Եվրամիությունը ավելի ու ավելի բացահայտ է հայտարարում, որ Հայաստանը պետք է ընտրի կա՛մ Մաքսային միությունը, կա՛մ Եվրամիության հետ Համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունները, ինչպես հայտնի է, արդեն ընթանում են:
Եթե Եվրամիությունը կարճ ժամանակահատվածում մի քանի պաշտոնյաների, մինչև անգամ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի մակարդակով հայտարարում է նման դիլեմայի մասին, Հայաստանին դնում դրա առջև, նշանակում է, որ խնդիրը իրականում բավական սրված է, և Եվրոպան փորձում է այսպիսով կա՛մ Ռուսաստանին հասկացնել իր մարտական տրամադրվածության մասին, կա՛մ էլ Հայաստանի իշխանություններին հետ պահել որոշակի գայթակղությունից, թե կարելի է մանևրել Եվրոպայի և Ռուսաստանի միջև:
Իրականում Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ հենց դա էլ արել են, մշապես, բոլոր հարցերում մանևրել, լարախաղացի նման դեգերել են Արևմուտքի և Ռուսաստանի միջև, մեկով հավասարակշռել են մյուսին: Եվ հիմա, ըստ էության, Արևմուտքը բացահայտորեն ի ցույց է դնում դրա անհնարինությունը:
Կամ-կամ-ը, որ դրվում է հայաստանյան իշխանությունների առջև, իրականում ոչ միայն կոնկրետ Եվրամիության հետ համաձայնագրին կամ Մաքսային միությանն է վերաբերում, այլ, ըստ էության, հանդիսանում է Եվրոպայի զգուշացումը Հայաստանին, որ այլևս չեն հանդուրժելու լարախաղացային գործելաոճը: Այսինքն՝ Եվրոպան երկու լուրջ մեսիջ է հղում Հայաստանին երկու հարթության վրա՝ մեկը կոնկրետ իրողությունների մակարդակով, մյուսը՝ ընդհանրական քաղաքականության:
Կարդացեք նաև
Ինչ հետևություններ կանի Երևանն այս մեսիջներից՝ դժվար է ասել: Եթե այս ողջ գործընթացների առանցքում լիներ պետության շահը, ապա կարելի էր ենթադրել, որ հետևությունները պետք է լինեին Եվրամիության օգտին, քանի որ այս ուղղությամբ Հայաստանի զարգացման հնարավորություններն առավել մեծաթիվ են:
Սակայն Հայաստանի իշխանությունների գործողություններում առանցքը անձնական շահերն են, իսկ սա արդեն որոշակիորեն անկանխատեսելի է դարձնում իրավիճակը, և ելակետը դառնում է ոչ թե այն, թե որտեղից են գալիս հնարավորությունները, այլ այն, թե որտեղից են գալիս վտանգները: Ու այս իմաստով, ինչքան էլ ցավալի լինի զուտ պետական քաղաքականության տրամաբանության շրջանակում, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանի գործողություններում որոշիչը լինելու է այն, թե ով է ավելի շատ սպառնում իշխանություններին` Ռուսաստա՞նը, թե՞ Եվրոպան:
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»