Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ի ժամանակները վերջնականապես ավարտվեցին

Դեկտեմբեր 25,2012 11:44

Մեր աչքի դեմ ժամանակաշրջան է փոխվում, ՀՀՇ-ի ժամանակները վերջնականապես ավարտվեցին փաստորեն (խոսքը կառույցի մասին չէ ֆորմալ առումով): Եվ ոչ միայն: Մյուս քաղաքական ուժերն էլ վերադասավորում են ուժերը, փորձելով նոր դիմագիծ ձեռք բերել եւ հասկանալով, որ նախագահական ընտրություններից հետո ոտք են դնելու դեպի ապագա միտող նոր ժամանակաշրջանի մեջ:

ՀՀՇ 17-րդ համագումարին նախկինում բազմաթիվ բարեկամ քաղաքական ուժեր եւ անձինք ներկա չէին: ՀՀՇ համագումարից եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից սպասում էին առաջադրման կամ չառաջադրման որոշում, բայց նա այդ որոշումը հետաձգելով այսօր-վաղվա, որոշեց խոսել ազգը ռուսամետների եւ արեւմտամետների բաժանող «որոշ անպատասխանատու մարդկանց մասին» ու Հայաստանի, հայ ժողովրդին երկու մասի բաժանելը Սահմանադրությանը դավաճանություն եւ խառնակչությամբ զբաղվել որակելով: Այսինքն ըստ էության խոսելու փոխարեն` նա խոսքը գցեց կտուրը, քանի որ ով-ով, նա ամենից լավ է հասկանում, որ ընդդիմության դիմագիծն ու կազմությունը փոխվում են, եւ իշխանությունն էլ, Սերժ Սարգյանի առաջադրումով եւ հաղթանակով վերջին անգամ է այս տեսքով գեներացվելու (սա բացահայտ նշել էր Արամ Զ.Սարգսյանը. նա վախենալու բան չուներ):

Մինչդեռ Տեր-Պետրոսյանն այդպիսի բան խոստովանելով` ստիպված էր խոստովանել արմատական ընդդիմության վերջնական ֆիասկոն (խորհրդարանական ներկայությունն է միայն սրտի մխիթարանք մնում) եւ այն, որ նա առաջարկում է փաստորեն առաջիկա երկար տարիների պայքարի համար դիրքավորվել, քանի որ այս նախագահական ընտրություններից սպասելիք չկա: Ու, բնական է, որ նա խոսում էր ազգը ռուսամետների եւ արեւմտամետների բաժանող ինչ-որ վիրտուալ, ամբիցիաներով տառապող մարդկանց արկածախնդրական գործունեության մոտիվացիայի մասին, դա ավելի շատ գործակալական կողմնորոշում անվանելով, քան թե քաղաքական կամ արժեքային: Նույն կերպ անվանեց եւ արեւմտամետություն, եւ ռուսամետություն քարոզողներին. «Մենք ոչ արեւմտամետ պիտի լինենք, ոչ ռուսամետ, միակողմանի կոմնորոշումը որեւէ ազգի դեռ բարիք չի բերել, որովհետեւ ստեղծել է որոշ բարեկամներ, բայց ստեղծել է նաեւ բազմաթիվ թշնամիներ…Հայաստանը պետք է ոչ թե արեւմտամետ կամ ռուսամետ լինի, այլ` չպետք է լինի հակաամերիկյան կամ հակառուսական»:

Հետաքրքական է, թե հատկապես ո՞ւմ են ուղղված այս խոսքերը, երբ իշխանությունն էլ համարյա նույնն է ասում եւ ճղվում է, որ սա իրականացնի: Ճղվում է, որովհետեւ վերջին շրջանում մի կողմից եՄ-ն է խոսք հասկացնում, մյուս կողմից ռուսներն են Մաքսային միությունը աչք խոթում. «Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր եւ նրան դարձնել նախագահ… Զրոյից որեւէ բան արտաքին ուժերը չեն կարող ստեղծել: Այստեղ էլ կան ինչ-որ ուժեր, որոնց թվում է, թե եթե լեզու գտնեն ինչ-որ արտաքին ուժերի հետ, այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան, նախ այստեղ լիդեր դարձի, հետո արտաքին ուժերի հետ լեզու գտիր»: Ուրեմն` Րաֆֆուն, Բագրատյանին (այս երկուսը արեւմտյան կողմնորոշման լիդեր են համարվում), ու ԲՀԿ-ին (որն ավանդաբար ռուսական կողմնորոշման ուժ է ըստ որոշ վերլուծաբանների եւ Տեր-Պետրոսյանի այս ելույթից երեւում է, ուրեմն, որ ԲՀԿ-ն դեռ անսպասելիության ռեսուրս ունի իր մեջ, ռուսամետ թեկնածուի հարցը դեռ բաց է):

Ովքե՞ր են գործակալները, գուցե սա էլ անվանապես ասեր ու չտանջեր:

Ու այստեղ հասկանալի է դառնում, թե ինչու են ասվել ելույթի սկզբնամասի այն խոսքերը, երբ որոշելով պարզություն մտցնել` Տեր-Պետրոսյանն ասում էր. «Երբ պետք է` իրար կոկորդ խեղդող, տասնամյակ ներհոշոտող ուժերը կարող էին միավորվել երրորդ` ավելի ուժեղ ուժի մեջ, ինչպես եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»: Հավանաբար ԲՀԿ-ի հետ գործակցության ցանկությունն էր արդարացնում` հավելելով. «Այստեղ ոչ մի կապ չունեն ոչ գաղափարախոսությունը, ոչ արժեքները, քանի որ քաղաքական դաշինքները եւ համագործակցությունը թելադրված են բացարձակ պրագմատիզմով»:

Սակայն Տեր -Պետրոսյանը չի կոնկրետացրել, թե ո՞նց վարվենք եվրասիական, Եվրոմիության երկուստեք պահանջների հետ` ընդդիմության ղեկավար լինելուն հավակնողը նախ այս իրավիճակում դիրքորոշո՛ւմ պետք է առաջարկի, ոչ թե գործակալների մասին խոսի:

Իսկ մտադրություն չհայտնելով` մեծ խաղի մի մասնիկն է դառնում, ըստ որի ամեն ինչ Նոր տարու մեջ լուծվելու եւ մոռացվելու է, իր չառաջադրումը եւս, եւ առաջադրման ու գրանցման ժամկետի համընկնումն էլ տոներին հատուկ բստրվել է երեւի, որ կազուսները ժողովուրդը հեշտ տանի` զբաղված լինելով բդով եւ խմիչքով:

Իսկ իր առաջադրման հետ կապված սարկազմն էլ գուցե, այնուամենայնիվ, ճշմարտության ինչ-որ պստիկ դոզա ունի իր մեջ` «դաբրո չստացածի». «Ես հուսախաբ եմ անելու, ես չեմ ասելու ձեզ: Ես սպասում եմ, դիմել եմ գերտերություններին, մինչեւ պատասխան չստանամ, չեմ դնելու: Ուրեմն մի երկու օր էլ սպասեք, բոլոր գերտերությունները խոստացել են երկու օրից պատասխանել, դուք էլ երկու օրից կստանաք»:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31