Տրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են վճարել մի ծառայության համար, որի դիմաց ոչինչ չեն ստանում։ Խոսքը մասնավորապես մեքենաների տեխզննության մասին է։
Այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց, որ տեխզննության կտրոնը բանկից ստանալուց հետո պարտադիր չէ այցելել տեխսպասարկման կետ, բազմաթիվ սեփականատերեր դադարեցին օգտվել այդ ծառայությունից։ Թեեւ իրականում այն միշտ էլ ձեւական բնույթ է ունեցել։ Բոլորն էլ գիտեն, որ որպես այդպիսին Հայաստանում երբեք էլ տեխսպասարկման ծառայությունը չի գործել։ Պարզապես որոշակի վճարի դիմաց մարդիկ ձեռք են բերել տեխզննության կտրոն։
Այդ անօրինական վճարներից սեփականատերերին ազատելու նպատակով կառավարությունը որոշեց, որ տեխսպասարկման կետ այցելելն այլեւս պարտադիր չէ։ Բայց դա չխանգարեց, որ տեխզննություն իրականացնող կազմակերպությունները տարբեր եղանակներով շարունակեն անօրինական գումար կորզել սեփականատերերից։ Բանը հասավ այնտեղ, որ այդ առնչությամբ կառավարության նիստում հատուկ հայտարարություն արեց վարչապետը.
-Ես եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ, եւ պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որ նրանք գնան եւ մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ։ Բոլոր պետական մարմիններին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի հետեւում ստուգեն կնիքի առկայությունը։ Այդպիսի պահանջ չկա, եւ մեր քաղաքացիները, կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կարող են փակցնել մեքենայի վրա։ Սա է մեր պահանջը, որպեսզի զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից։
Այդպիսով, կտրոնը բանկից ստանալուց հետո պարզապես կարելի է փակցնել մեքենայի դիմապակուն եւ համարել, որ ամեն ինչ վերջացած է։ Դրանով անօրինական գանձվող գումարների խնդիրը կարծես լուծվեց։ Սակայն մարդիկ դադարեցին ընդհանրապես տեխսպասարկման կետ այցելել եւ օգտվել տեխզննության ծառայությունից, չնայած դրա դիմաց նախապես վճարել են։
Ինչպես հայտնի է, սեփականատերերը պարտավոր են վճարել 5,5 հազար դրամ, ինչի դիմաց կարող են տարվա ընթացքում տեխսպասարկման որեւէ կետում ստուգել մեքենայի տեխնիկական վիճակը։ Բայց դա չեն անում, որովհետեւ տեխսպասարկում իրականացնող ընկերություններն առիթը բաց չեն թողնում սեփականատերերից հավելյալ գումար գրպանելուց։ Դա էլ հանգեցրեց նրան, որ մարդիկ դադարեցին օգտվել նրանց ծառայություններից։ Դրա հետեւանքով առաջին հերթին տուժեցին տեխսպասարկման կետերը, որոնք զրկվեցին եկամտի հիմնական աղբյուրից։
Ստացվում է, որ մի կողմից տուժում են տեխսպասարկման կետերը, մյուս կողմից՝ սեփականատերերը, որոնք տրված գումարի դիմաց որեւէ ծառայություն չեն ստանում։ Այլ կերպ ասած, անիմաստ 5,5 հազար դրամ են վճարում պետական բյուջե։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գրանցված է առնվազն 400 հազար տրանսպորտային միջոց, ապա դրանց միայն կեսը տեխսպասարկման կայանների ծառայություններից չօգտվելու դեպքում, պետական բյուջեում լրացուցիչ ավելի քան 1 մլրդ դրամի մուտք է ապահովվում։
Փաստորեն այս ամենից շահում է միայն կառավարությունը, որն, այսպես ասած, օդից 1 մլրդ դրամի չծրագրված մուտք է ապահովում։ Դա էլ դարձել է այն հիմնական պատճառը, որ կառավարությունը մտադիր չէ հրաժարվել տեխզննության ծառայության համար գումարի պարտադիր վճարումից, որքան էլ տեխսպասարկման կետերին դիմող տրանսպորտային միջոցների սեփականատերերի թիվը նվազում է։
Համաձայն տրանսպորտի եւ կապի նախարարության, այս տարվա ինը ամսվա ընթացքում տեխսպասարկման կետերն անցկացրել են ընդհանուր առմամբ գրեթե 90 հազար տեխնիկական զննություն։ Այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում տեխզննություն էր անցել շուրջ 134 հազար տրանսպորտային միջոց։ Այսինքն՝ միայն այս տարի դրանց թիվը կրճատվել է ավելի քան 44 հազարով կամ մեկ երրորդով։
Լավագույն դեպքում մինչեւ տարեվերջ տեխզննություն անցնող մեքենաների թիվը կարող է հասնել 150 հազարի։ Իսկ դա նշանակում է, որ շուրջ 250 հազարն այդպես էլ չեն օգտվելու այդ ծառայությունից, թեեւ նախապես վճարել են դրա համար։
Այս թվերը մեկ անգամ եւս ցույց են տալիս, որ տեխզննության պարտադիր պահանջը ստեղծել է անհասկանալի իրավիճակ։ Մարդիկ վճարում են մի բանի դիմաց, որից չեն օգտվում։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ճիշտ կլիներ տրանսպորտային միջոցների սեփականատերերին ազատել այդ արհեստական ծանրաբեռնվածությունից։ Այն առնվազն պետք է գործի կամավորության սկզբունքով։
Առավել եւս, որ մեքենայի սարքինության ապահովումն առաջին հերթին սեփականատիրոջ պարտավորությունն է, եւ նա, անկախ պարտադիր լինել-չլինելուց, անհրաժեշտության դեպքում դա կանի։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Հայոց աշխարհ»