախագահական ընտրություններում ներկայացված լինի քաղաքական սպեկտրը։ Նրանք, այո, շատ ձայներ չեն հավաքի, պետք է հասկանան՝ ինչի են գնում, քանի որ ընդդիմադիր դաշտը համախմբված չէ, շատ քիչ ժամանակ է մնացել, լուրջ քայլեր ձեռնարկել չեն հասցնի։

– Ո՞վ էր խանգարում մինչև հիմա համախմբվել, եթե նման ցանկություն ու մտադրություն կար։

– Թերևս՝ չկար, բայց չի նշանակում, որ թեկնածուներ չպիտի առաջադրեն, որովհետև բազմակուսակցականությունը պետք է ապահովել գոնե քննարկումների մակարդակում և պահպանել պետության իմիջը։ Ի վերջո, իշխող ուժերը մեղավոր չեն, որ ընդդիմադիր դաշտը չհամախմբվեց։ Մեր խնդիրն այսօր իշխանության մեջ չէ. իշխանությունն իր դրական գործերն ու սխալներն անում է, խնդիրը ընդդիմությունն է, որ հստակ չգիտի՝ ի՞նչ է ուզում և դեպի ո՞ւր պիտի գնա։ Ընդդիմադիր դաշտը բավականին լայն է՝ մեծ ու փոքր շատ կուսակցություններ կան, բայց չկան հստակ ազդակներ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում։ Օրինակ, ես չգիտեմ՝ նրանք Հայաստանի ապագան տեսնում են Եվրամիությա՞ն հետ համագործակցության մեջ, թե՞ Եվրասիական միության, ինչպե՞ս են տեսնում կոռուպցիայի դեմ պայքարը, արտագաղթի նվազեցումը և տասնյակ այլ հարցեր։ Ես կարծում եմ, որ նրանք այս ժամանակը պետք է օգտագործեն իրենց տեսակետները ներկայացնելու համար, հասարակությանն ավելի ճանաչելի ու հասկանալի դառնալու։

– Իսկ ինչո՞ւ։ Հայաստանում քաղաքական կյանքն ակտիվանում է փուլերով՝ ընտրությունից ընտրություն։ Եթե այս ընտրության արդյունքը կանխորոշված է, մինչև 2018 թվականը ակտիվանասչակտիվանաս՝ ի՞նչ է փոխվելու։

– Ինչո՞ւ միայն Հայաստանում, այդպես է բոլոր երկրներում, բայց որքան շուտ ներկայացնես քո հայտը, այնքան շատ կլինեն շանսերդ։ Գոնե հիմա ակտիվանան, որ հետո խմորումները բերեն հստակ դաշինքների ընդդիմադիր դաշտում։ Հիմա ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը պետք է իրենց դիրքորոշումները հստակեցնեն, որ ընտրողները հասկանան, թե իրենք ինչ են անելու։ Ի վերջո, կուսակցական կյանքը ու կյանքն ընդհանրապես մեկ ընտրություններով չեն ավարտվում։

– Ձեր կարծիքով՝ Լևոն ՏերՊետրոսյանի դարաշրջանն ավարտվե՞ց։

– Դժվարանում եմ ասել։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ կարևոր դեր խաղաց 2008-ին առաջադրվելով՝ նա ակտիվացրեց ու մաքրեց քաղաքական դաշտը կեղծ կուսակցություններից, շատերի դիմակը պոկվեց։ Ի վերջո, այն ժամանակ նա առաջարկեց կոնցեպտուալ ծրագիր։ Հիմա թող նոր սերունդը գա և շարունակի։

– Քաղաքական էլիտայի փոփոխությո՞ւնը նկատի ունեք։

– Բոլոր կուսակցություններում էլ երիտասարդ քաղաքական գործիչներ կան, թող նրանք ակտիվանան, չի կարելի անընդհատ 1-2-3 մարդու վրա քաղաքականություն կառուցել, թող երիտասարդները սովորեն աշխատել, սովորեն մտածել։ Պետք չէ պատասխանատվությունը անընդհատ մի քանի մարդու վրա գցել։

– Երեք նախագահների՞ն նկատի ունեք։ Ռոբերտ Քոչարյանը մնում է միակը, որ 2018-ին վերադառնալու շանսեր ունի, այո՞։

– Ես չգիտեմ, այսօր ոչ ոք չի կարող ասել, թե 2018-ին ինչ կլինի, բայց սխալ է անընդհատ ամբողջ պատասխանատվությունը գցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի վրա։ Նախ՝ նրանք միայնակ չեն աշխատել ու աշխատում, հետո էլ՝ դուք աշխատեք, ինչ է եղել։ Նոր, թարմ, չվարկաբեկված դեմքի պահանջարկը կա, դուռը բաց է։ Երբ խորհրդարանական ընտրություններից առաջ համամասնական ընտրացուցակները հրապարակվեցին, ակնհայտ դարձավ, թե ինչ պրոբլեմներ կան և իշխանական, և ընդդիմադիր դաշտերում, քանի որ, առանց բացառության, բոլոր ցուցակներում կային, մեղմ ասած, անհասկանալի մարդիկ, որ հետո հայտնվեցին խորհրդարանում, և դա հիասթափություն առաջացրեց: Հիմա պետք է նոր էջից ու նոր տողից սկսել։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31