Լրահոս
Օրվա լրահոսը

Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրման հարցում տարի՞քն էր պատճառը

Դեկտեմբեր 25,2012 12:13

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններին: Նա «ՉԻ» օրաթերթին տված հարցազրույցում իր այս որոշման հիմնական պատճառն է հայտարարել իր տարիքը: Լ. Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»:

Արդյոք ՀՀ առաջին նախագահը նո՞ր հիշեց իր տարիքի մասին, թե՞ իրականում այլ պատճառ կար չառաջադրման համար: Այս հարցերի շուրջ ծավալվեց Aravot.am-ի զրույցը մի շարք քաղաքագետների հետ:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի որոշման հարցում տարիքն ամենավերջին դերն է խաղացել ու շարունակեց. «Հակառակ պարագայում Լ. Տեր-Պետրոսյանը՝ որպես ընդդիմության առաջնորդ, կամ քաղաքական գործիչ, որ մտադրություն ուներ իրավիճակ փոխել, գոնե պիտի ժառանգորդ պատրաստեր: Բացի դրանից՝ տարիքի գործոնը կար նաև հինգ ամիս առաջ, մեկ տարի առաջ: Կարծում եմ, որ սեփական թիմի նկատմամբ Լ. Տեր-Պետրոսյանն այնքան էլ արդար չի վարվել և ընտրություններից գրեթե ոչինչ չմնացած՝ փաստի առաջ է կանգնեցրել ՀԱԿ-ին և ընդդիմադիր ընտրազանգվածին: Նա տեսավ, որ այն մարդիկ, ում հետ պետք է քաղաքական պայքարի դուրս գար պարզապես կոմպետենտ չեն նման իրավիճակում գործելու և ամեն մեկը փորձում էր այս ընթացքում լուծել սեփական լիդերության հարցը և դիվիդենտներ շահել: Լ. Տեր-Պետրոսյանը պարզապես հասկացավ, որ իր թիմը վարկաբեկել է ամբողջ շարժումը և այդ պարագայում ընտրությունների մասնակցելը կլինի պարզապես խայտառակ պարտություն»:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն էլ նշեց. «Չառաջադրման պատճառը հեռանկարի բացակայությունն էր: Կոնրադ Ադենաուերը 71 տարեկանում դարձավ ֆեդերատիվ Գերմանիայի հիմնադիր կանցլեր, կառավարեց մինչև 89 տարեկան: Եթե տարիքով լիներ, ապա Ադենաուերը չպիտի լիներ: Այս պարագայում ակնհայտ է, որ Լ. Տեր-Պետրոսյանը չէր հաղթելու, ու ինքն այնքան քաղաքական հոտառություն ունի և իր ստեղծած պետության մեխանիզմն այնքան լավ գիտի, որ պատվավոր կերպով կողքի կանգնեց: Նրա հետ մի ամբողջ էպոխա, ապազգային ՀՀՇ-ական գաղափարախոսությունը Հայաստանից դուրս է գալիս: Դա արդեն մեր նվաճումն է: Ճիշտ է, Բագրատյանը չի հաղթի, բայց եթե կարողանան ճշմարիտ ազատական գաղափարախոսություն վերադարձնել, փորձի հայկական ազատական գաղափարախոսության շարունակությունը դառնալ, ոչ թե ՀՀՇ-ի, նա շատ մեծ օգուտ կտա ՀՀ-ին: Դա մեր ժողովրդի և պետության հեռանկարը կլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31