Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Կոնգրեսի և ԲՀԿ-ի համագործակցությունն ավարտված չէ»

Դեկտեմբեր 25,2012 12:08

Հատված Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, նկարիչ Արման Գրիգորյանի հետ հարցազրույցից

ՀԱԿին հաճախ մեղադրում են համագործակցությունների մեջ։ Վերջին շրջանում հատկապես «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) հետ համագործակցությունը շատերի կողմից որակվեց՝ որպես չստացված։ Արդարացվա՞ծ եք համարում այս համագործակցությունը։

– Իհարկե։ Նախ՝ ես կարծում եմ, որ Կոնգրեսի և ԲՀԿ-ի համագործակցությունն ավարտված չէ, այն շարունակական է։ Եթե Գագիկ Ծառուկյանը չի դրել իր թեկնածությունը, սա դեռ վերջը չէ։ Իսկ ո՞վ էր սպասում, որ նա պետք է դնի իր թեկնածությունը։ Քաղաքական գործընթաց է սկսվել, որ դեռ շարունակվում է և կարող է հասարակության համար դրական արդյունք ունենալ։ Ի վերջո, ԲՀԿ-ն պոկվեց իշխանությունից և չմիացավ կոալիցիոն հուշագրին։ Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ:

Գործընթացը հետևյալն էր. քաղաքացիականից ԲՀԿ-ն փորձեց դառնալ քաղաքական ուժ։ Պարզ է, որ իշխանություններին հարկավոր են քաղաքացիական միավորումներ, ինչպես ՀՅԴ-ն ու այդ տիպի հռետորություն օգտագործողները։ Հենց սրանով եմ պայմանավորում հանգամանքը, որ ՀՀԿ-ն իր համագումարին հրավիրեց միայն Դաշնակցությանը։

Իսկ ինչո՞ւ են իշխանությանն անհրաժեշտ քաղաքացիական միավորումներ։

– Շատ պարզ պատճառով։ Նրանք վախենում են, որ մեր հասարակությունը կքաղաքականանա. չէ՞ որ քաղաքականությամբ զբաղվում են ազատ մարդիկ, իսկ 98-ից իշխանության եկած ուժը հստակ որդեգրել է հակաազատական՝ հետադիմական և կեղծ պահպանողական քաղաքական գիծ, որը նշանակում է՝ պահպանել սովետականը և դեռ դրանից էլ ավելի հետ գնալ։ Իսկ ինչպես հիշում եք, Խորհրդային Միությունում միակուսակցական համակարգ էր, և

հենց այդ միակ կուսակցության անդամներին էր վերապահված քաղաքականությամբ զբաղվելու արտոնությունը։ Մնացածը լավագույն

դեպքում թերություններ էին գտնում, բարձրաձայնում դրանց մասին,

հայտնում կուսակցության առաջնորդին, նա էլ ձեռնամուխ էր լինում դրանց լուծմանը։ Մի խոսքով, այսպես ասած՝ «չինական մոդել», սակայն մեզ հարկավոր է ճիշտ հակառակը՝ միակուսակցականությունից դեպի քաղաքականացված քաղաքացիական հասարակություն անցում։ Քաղաքականը վատ բառ չէ, չնայած իշխանություններն անընդհատ կոչ են անում՝ ոչինչ չքաղաքականացնել։

Կարծում եք՝ ԲՀԿն դարձե՞լ է քաղաքական ուժ։

– Եթե թույլ տան, չխանգարեն՝ կդառնա։ Մի քանի օր առաջ Հրանտ Տեր-Աբրահամյանը բանավիճում էր Դավիթ Սանասարյանի հետ ու վերջինիս մի պարզ հարց էր տալիս, ուղիղ չեմ մեջբերում, իմաստը սա էր, թե «ի՞նչն է քո շահը, որ ԲՀԿ-ն չլինի քաղաքական ուժ»։ Իսկապես՝ ինչի՞ էր ձեռնտու, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ էր, և ինչո՞ւ ձեռնտու չէ, երբ իշխանական մոնոլիտից պոկված է։ Այս տրամաբանությունն ինձ հասկանալի չէ։ Ես՝ իբրև կոնգրեսական, ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է, օրինակ, Ձեր կամ որոշ այլ մամուլի ներկայացուցիչների կողմից այնպես ներկայացվում, թե իբր հասարակությունը ցանկանում է ԲՀԿ-ին տեսնել կոալիցիայի անդամ և ոչ թե՝

անկախ քաղաքական միավոր։ Սա միայն այդ կուսակցության հարցը չէ. չէ՞ որ բոլոր սեփականատերերը՝ մանր ու միջին բուրժուաները և ոչ միայն իրենք, պետք է պաշտպանեն Սահմանադրությունը, հետևաբար՝ իրենք իրենց ու մնացած բոլորի իրավունքները։ Ժողովրդի ու ազգի մասին դատարկ ու ճռճռան խոսքեր հնչեցնելով՝ ոչ սեփականությունդ կպաշտպանես, ոչ էլ՝ անհատականությունդ։

Մի շարք հետսովետական հանրապետություններում նույն գործընթացն է. հետադեմները փորձում են վերադարձնել նախկին միակուսակցական համակարգը ու ղեկավարվող տնտեսությունը, իսկ առաջադեմները փորձում են պաշտպանել անկախությամբ ձեռք բերված ժողովրդավարությունն ու շուկայական տնտեսությունը։ Առաջադիմությունը և հետադիմությունը որոշվում են ընդհանուր նպատակին մոտ կամ հեռու լինելով, իսկ նպատակը, մեր դեպքում՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, գրված է Սահմանադրության մեջ։

ՀՅԴն էլ դուրս եկավ կոալիցիայից։ Եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, այն ևս քաղաքացիական էր, հիմա դարձել է քաղաքակա՞ն ուժ։

– Տրամաբանությունը հստակ է. դու զբաղվում ես քաղաքականությամբ, եթե պայքարում ես, որ վերականգնվի Սահմանադրական կարգը։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա ավանդույթով եկել է, որ Դաշնակցությունը քաղաքական ուժ է, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ այն գրեթե չի զբաղվում քաղաքականությամբ։ Բայց, քանի որ մենք ավանդույթներ սիրող ժողովուրդ ենք, երբեք չենք հարցնում ՀՅԴ-ին, թե՝ ի՞նչ քաղաքականություն եք իրականացնում։

Որտե՞ղ է իրենց քաղաքականությունը։ Իրենք էլ են կարծես միայն բարեգործությամբ զբաղված, ոչ թե Սահմանադրական կարգի վերահաստատմամբ, այսինքն՝ հետադեմ են։ Կան մարդիկ, միավորներ, որոնք հասարակության կողմից ավանդաբար ընկալվում են՝ որպես քաղաքականության մասնագետ, ասենք՝ Սերժ Սարգսյանը, որ սովետական նոմենկլատուրայից մնացած մարդ է, միշտ եղել է քաղաքականության մեջ։ Մարդկանց մեջ գործում են կարծրատիպերը։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն այնքան հետ է գնացել, որ այլևս նույն ՍՄԿԿ-ն է։

 

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31